Չեն անհանգստանում, բայց….

06/10/2008

«Ոչ դա մեզ չի անհանգստացնում»,- երեկ Երեւանում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ի պատասխան հարցին՝ արդյո՞ք ՌԴ-ին չի անհանգստացնում այն, որ Հայաստանը մտադիր է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: «Մենք նույնպես պահպանում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հարաբերությունների մեր ձեւաչափը, ունենք ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդ, որը շարունակում է գոյություն ունենալ, հանդիսանում ենք Եվրատլանտյան գործընկերության խորհրդի անդամ` ինչպեսեւ Հայաստանը»,- ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ս. Լավրովը: «Համոզված ենք, որ եթե ՆԱՏՕ-ն, ինչպես հայտարարել է, իրոք մտադիր է վերափոխվել կազմակերպության, որը գործընկերների հետ միասին պայքարելու է նոր սպառնալիքների եւ մարտահրավերների դեմ, ապա ոչ մի վտանգ դրանում չեմ տեսնում»,- իր այնքան ոչ արժանահավատ պնդումը փորձել է հիմնավորել ՌԴ արտգործնախարարը` ավելացնելով, որ վտանգն «արհեստականորեն, ոչ մի ձեւով չհիմնավորված եւ իրական սպառնալիքների հետ որեւէ կերպ չառնչվող ՆԱՏՕ-ի մեխանիկական տարածումն է դեպի Արեւելք` տարածքների յուրացման տրամաբանությամբ»: «Այստեղ մենք չունենք որեւէ տարաձայնություն մեր հայ բարեկամների հետ, թե` ինչպես եւ ինչպիսի ՆԱՏՕ-ի հետ ենք մենք ցանկանում համագործակցել»,- հայտարարել է Ս. Լավրովը: Իսկ Էդվարդ Նալբանդյանն ասուլիսի ժամանակ ասել է, որ Ս. Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են փոխշահավետ տնտեսական համագործակցության խնդիրներ, համատեղ ծրագրեր տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտում: Բնականաբար, առանձին անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Նշենք, որ երեկ Սերգեյ Լավրովը հանդիպել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Սերժ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող դաշնակցային փոխհարաբերությունները եւ ռազմավարական գործընկերությունը: «Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել այս տարվա սեպտեմբերին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ Սոչիում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, կովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձություններին, տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերին եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում: