«Արգելվում է այն դեղամիջոցների, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների
գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում: Դրանց
ցանկը հաստատվում է ՀՀ կառավարության կողմից»,- սահմանված է «Գովազդի
մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետում:
Այսինքն՝ զանգվածային լրատվության միջոցներով (ԶԼՄ) թույլատրվում է
գովազդել այնպիսի դեղեր, որ հիվանդը գովազդի օգնությամբ կարողանա դեղի
ընտրություն ինքնուրույն կատարել: Սակայն այսօր ԶԼՄ-ներով դեղերի գովազդն
իրականացվում է անբարեխղճորեն եւ անօրինական: Արդյունքում` մարդիկ
զբաղվում են ինքնաբուժմամբ, ինչի հետեւանքով դեղն օգտագործվում է ոչ
նպատակային: 1998թ. ընդունված «Դեղերի մասին» օրենքի 11-րդ հոդվածով եւ
նոր մշակված ու արդեն Ազգային ժողովի մեծ օրակարգ անցած «Դեղերի մասին»
նոր օրենքով` «Բնակչությանը կարող են գովազդվել այն դեղերը, որոնք
ընդգրկված են «Առանց դեղատոմսի տրվող դեղերի» ցանկում»: Դեղերի գովազդի
տարածման միջոցների եւ գովազդատուների գործունեության
ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գովազդվող դեղերի 90%-ը
դեղատոմսով բաց թողնման ենթակա դեղեր են, որոնց գովազդն արգելված է
վերոնշյալ 2 օրենքներով:
Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների բժշկագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ
Ղազարյանը տեղեկացրեց, որ դեղերի գովազդը միջազգային դեղագործական
շուկայում կարգավորվում է օրենսդրական, ենթաօրենսդրական եւ
ինքնակարգավորման մակարդակներում: Միաժամանակ գորություն ունեն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեղերի շուկա առաջմղման
էթիկական չափանիշներ, որով էլ առաջնորդվում են բոլոր դեղ արտադրողները եւ
իրացնողները: Սակայն Հայաստանում ոլորտը, մեղմ ասած, «կարգավորում են»
միայն վերոնշյալ 2 օրենքները:
Դեղերի գովազդի տարածման միջոցների ուսումնասիրությունները ցույց են տվել,
որ Հայաստանում դեղարտադրողները եւ իրացնողները բնակչության շրջանում
դեղեր գովազդելիս նախընտրում են ռադիոհեռուստատեսությունը՝ 85%:
Ամենատարածվածը՝ 70%, հեռուստագովազդն է, որին զգալիորեն զիջում են
ռադիոգովազդը՝ 22% եւ տպագիր մամուլը՝ 5%: Մեր մեկամսյա դիտարկումները
ցույց տվեցին, որ հեռուստառադիոեթերով դեղերի գովազդը հիմնականում
անօրինական է կատարվում: Այսինքն՝ հիմնականում գովազդվում են այնպիսի
դեղեր, որոնց օգտագործման համար անհրաժեշտ է միայն ու միայն բժշկի
դեղատոմս: Մասնավորապես, «Ռուսսկոյե ռադիո»-ով հնչած գովազդը
իմպոտենցիայով տառապող տղամարդկանց կոչ է անում գնել եւ օգտագործել
«Սիալիս» դեղը՝ հիվանդությունը վերջնականապես բուժելու համար:
Մասնագետներն իրենց հերթին փաստում են, որ եթե իմպոտենցիայի նշաններ
ունեցող 60 տարեկան տղամարդը ընդունի նշված դեղը, նրա մոտ կսկսվի ուժեղ
արյունահոսք դեպի ուղեղ, ինչի արդյունքում՝ կաթվածի առաջացման վտանգ կա:
Նույն ռադիոալիքով առաջարկվում է բորբոքել սիրո կրակը՝ ընդունելով
«Լեւիտրա»: Վերջինս, ի դեպ, նույնպես պետք է ընդունել միայն բժշկի
ցուցումով: Հայկական հեռուստաալիքներով հայ հասարակությանը մատուցվող
դեղերի անօրինական գովազդը ռուսական հեռուստաալիքներով հնչող գովազդների
ուղղակի թարգմանությունն է:
Ի դեպ, որոշ մասնագետների կարծիքով՝ Ռուսաստանում դեղերի գովազդը
կարգավորված չէ: Մասնավորապես, Ռուսական 1-ին ալիքի «Բարի Առավոտ»
հաղորդումը 3 րոպեով ընդհատելիս հնչեց 3 այնպիսի դեղերի գովազդ, որոնց
կիրառումը պահանջում է բժշկի հատուկ ցուցում: Դրանք էին «Սինուպրետը»,
«Տերաֆլյուն» եւ «Գաստալը»: Օրինակ, «Տերաֆլյուն» հակացուցված է շաքարային
դիաբետ, արյան բարձր ճնշում եւ լյարդի ու երիկամների հիվանդություններ
ունեցող հիվանդների, ինչպես նաեւ՝ մինչեւ 15 տարեկանների համար:
Հատկանշական է, որ ռուսական հեռուստաալիքով հնչող գովազդները չէին
ընդհատվում հայկական գովազդով, ինչպես դա արվում է երեկոյան ժամերին:
«Գովազդի մասին» օրենքն Առողջապահության նախարարությանն իրավունք է
վերապահում թույլատրել ցանկացած դեղի գովազդ, որն ընդգրկված է «Առանց
դեղատոմսի տրվող դեղերի ցանկում»: Առողջապահության փոխնախարար Թաթուլ
Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ 2004-ին դեղեր գովազդելու թույլտվություն
ստանալու վերաբերյալ հայտ Առողջապահության նախարարությանը (ԱՆ) ոչ մի
կազմակերպություն չի ներկայացրել: 2003-ին ԱՆ-ն ստացել է միայն 1 հայտ դեղ
գովազդելու թույլտվությամբ:
Ուսումնասիրություններ են կատարվել նաեւ Հայաստանի 20 դեղատներում:
Արդյունքում՝ գրանցվել են այնպիսի դեպքեր, երբ եղել են ուղղակի գովազդային
վահանակներ, պաստառներ, ազդագրեր՝ 90%, որոնցում գովազդվող դեղերի 60%-ը
դեղատոմսային դեղեր են եղել: Սակայն դրան հակառակ՝ թույլ է գործել դեղերի
անուղղակի գովազդային համակարգը (2%)՝ վերապատրաստումներ, մրցույթներ,
զեղչեր եւ այլն:
Ի տարբերություն Հայաստանի, եվրոպական երկրներում դեղերի գովազդի
հսկողությունը շատ խիստ է: Կիրառվում են մեծ չափերի պատժամիջոցներ,
ընդհուպ՝ մինչեւ ազատազրկում: