Առաջնային բուժօգնությունը՝ գլոբալ փոփոխությունների շրջանում

09/06/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ

Այն, ինչ Հայաստանում անվանում են առաջնային
(ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն, իրականում ավելի լայն
սպեկտրի ծառայություններ մատուցող օղակ է: Դասական առաջնային
բուժօգնության օղակն ընդգրկում է թերապեւտներ, մանկաբույժներ եւ ընտանեկան
բժիշկներ: Սակայն, ինչպես հայտնի է, մեր պոլիկլինիկաներում, բացի դրանից,
մատուցվում է նաեւ նեղ մասնագիտական ծառայություն:

Պոլիկլինիկաներն այսօր աշխատում են երկու «ճակատով» եւ ֆինանսավորվում
երկու տիպի ծառայության համար: Նրանց բյուջեները 90%-ով ձեւավորվում են
պետության հատկացումներից եւ ընդամենը 10%-ը՝ վճարովի ծառայությունների
հաշվին: Անցյալ տարվա առաջնային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությանը
հատկացված բյուջեն այս տարի գերազանցվել է մոտ 4 միլիարդ դրամով եւ
կազմում է 12 մլրդ 459 մլն դրամ:

Մարդաշնչի սկզբունքով

Միջոցները ծախսվում են առաջին հերթին բուժանձնակազմի աշխատավարձերի, հետո՝
կոմունալ վճարումների, ապա՝ դեղորայքի ձեռքբերման եւ լաբորատոր-գործիքային
ախտորոշման վրա: Աշխատավարձերը հաշվարկվում են մարդաշնչի սկզբունքով:
Որքան էլ ծիծաղելի է, բայց պետպատվերի շրջանակներում յուրաքանչյուր
այցելության համար տեղամասային թերապեւտն ամսական վճարվում է 23,4 դրամ,
մանկաբույժը՝ 46,8 դրամ: Թերապեւտի բուժքույրը ստանում է ՝ 15,8 դրամ, իսկ
մանկական բուժքույրը՝ 30 դրամ: Մեկ մանկաբույժին կցվում է միջինը 1000
երեխա, թերապեւտին եւ ընտանեկան բժշկին՝ 2000 շունչ: Նեղ մասնագետների
դեպքում սահմանված է ծառայությունների որոշակի ծավալ, որի կատարման համար
էլ նրանք ֆինանսավորվում են: Կատարողականն արտացոլվում է ամսական
հաշվետվության մեջ: Յուրաքանչյուր այցելությունը գնահատվում է սկսած 300
դրամից: Այս տարվանից պոլիկլինիկայի նեղ մասնագետների ծառայությունները
դարձել են անվճար ոչ միայն սոցիալապես անապահով խավի, այլեւ՝ 65 տարեկանից
բարձր տարիքի մարդկանց համար:
Սա՝ պետպատվերի շրջանակներում: Ինչ վերաբերում է վճարովի ծառայությանը,
ապա պոլիկլինիկայի թերապեւտների եւ մանկաբույժների վճարովի ծառայության
մեջ մտնում է ընդամենը տեղեկանք տրամադրելը: Վճարովի ծառայությունների մեջ
համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեն ախտորոշիչ ծառայությունները, քանի
որ նրանց մատուցած ծառայություններն ընդգրկված չեն պետպատվերի մեջ: Այս
ծառայությունների համար կա հաստատված գնացուցակ, որտեղ գործում են
միատեսակ գներ, անկախ քաղաքային կամ գյուղական վայրից:

Պոլիկլինիկան միտված է դառնալ անվճար

Առաջնային օղակի բուջեի արդյունավետության չափանիշը հաշվարկվում է
մատուցված ծառայությունների վրա ծախսված գումարի չափով եւ ոչ թե՝
աշխատավարձերի եւ կոմունալ վարձերի ծախսերով, ինչպես տեղի է ունենում
Հայաստանում արդեն մի քանի տարի: Բայց եթե նկատի ունենանք, որ
աշխատավարձերի բարձրացում չի լինելու, եւ կոմունալ ծախսերը եւս մնալու են
նույն թվերի սահմաններում, ապա այս տարվա ավելի հարուստ բյուջեն կծախսվի
դեղորայքով ապահովման համար եւ, ի տարբերություն անցյալ տարվա, կդրսեւորի
կատարողական ավելի բարձր մակարդակ: Առողջապահության բյուջեի տարեցտարի
արձանագրվող աճն առաջին հերթին անդրադառնում է ամբուլատոր-պոլիկլինիկական
համակարգի վրա, որի բյուջեն կազմում է ողջ առողջապահության բյուջեի 35%-ը:
Մասնագետների խոսքերով, պոլիկլինիկական համակարգը գնում է դեպի անվճար
ծառայություն: Առաջնային բուժօգնության օղակը, սակայն, թերի է, եթե
բնակչության հաճախելիությունը ցածր է: Այս խնդիրն այսօր եւս առկա է: Մեկ
բժշկի հաշվով օրական միջինը երկու այցելություն է բաժին ընկնում, այն
դեպքում, երբ նորման մոտ 15-20 այցելություն է: Մարդաշնչով ֆինանսավորման
սկզբունքը խթան չի հանդիսանում բժշկի համար, որպեսզի նա շահագրգռված լինի
ավելի շատ աշխատելու, որովհետեւ անկախ այցելուների թվից՝ իրեն կցված
բնակչության թվի համապատասխան բժիշկը հստակ ստանում է իր ամսական
աշխատավարձը:

Պետպատվերի հավակնորդները

Ըստ Առողջապահության նախարարության Թեժ գծի վիճակագրության,
զանգահարողների 10-15%-ը կազմում են այն մարդիկ, որոնց անվճար
բուժօգնություն ստանալու իրավունքը խախտվել է: Իսկ մեծամասնությունը
կազմում են իրենց իրավունքների մասին անիրազեկ բնակիչները: Ուստի
որոշեցինք թվարկել սոցիալապես անապահով այն խավերին, որոնք բուժօգնություն
ստանալու արտոնություններ ունեն: Արտոնյալների ցանկում են
հաշմանդամները,Հայրենական պատերազմի մասնակիցները, զորակոչային տարիքի
անձինք, առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկան անձինք, զոհված
ազատամարտիկների ընտանիքները, բռնադատվածները, «Փարոսի» համակարգում 38 եւ
բարձր ցուցանիշ ունեցող քաղաքացիները, զինծառայողները, Չեռնոբիլի վթարի
վերացման աշխատանքների մասնակիցները եւ 65 տարեկանն անց անձինք:
Գոյություն ունի նաեւ հիվանդությունների ցանկ, որոնց դեպքում պոլիկլինիկան
պետք է բաժանի անվճար դեղորայք: Այդ հիվանդություններն են՝
տուբերկուլյոզը, չարորակ նորագոյացությունները, հոգեկան
հիվանդությունները, շաքարային եւ ոչ շաքարային դիաբետը, սրտամկանի
ինֆարկտը, սրտի փականների արատները եւ մալարիան: 50% զեղչով դեղորայք է
տրվում միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքներին (այդ
թվում՝ իրենց խնամքին անչափահաս երեխա ունեցողներին): 30% զեղչով տրվող
դեղորայքից կարող են օգտվել միայնակ մայրերի մինչեւ 18 տարեկան երեխաները: