Գիտի, թե ով է կանգնած ետեւում

06/10/2008

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունից, թե մամուլին պետական աջակցությունը ոչ միշտ է եղել արդյունավետ, մեր տեղեկություններով, մարզային թերթերի խմբագիրները եզրակացրել են, թե տվյալ հանձնաժողովն ընդհանրապես դեմ է, որ պետբյուջեով ֆինանսավորվի մարզային մամուլը։ Հարցին, թե` մարզային թերթերի խմբագիրների մտահոգությունը տեղի՞ն է, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Զարմանում եմ, որ իմ խոսքից հնարավոր էր եզրակացնել, թե ես դեմ եմ մարզային մամուլի կայացմանը։ Չնայած, հասկանում եմ նաեւ, թե կոնկրետ ո՞վ է փորձում թյուրիմացության մեջ գցել մարզային մամուլի խմբագիրներին եւ ո՞վ է կանգնած վերջիններիս հայտարարության ետեւում։ Դա, իհարկե, մշակույթի նախարարը չէ։ Իսկ իմ հայտարարության մտահոգությունը մեկն է՝ որ առավել նպատակային ծախսվեն բյուջետային միջոցները թե՛ մամուլի եւ թե՛ գրահրատարակչության ոլորտում։ Ինչ վերաբերում է մարզային մամուլին, ապա ես գտնում եմ, որ այն միջինացված գումարը՝ յուրաքանչյուր թերթին մոտավորապես 500.000-ական դրամ, ուղղակի չի կարող նպաստել մարզային մամուլի կայացմանն ու գոյատեւմանն ընդհանրապես։ Եվ նաեւ դա է պատճառը, որ շատ դեպքերում գումարը չի ծառայել իր նպատակին։ Նախ, գումարի չափը պետք է մեծացվի, եւ երկրորդ՝ պետք է առավել հստակ լինեն այն սկզբունքներն ու չափորոշիչները, որոնց հիման վրա բաշխվում է բյուջեն։ Եվ եթե մարզային թերթերի խմբագիրներն ունեն առաջարկներ, ապա պատրաստ ենք լսել նրանց բոլոր առաջարկները»։