Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում 2008 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Հարոլդ Ցուրհաուզենը, Ֆրանսուա Բարրե Սինուսին եւ Լյուկ Մոնտանիեն: Այդ մասին երեկ Ստոկհոլմում հայտնել է Կարոլինյան ինստիտուտին առընթեր Նոբելյան կոմիտեն: Առաջիկա օրերին հայտնի կդառնան դափնեկիրների անունները նաեւ մյուս բնագավառներում: Այսօր Շվեդիայի մայրաքաղաքում կհայտարարվի կոմիտեի որոշումը ֆիզիկայի, հոկտեմբերի 8-ին՝ քիմիայի, հոկտեմբերի 9-ին՝ գրականության վերաբերյալ: Հոկտեմբերի 13-ին հայտնի կդառնա տնտեսագիտության բնագավառի մրցանակակրի անունը: Եվ վերջապես հոկտեմբերի 10-ին Օսլոյում կհրապարակվի խաղաղության մրցանակակրի անունը: Յուրաքանչյուր մրցանակի չափը կկազմի 10 մլն շվեդական կրոն (շուրջ 1,4 մլն դոլար):