Վրաստանում ՌԴ շահերն, ամենայն հավանականությամբ, կներկայացնի եվրոպական երկրներից մեկի դեսպանատունը: Այդ մասին երեկ Մոսկվայում հայտարարել է Թբիլիսիում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Ըստ նրա, այդ հարցով ներկայումս բանակցություններ են ընթանում մի եվրոպական երկրի հետ, սակայն լիակատար հստակություն առայժմ չկա: Կովալենկոն չի նշել, թե որ երկրի մասին է խոսքը: Նա երեկ ասել է, որ Թբիլիսիում են մնում 5 դիվանագետներ եւ դեսպանատան տեխնիկական անձնակազմը` ռուսաստանյան գույքի անձեռնմխելիությունը ապահովելու համար: «Ռուսաստանը հանդես է եկել եւ հանդես է գալիս Վրաստանի հետ հարաբերությունները մինչեւ վերջ չխզելու օգտին: Երկու կողմերը պետք է հնարավորություն ունենան իրականացնել աշխատանքային շփումներ` ծագող խնդիրները լուծելու համար»,- հայտարարել է նախկին դեսպանը` հավելելով, որ ներկայումս նման շփումներ չկան: Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի շուրջ ծավալված հայտնի իրադարձությունների պատճառով Վրաստանը պաշտոնապես խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: