Հանդիպել է Յովանովիչին

06/10/2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանին ամերիկյան կառավարության աջակցության շարունակման խնդրին: Տ. Սարգսյանը հույս է հայտնել, որ նոյեմբերին ՀՄ կորպորացիայի Տնօրենների խորհրդի նիստում այն դրական լուծում կստանա: Ի պատասխան, Մ. Յովանովիչն ասել է, թե ԱՄՆ-ում շատ տպավորված են ընթացիկ տարում սեփական ռեսուրսների հաշվին ՀՀ-ի իրականացրած այն շինարարական աշխատանքներով, որոնք ընդգրկված էին աջակցության ծրագրում։

«Դա ցույց է տալիս, որ Հայաստանում իսկապես մեծ պատասխանատվություն կա ծրագրի կատարման նկատմամբ»,- ասել է Յովանովիչը` հավելելով, թե ԱՄՆ-ը կցանկանար նույնպիսի նվիրվածություն տեսնել նաեւ երկրում ներքին խնդիրների լուծման գործում: Այդ առումով, նա ԱՄՆ կառավարության եւ ժողովրդի մտահոգությունն է փոխանցել մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով ձերբակալությունների կապակցությամբ` հույս հայտնելով, որ դատական գործընթացը հնարավորինս կշռադատված, թափանցիկ եւ առավելագույն կարճ ժամկետում կիրականացվի: