Միրոսլավ Կրլեժա (1893-1981)

08/10/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Ինչպես ժամանակին գրում էր Դանիլո Կիշին նվիրված իր էսսեում սերբ գրող Ալեշ Դեբելյակը, Բալկանները ոչ միայն լեռնային թերակղզի է Եվրոպայի հարավ-արեւմուտքում, որը չունի բնական սահմաններ Արեւմտյան Եվրոպայի հետ, եւ կրում է մի անուն, որը նրան հարմարեցրել էր գերմանացի աշխարհագրագետ Ավգուստ Ցոյնեն`աշխարհագրական գիտության հիմնադիրներից մեկը, ով իր հերթին հետեւում էր թուրք քարտեզագրի նենգաձեւված գրառումներին:

Ինչեւէ, վերջին երկու դարերի ընթացքում, սահմանների Հաբսբուրգյան, Օտոմանյան եւ Հարավսլավական`բիրտ ճնշման եւ արեւմտյան տերությունների սատարման քողի տակ`բռնի վերաձեւումներից հետո, Բալկանները` նաեւ անսանձելի եւ նախնադարյան ոգու յուրահատուկ մի կազմավորման հարմար եւ շահարկելի փոխաբերություն է, որը չի տրվում նորագույն բանականության ազդեցությանն ու շատ հաճախ նաեւ ընկալմանը, եւ Բալկանների խառնաշփոթը կարելի է համեմատել միայն լատինաամերիկյան իրականության եւ գրականության ծաղկման ու իրարամերժ վայրիվերումների հետ:

Ինչպես նկատել է ճանապարհորդներից մեկը, կյանքի եւ մտքի «եվրոպական» հմտություններն ու վարժանքը հասու չեն մարդկանց «այնտեղ»` Բալկաններում: Սակայն որտեղ է գտնվում այդ «այնտեղը»: Արդյո՞ք այն սկիզբ է առնում զագրեբյան «Էսպլանադա» հոթելի հարավային ծայրից, ինչպես սրամտորեն նկատել է մեծագույն խորվաթ արձակագիր, բանաստեղծ եւ դրամատուրգ Միրոսլավ Կրլեժան, ում կողքին այդ շրջանի հարավսլավացի գրողներից կարելի է դնել, թերեւս, միայն Իվո Անդրիչին, ում սեփականաշնորհելու իրավունքները մինչեւ այժմ դեռ վիճարկում են սերբերը, խորվաթներն ու բոսնիացիները, եւ ում եւ Միրոսլավ Կրլեժային միավորում է, առաջին հերթին, դժբախտությունների ճակատագրառաք ընկալման մորմոքուն ու հորդահոս խառնուրդը, ու նաեւ, երեւի, բանաստեղծ, նկարիչ ու արվեստաբան Լյուբոմիր Միչիչի բանաձեւած «բարբարոս հանճարը»:

Խորվաթ դասականը վաղուց ի վեր թարգմանվել ու թարգմանվում է ռուսերեն, եւ նույնիսկ`բեմադրվել ու բեմադրվում է: 70-ական թվականներին Վախթանգովի անվան թատրոնում բեմադրվեց Կրլեժայի «Պարոններ Գլեմբաիները» պիեսը, իսկ 1979-ին՝ իրականացավ «Հոգեվարք» դրամայի ներկայացումը, տպագրվեցին բանաստեղծությունները, վիպակները, պատմվածքները, էսսեներն ու հոդվածները: Դեռեւս 1969 թվականին ռուսերեն լույս էր տեսել նրա լավագույն վեպերից մեկը`«Ֆիլիպ Լատինովիչի վերադարձը», որի հերոսը նկարիչ էր`ընտանիքի եւ հասարակության անառակ որդին, ով Արեւմտյան Եվրոպայում քսան տարի դեգերելուց հետո վերադառնում է հայրենիք, հուսալով այնտեղ գտնել հոգեկան հավասարակշռությունը եւ հայտնվելով առավել քան հեղձուցիչ ու անտանելի մթնոլորտում: Պատումի յուրահատուկ ռիթմն ու հագեցածությունն ինչ-որ բանով հիշեցնում է բարոկկոյի հին վարպետների ոլորապտույտ ու բազմածալ ստեղծագործությունների, ինչպես նաեւ՝ իսպանական նեոբարոկկոյի վարպետ Խուլիան Ռիոսի այլաբանական վեպերի ռաբլեական կառնավալը: Ստեղծագործության բնույթի, արվեստի փիլիսոփայության ու կյանքի մասին խոհածությունները ներկայացնում են նաեւ ամենաաննկարագրելին` հենց ստեղծագործական պրոցեսը, որպես վիթխարի տարերային ալեպտույտ, եւ նկարչի տեսողական, հաճախ քաոտիկ տպավորությունները փոխադրվում են գեղարվեստական խոսքի ոլորտը:

«Ֆիլիպ Լատինովիչի վերադարձը» դարձավ խորվաթական գրականության ամենամեծ երեւույթներից մեկը, որով հեղինակը դասվեց 20-րդ դարի ամենաերեւելի գրողների շարքում:

Միրոսլավ Կրլեժան տպագրվում էր նաեւ ռուսալեզու տարատեսակ ամսագրերում, եւ նրա մասին գրվում եւ դեռ շարունակում են գրվել տարաբնույթ մենագրություններ ու հոդվածներ:

Սակայն կա մի գիրք, որը Զագրեբից սկսյալ մինչեւ Մոսկվա՝ մնում էր անհայտ ու փակի տակ: Եվ եթե այնտեղ, ժամանակ առ ժամանակ, տարբեր ամսագրերում հայտնվում էին կցկտուր հատվածներ այդ գրքից, ապա Մոսկվայում այն մոտ 80 տարի լռության էր մատնված:

Եվ ահա վերջերս` 2005 թվականին, ռուսական «Գելեոս» հրատարակչությունը լույս ընծայեց Միրոսլավ Կրլեժայի թերեւս ամենաուշագրավ երկերից մեկը` «Ուղեւորություն Ռուսաստան» բացառիկ ասք-հուշագրությունը: Գիրք, որի հայտնությունից հետո Ռուսաստանում Կրլեժայի վրա արգելք էր դրված, եւ որն իր ահաբեկիչ ազդեցությամբ ու հարուցած զայրույթով համեմատելի էր, թերեւս, միայն Աստոլֆ դե Կյուստինի եւ Անդրե Ժիդի ուղեգրությունների հետ: Տաբուն, որ դրվել էր այդ ստեղծագործության վրա`բացարձակ էր:

Ինչպես նշում է գրականագետ Լեւ Անենսկին, 1925 թվականին մեծ խորվաթի տեսած Ռուսաստանը, անշուշտ, չի հանգեցվում գայլերին ու սամովարներին:

Անհնար է ետ կենալ Միրոսլավ Կրլեժայի տեքստի տտիպ խտությունը հաղորդելու գայթակղությունից. «Երկիրը, ամենածանր երկնային մարմիններից մեկը, միգամածություններով պատված, դանդաղ շրջվում է մի դարձապտույտ`քսանչորս ժամվա ընթացքում: Անշտապ իր պտույտն է կատարում ծանր ամպերով պատված երկիրը`մշուշի միջից նշմարվում են հերկած դաշտերը, արմատախիլ անտառները, եւ սարդոստայնով`հազիվ նշմարելի քաղաքակրթության ընդհատ թելակերպ հետքերը, թխաթույր-կանաչ մայրցամաքները, երկնագույն օվկիանոսները, շոգենավերի երթուղագծերը, ջրանցքների ուրվագծերն ու երկաթուղիների կիտուկները: Առաջընթաց: Բոլոր այդ գծերի եւ գծիկների երկայնքով ինչ-որ շարժում է զգացվում, իր ետեւից արյան ալ հետքեր թողնող իրարանցում: Իսկ այդ ընթացքում Կրեմլի Անդրեւյան բարձունքից մարդիկ խոսում են առ մթությունը, ու բառերը նրանց պոկվելով անտենաներից՝ ցաքուցրիվ են լինում ողջ միգամած երկրագնդով մեկ, հանց փարոսի սուլոցներ»:

Ինչպես նկատել է Լեւ Անենսկին, հատվածների եւ եզրերի կեսից ավելին հարկ է վերծանել, որոնց պատճառով Կրլեժայի գրքի շատ հատվածներ սառցե ջարդուկների տեսք են առնում եւ ընկալվում են որպես հուշարձան՝ 20-րդ դարի բորբոքուն սկզբին, որը վերածվեց արյան գետերի, որ նզովքով լուծարվեց 21-րդ դարի նախաշեմին, որպես պատրանք, մտախաբություն եւ ուտոպիա:

Ահա մի հատված եւս. «Լենինը, պատմության այդ ամենավիթխարի հիպնոսարարըգ Նրա վառվռուն սեւ աչքերով ու վավաշոտ ներքնաշուրթով թաթարական գլուխը ձեզ է նայում կարմիր շրջանակով մեդալիոնից»:

Միրոսլավ Կրլեժան հայտնվեց Մոսկվայում Լենինին դամբարան դնելուց քիչ անց` ՆԷՊ-ի ծաղկման եւ Կոմինտերնի հինգերորդ կոնգրեսի անդուլ աշխատանքի օրերին: Նա Խորհրդային Միությունում անցկացրեց մոտ հինգ ամիս, այլ արտասահմանցի «ձախ» ինտելիգենտների հետ, իսկ մեկ տարի անց` 26 թվականին, իր գրառումները ժողովեց մի գրքում` «Ուղեւորություն Ռուսաստան» վերտառությամբ, որից հետո 20-րդ դարի մեծագույն խորվաթ գրողի անվան վրա ինչ-որ մռայլ ստվեր ընկավ, ասես դամբարանում պառկած իր նկարագրած առաջնորդի չարագույժ ստվերը. «Լենինի դամբարանն այսօր Մոսկվայի կենտրոնն է: Կանայք եւ երեխաները, ծերերն ու զինվորները, չքավորներն ու սարկավագները: Նրանք ամենքը կանգնած են անձրեւի տակ, քամահալած, սպասելով մտնելու եւ ննջեցյալին գլուխ տալու իրենց հերթինգ Լենինը դեղին, զմռսված, իր շիկահեր մորուսով, պառկած է ապակյա դագաղում, սովորական աշխատավորական վերնաշապիկով, բռունցքը սեղմած եւ շուրթերի արանքում հեգնական ժպիտը պահած: Մոմաշեն, անշարժ Լենինը, անպարզ կարմրավուն լուսավորության ներքո. մի կողմից՝ բարբարոսական համացուցարանի տպավորություն է ստեղծում, մյուս կողմից՝ այդ ամենի մեջ այնքան Արեւելք կա, այնքան ասիական, ռուսական, սահմռկելի խորհրդածիսություն, որ փչում է ռուսական հինավուրց եկեղեցիների ծխահար ու խոնավ պատերից, այն ծիսախորհրդից, որը համարյա անհասանելի է 20-րդ դարի մատերիալիստորեն մտածող մարդունգ Փայտյա Դամբարանում, գետնի տակ չորս մետր խորության վրա, տնային ջերմաստիճանում, ուր կարմիր մահուդի վրայով շարժվում են գլխաբաց մարդիկ, իրենց հայացքներն ուղղած մեռյալի լերկ գանգին, ում ռունգերը յուղափայլում են այնպես, ասես նա հենց երեկ է մեռել` հրաշք է կատարվում: Իր մահից հետո նա առաջվա պես ագիտացիա է անում, նա գործում է իր կուսակցության շահերից ելնելով»:

Ռուսաստանում տեսածը Միրոսլավ Կրլեժային շվարածության մեջ է նետում, եւ երբեմն արդեն չես հասկանում, թե ինչն է նրա նկարագրություններում գերակայում`մտապատկերում եղած հիացմունքին միախառնված անթաքույց քննադատականությո՞ւնը, թե՞ ակնկալելի ցնծությանը միախառնված խորշանքը, ասես ուտիճ տրորելիս, «Նոր խորհրդային կարգի բոնապարտիստական ծնունդը»: Ինչպես եւ Անդրե Ժիդը, որ պիտի Ռուսաստան այցելեր նրանից հետո ու գրեր «Վերադարձ ԽՍՀՄ-ից» տխրամած գիրքը, Միրոսլավ Կրլեժան գալիս էր Մոսկվա վիթխարի ուտոպիայի պատրանքով արբած, իսկ իրականությունը ոչ միայն ակնկալիքներից շատ հեռու էր, այլեւ անպատկերացնելի:

Կրլեժան, ըստ սեփական խոստովանության, սպիտակի եւ սեւի խաղում, մշտապես տեսնում էր աշխարհը ավելի շատ սեւի մեջ: Ինչպես մատնանշել է նրա հետազոտողներից Գալինա Իլյինան՝ «Եթե նպատակադրվենք եւ Ռուսաստանի նկարագրության մեջ առանձնացնենք վճռորոշ բառերը, ապա, ինձ թվում է, դրանցից մեկը կլինի «ժալոստանը»`այդպես է այն հնչում խորվաթերեն: Տարբեր համատեքստերում այն կարելի է թարգմանել, որպես «դառնալի», «տրտմալի», «վշտալի»: Այդ մակդիրը նրա ճամփորդության ուղեկիցն է ողջ ուղեւորության ընթացքում: «Իմ առաջին այցը Մոսկվա տրտմալի էր,- գրում է Կրլեժան,- հենց ես ոտք դրի մոսկովյան հողին, ապա մեկեն, հենց առաջին պահին, կայարանի աստիճաններին զգացի տրտմության բույրը: Քաղաքում առաջին պատահածները`սեւազգեստ մի կին էր ու սեւ կապայով սեւամորուս դագաղագործը` ճերմակ դագաղը ծնկներին: Նրանք հրդեհի ու մահվան դիվային տպավորություն թողեցին»:

Եվ այնուհետեւ մի այլ տեղ շարունակում է. «Պուգաչովից մինչեւ դեկաբրիստները, Ռադիշչեւից մինչեւ Չաադաեւը, Գերցենից եւ Չերնիշեւսկուց մինչեւ Դեբորինը, Բուխարինն ու Բրունշտեյնը, չի եղել ռուս մի մարդ, ով հոգու խորքում չի զգացել անհատակ մի նողկանք առ ռուս իրականությունը»:

Հետաքրքիր է, արդյոք Կրլեժան կարդացել էր Կարամզինի «Ռուս ճանապարհորդի նամակները» եւ հատկապես այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչի՞ց է, որ Ռուսաստանի սահմանով «այնտեղ» սավառնող թռչնակները բերկրալի ծլվլում են, իսկ «այստեղ» ժամանողները`տրտմալի լռում:

Ինչպես ճշմարիտ «զգայուն սլավոնացի»՝ Կրլեժան զգում է Եվրոպայի վերջն ու Ասիայի սկիզբը դեռեւս Զագրեբի ծայրամասում` Մաքսիմիչի եւ Չուլինչի արանքում. «Ասիան`գնչուական երաժշտության, կեղտոտ զուգարանների, պետական սահմանների գոտին է, ուր ձեռագրերը համարվում են մաքսանենգություն»: Ինչ-որ ծանրաթաթ ու ալարկոտ-անգույն ասիականություն նա տեսավ եւ Ռուսաստանում:

Գրքում առանձնակի ուշադրության արժանի են նաեւ Կրլեժայի Վիեննա, Բեռլին, Լիտվա եւ այլուր կատարած ճամփորդությունների նկարագրությունները, ուր կան շատ նրբին ու հստակ դիտարկումներ ու ձեւակերպումներ, ինչպես, ասենք, այն ժամանակվա Լիտվայի բնութագիրը. «Լիտվան` դա ռուսա-լեհա-գերմանա-լիտվա- հրեական հակասությունների կաթսա է»:

Լինելով շատ բարդ ու հակասական գրող եւ մարդ՝ Միրոսլավ Կրլեժան երբեք չկորցրեց մանկական անմիջականությունն ու անկեղծությունը, ինչը որ վկայում է վերջին շրջանում օրագրում արած հետեւյալ գրությունը. «Գրողըաչք եւ ականջ է: Սակայն նա ասես հայելի լինի, որ արտացոլում է լույսի շողերը: Հարցականի տակ դնել նրա ընկալումը՝ նույնքան անիմաստ է, որքան անիմաստ է կասկածելը ծովախեցու մեջ ալիքների խշշոցը լսող երեխայի սուբյեկտիվության ճշմարտությանը»: