«Նախագահի ուղերձը բարի մտադրությունների շարք էր»

06/10/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոկտեմբերի 17-ին ընդդիմության հերթական հանրահավաքն է, որը, ինչպես Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն են ասում՝ կարող է լինել բացառիկ:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը թեեւ ձեռնպահ է մնում քաղաքական այդ միջոցառումը որակավորելուց, այնուամենայնիվ, երեկ հայտարարեց, որ ցանկացած միջոցառում, որին կմասնակցի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինքնին բացառիկ է: Թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ հանրահավաքին կներկայացնի ընդդիմության ստատեգիական փոփոխությունները, Ս. Սուրենյանցի խոսքերով` իրենց պայքարի ու գործընթացի նշանաբանը մնալու են անփոփոխ: «Մենք գլխավոր խնդիր ենք համարում նոր համապետական ընտրությունների անցկացումը, այս իմաստով անակնկալներ մի սպասեք: գԿգա ամսի 17-ը, Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը կբացահայտի ռազմավարական որոշակի նրբերանգներ: Հետո` Լեւոն Տեր-Պետրոսյանի շատ արտահայտություններ անակնկալ են լինում ոչ միայն հասարակության, այլեւ իր թիմի ներկայացուցիչների համար, ու թիմից որեւէ մեկը չի կարող 100 տոկոս ճշգրտությամբ ասել, թե նա ամսի 17-ին ինչ է ասելու: Որպես քաղաքական գործիչ՝ նրա հմայքը երեւի հենց դրանում է կայանում»,- ասաց նա: ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում Համարբերգի զեկույցը Ս. Սուրենյանցը դրական է գնահատում. «Այն, որ առնվազն 19 դատավարություն կա, որտեղ գործերը թխվել են միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա, որ նախաքննությունն արհեստականորեն ու չպատճառաբանված երկարում է, որ Հայաստանում կան իրենց հայացքների համար կալանավորված մարդիկ եւ այլն: Այդ բոլորն ամրագրվել են: Ուղղակի մենք մի քիչ ազատ ենք մեր բառապաշարի մեջ, իսկ ԵԽ-ն նույն խնդիրները մատնանշել է մի քիչ դիվանագիտական ձեւակերպումներով»,- ասաց նա` հավելելով, որ մեր իշխանությունները պետք է հասկանան, որ Ստրասբուրգում իրենց հետ խաղ չեն պատրաստվում անել եւ հետեւելու են պատժամիջոցներ, պարտադիր չի՝ ձայնի սառեցման տարբերակով, որոնք Հայաստանին կբերեն աննախանձելի վիճակի: «Իշխանությունները հստակ հետեւություն պետք է անեն, շատ քիչ ժամանակ է մնացել հունվարին Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին: Իսկ Եվրախորհուրդն ավելի պիտի մտահոգ լինի, որպեսզի Հայաստանի իրավիճակին ադեկվատ գնահատականներ տա, որովհետեւ այստեղ, ամեն ինչից բացի` կա նաեւ Եվրախորհրդի հեղինակության խնդիրը: Ինչքան իրենք անաչառ լինեն, այնքան մեր հասարակության մոտ Եվրախորհրդի հեղինակությունը կբարձրանա, իսկ հակառակ դեպքում կվարկաբեկվի այդ ինստիտուտը»,- ասաց նա: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` նախօրեին կայացած ուղերձին` Ս. Սուրենյանցը նշեց, որ իր մոտ տպավորությունն այնպիսին է, որ դա ավելի շատ նման էր իմիտացիայի, որովհետեւ նախագահի ուղերձը բարի մտադրությունների մի ամբողջ շարք էր, իսկ բարի մտադրությունները ոչ ոք չի վիճարկում: «Ուղերձում կային ակնհայտ ճշմարտություններ, որ կարող է կրկնել ցանկացած մարդ: Այլ խնդիր է` հասարակությունն ինչ ակնկալիք ուներ այդ ուղերձից: Մեր հասարակությունը եթե սպասելիք էլ ուներ այդ ուղերձից, ապա դա պիտի լիներ համաներման մասին հայտարարություն: Ինչ էր սպասում լսել հասարակությունը եւ ինչ լսեց, կարծում եմ՝ ադեկվատ չէր»,- ասաց նա` ավելացնելով, որ ուղերձից բացարձակապես տպավորություն չի ստեղծվել, որ երկրում կա քաղաքական ճգնաժամ, կան կալանավորներ, երկրում տեղի է ունեցել մարտի մեկ: «Եթե մենք ապրեինք այլ երկրում, գործեինք ստանդարտ իրավիճակում, գուցե ուղերձի բովանդակության դեմ որեւէ ասելիք չլիներ: Բայց մենք ապրում ենք այսօրվա Հայաստանում, որտեղ հաղթահարված չեն մարտի մեկի հետեւանքները, կան բազում խնդիրներ, որոնց նախագահը պարտավոր էր անդրադառնալ»,- ասաց նա: Նախագահն ուղերձում կարեւորել էր արտախորհրդարանական ուժերի հետ աշխատանքը: Ս. Սուրենյանցի խոսքով` կուսակցությունների գործունեության վայրը խորհրդարանն է, արտախորհրդարանական ուժերի հետ աշխատանք ասվածն ինքը չի հասկանում: Այնուամենայնիվ, նրա խոսքով, Սերժ Սարգսյանը հոգու խորքում հավանաբար գիտի, որ քաղաքական դաշտի էլեկտորատի 80 տոկոսը գտնվում է խորհրդարանի պատերից դուրս, ու նման դեպքերում շատ կուզենա արտախորհրդարանական ուժերի հետ աշխատել: «Մենք նման սխեմայով համագործակցություն չենք պատկերացնում: Մենք առաջարկել ենք լուծման տարբերակ`արտահերթ ընտրություններ: Եթե իշխանությունները գտնում են, որ առկա լարվածությունը կարող է լուծվել այլ տարբերակով, մենք պատրաստ ենք լսել նրանց առաջարկները: Թող կոնկրետ ասեն` ինչպես են պատկերացնում դա: Հետո գուցե համագործակցություն արտախորհրդարանական ուժերի հետ հնարավոր լիներ, եթե մենք չունենայինք կալանավորված ընկերներ: Եվ երրորդ` եթե նույնիսկ ընդունենք, որ նախագահական ընտրությունների արդյունքները չեն կեղծվել, ակնհայտ է, որ հասարակության ավելի քան 20 տոկոսը խորհրդարանում ներկայացված չէ: Այս խորհրդարանը չի ներկայացնում հասարակության տրամադրությունները»,- ասաց նա:

Անդրադառնալով «Ռադիոլուրի» տնօերն Արթուր Սահակյանի հետ կատարվածին, նա նշեց. «Ողբերգություն է ուղղակի, որ մի պատգամավոր, ով նաեւ մականուն ունի, իրավունք է վերապահում իրեն վերագրել ոստիկանական ֆունկցիաներ: Անկախ նրանից` ով է մեղավոր եղել, Արթուր Սահակյանն ինչ է արել, փաստ է, որ ԱԺ պատգամավորներից մեկն իրեն վերագրել է Ոստիկանության ֆունկցիաներ: Բայց քանի որ ինքն ըստ օրենքի նման ֆունկցիաներ չունի, նրա արածն ուղղակի «սամոսուդ» է կոչվում»: Ըստ նրա՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն բռնություն գործադրած բոլոր անձինք` անգամ պատգամավորները: «Ես կհավատամ իշխանություններին, եթե այս գործով անաչառ քննություն անցկացնեն, ու եթե պարզվի, որ իսկապես այդ պատգամավորը նման արարք է թույլ տվել, նա պիտի կալանավորվի: Թե չէ տարիներ հետո ես իմ երեխաներին չեմ կարողանա բացատրել, թե ինչի պիտի ես ելույթ ունենալու համար երկու ամիս նստեմ, իսկ մի ԱԺ պատգամավոր նման արարք գործելու համար նույնիսկ 15 րոպե պատասխանատվության չի ենթարկվի: Եթե ուզում են կրիմինալի դեմ պայքարել՝ շատ հարմար առիթ է»,- ասել է նա: