Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանից երեկ հետաքրքրվեցինք` արդյոք մտահոգիչ չէ՞ այն փաստը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո բուհերից ազատում են բացառապես այն դասախոսներին, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն, իսկ իշխանամետ որեւէ դասախոսի նկատմամբ նման վերաբերմունք չեն դրսեւորում: «Իհարկե, մտահոգիչ է: Իսկապես, եթե նմանատիպ մոտեցում է ցուցաբերվում, դա արդեն խայտառակություն է երկրի համար: Բայց երբ այդ հեռացված դասախոսներից որեւէ մեկը մեզ չի դիմում, մենք չենք կարող արձագանքել դրան: Գոնե մեկը պետք է մեզ դիմի, որպեսզի մենք կարողանանք համապատասխան ռեկտորից պարզաբանում պահանջել: Ինքնակամ չենք կարող նման պարզաբանում պահանջել, որովհետեւ կոնկրետ ո՞ւմ համար դիմեմ` անուն չգիտեմ, բան չգիտեմ»: Մեր դիտարկմանը, թե մամուլում բազմիցս նշվել են այդ դասախոսների անունները, Ա. Հարությունյանն այսպես արձագանքեց. «Ցավոք, մամուլի հրապարակումների հիման վրա չենք կարող նման բան անել, որովհետեւ իմ վերաբերյալ էլ եմ բաներ կարդում, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ուրիշների դեպքում ո՞նց հավատամ: Ես ոնց կարող եմ մամուլի հրապարակումների հիման վրա բողոք ներկայացնել: Բա որ հետո նա պատասխանի, որ նման բան չի եղել: Ի՞նչ մի դժվար բան է, թող գրավոր դիմեն մեզ, մենք կուսումնասիրենք: Գնանք օդից ի՞նչ բողոքենք, ի՞նչ պարզենք»: Նա նաեւ տեղեկացրեց, թե Տ. Սարգսյանի հայտարարությունից հետո ինքը խոսել է ԿԳ նախարարի հետ: «Իրենք առաջ են քաշել հետեւյալը. դասի ժամանակ դասախոսն իրավունք չունի ինքը հրահրի, կազմակերպի, ուսանողներին տանի հանրահավաքների»,- ասաց նա: