Յովանովիչի հետքերով

06/10/2008

Նախօրեին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ջեյմս Ջեֆրիի նշանակմանը: Սեպտեմբերի վերջին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ Ջեֆրիին ամերիկացի օրենսդիրների ուղղած հարցերի զգալի մասը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին ու Հայոց ցեղասպանությանը: Դիվանագետին նման հարցեր էին ուղղել, մասնավորապես, Դեմոկրատական կուսակցությունից՝ ԱՄՆ-ի նախագահության նախկին թեկնածու Ջոն Քերին եւ Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով մոտ մեկուկես տարի շարունակ արգելափակված էր պահում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի նշանակման գործընթացը: «Ամերիկյան վարչակազմը ճանաչում է, սգում եւ խստորեն անհանգստացած է այն պատմական փաստերով, որոնք դուք բնութագրեցիք որպես մեկեւկես միլիոն հայերի զանգվածային սպանություն եւ բռնագաղթ` իրադարձություններ, որոնք տեղի ունեցան Օսմանյան Կայսրության գոյության վերջին տարիներին»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այսպես էր պատասխանել Ջեֆրին սենատոր Քերիի հարցին` վստահեցնելով, որ պաշտոնական Վաշինգտոնը հայ-թուրքական հաշտեցման կողմնակից է: Ջեյմս Ջեֆրին 2002-2004 թվականներին պաշտոնավարել է որպես Ալբանիայում ԱՄՆ-ի դեսպան, 2004-2005 թվականներին եղել է Բաղդադում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատարը: Մինչեւ վերջերս ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալն էր: