Օրերս հայտնի դարձավ, որ այս ամսվա երրորդ տասնօրյակում նախատեսվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան: Այս իրադարձության կարեւորությունից ելնելով՝ կարելի էր ենթադրել, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հոկտեմբերի 2-ին Երեւան կատարած այցը պետք է հիմնականում նպատակաուղղված լիներ առաջիկա այցի նախապատրաստելուն եւ օրակարգին: Հավանաբար նման ենթադրություններն ամբողջովին հիմնավորված կլինեին, եթե Ս. Լավրովի այցը չկայանար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 30-ին Վրաստան կատարած երկօրյա պաշտոնական այցից անմիջապես հետո, որի ընթացքում ՌԴ ղեկավարությունն իր կողմից որպես «քաղաքական դիակ» բնութագրված Միխայիլ Սահակաշվիլու շուրթերից բավական ուշագրավ տեղեկություններ ստացավ եւ բնորոշումներ լսեց իր «ռազմավարական դաշնակից» համարվող Հայաստանի մասին: Բնականաբար, այդ շարքում ամենահետաքրքրականը Վրաստանի եւ Հայաստանի նախագահների համատեղ ասուլիսի ընթացքում Մ. Սահակաշվիլու այն հայտարարություն էր, որ Սերժ Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման առնչությամբ, ինչի համար Սահակաշվիլին հատուկ շնորհակալություն է հայտնել: «Մենք շատ բարձր ենք գնահատում ՀՀ ղեկավարության դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականությանն անմնացորդ աջակցության համար: Նման հարցերի շուրջ միասնականությունը հավերժ կմնա ոչ միայն մեր կառավարությունների, այլեւ ժողովուրդների հիշողության մեջ, քանի որ ժողովուրդները հիշում են, թե ովքեր են իրենց կողքին եղել ծանր, վճռական պահերին, եւ ով ինչ դիրքորոշում է ունեցել»,- ընդգծել է Սահակաշվիլին: Պարզվեց, որ Վրաստանի ղեկավարությունն այն աստիճան է «երախտապարտ» ՀՀ նախագահին, որ նույն օրը նրան պարգեւատրեց Վրաստանի պետական պարգեւով` «Ոսկե գեղմ» շքանշանով եւ «Պատվավոր դոկտոր» կոչումով: Դժվար է միանշանակ պնդել, թե աշխարհաքաղաքական զարգացումների այս լարված ժամանակաշրջանում արդյո՞ք Սերժ Սարգսյանի ծրագրերում նախատեսված էր, որ Մ. Սահակաշվիլու կողմից Հայաստանը կներկայացվի որպես Վրաստանի «ամենամտերիմ եւ դժվար օրերի բարեկամ», սակայն փաստ է, որ հայկական կողմից քիչ թե շատ «նեյտրալ եւ բալանսավորված» քաղաքական կուրսին հավատարիմ մնալու փորձեր իսկ չեղան: Փոխարենը ՀՀ նախագահը, կարծես նախ եւ առաջ Ռուսաստանի առջեւ արդարանալու համար, ի պատասխան Վրաստանի նախագահի կողմից հնչեցվող «դիֆերամբների», ընդամենը բավարար համարեց նկատել, որ «Վրաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի, քանի որ դրանով է պայմանավորված մեր կայունությունը», եւ, որ «Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառության 65 տոկոսն իրականացվում է Վրաստանի միջոցով»: Հավանաբար պաշտոնական Երեւանը կարծում է, որ Ռուսաստանում այսօր արդեն մեծ կշիռ ունեցող ռազմաքաղաքական ալյանս կազմած ուժերի վրա կարող է ինչ-որ կերպ ազդել նաեւ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն փաստարկը, որ «Վրաստանում են բնակվում մեր քույրերը եւ եղբայրները»:
Ինչեւէ, այս պարագայում զարմանալի չէ, որ վերջին ամիսներին առանձնապես ԱՊՀ տարածքում ակտիվ եւ օպերատիվ արձագանքելու գործելաոճ կիրառող ՌԴ ղեկավարությունն անմիջապես շտապեց Երեւան գործուղել իր այնպիսի կարեւորագույն «քաղաքական ֆիգուրներից մեկին», ինչպիսին ՌԴ արտգործնախարարն է, որը ոչ միայն «առաջին ձեռքից» կտեղեկացվի, թե իրականում Մ. Սահակաշվիլի-Ս. Սարգսյան «փակ հանդիպման ժամանակ» ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, այլեւ կփորձի «շողուլի բերել» իր իսկ «կոմպլեմենտարիզմի» մեջ արդեն ակնհայտորեն մոլորվող ռազմավարական դաշնակցին: Վերլուծաբանների գնահատականներով՝ Դմիտրի Մեդվեդեւի այցը տեղի է ունենալու մի այնպիսի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանում գերտերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից իրականացվող մի շարք ռեգիոնալ ծրագրերի շուրջ հավանաբար արդեն կարելի կլինի միջանկյալ եզրակացություններ անել: Առաջին հերթին՝ որոշակի եզրահանգումներ, թերեւս, հնարավոր կլինի անել վերջին 4 ամիսներին մեծ աշխուժությամբ իրագործվող «հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում» կոչվող նախագծի շուրջ: Ինչպես հայտնի է, Հայաստանում շատերի մոտ համոզմունք կա, որ այդ նախագծի եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» արմատները պետք է որոնել Մոսկվայում: Ընդ որում, անցած ամիսների ընթացքում պաշտոնական Մոսկվան իր քաղաքական վարքագծով եւ գործողություններով ոչ միայն չէր փորձում հերքել վերոհիշյալ վարկածները, այլեւ, ընդհակառակը՝ նախապատերազմյան (հնգօրյա պատերազմը նկատի ունենք), պատերազմյան, ինչպես նաեւ՝ հետպատերազմյան շրջանում Թուրքիայի հետ հարաբերությունների սերտացմամբ եւ համատեղ «կովկասյան պլատֆորմների» նախագծերի մշակմամբ կարծես մատնացույց էր անում տարածաշրջանում շահերի որոշակի ընդհանրության առկայության մասին: Սակայն նույնիսկ Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքական եւ տնտեսական ընդհանուր շահերը նկատի առնելով անգամ՝ դժվար չէր նկատել, որ ռուս-թուրքական համագործակցության աննախադեպ ակտիվացումը ռազմաքաղաքական տարբեր բեւեռներում գտնվող երկու կողմի համար էլ զուտ մարտավարական տիրույթում է: Մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների ասպարեզում ռուս-թուրքական համագործակցությունը հիմնականում Հայաստանի տրանսպորտային կոմունիկացիաները դիվերսիֆիկացնելու նպատակ էր հետապնդում, ինչը, բնականաբար, ռուսաստանյան աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական ծրագրերից ելնելով, պետք է հնարավորություն տար ռազմավարական դաշնակից Հայաստանին ավելի ազատ եւ համարձակ լինել տարածաշրջանում սպասվող գործընթացների եւ անգամ հակամարտությունների ժամանակ: Հայաստանում, կարծում ենք, այնուամենայնիվ, հստակ գիտակցելով տարածաշրջանային հիմնական «խաղացողների» ռազմավարական ու մարտավարական իրական նպատակները, միեւնույն ժամանակ փորձեցին սեփական խաղը սկսել, որի արդյունքում, ըստ «հայաստանյան սցենարիստների», նկատելիորեն պետք է մեծանար մեր երկրի կշիռը տարածաշրջանային ու նույնիսկ աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների աչքերում: Պաշտոնական Երեւանի կողմից վարվող «հավասարակշռված եւ զուսպ» այդ քաղաքականությունը, որը գուցեեւ միանգամայն արդարացված կարող է թվալ սեփական պետական շահերի տեսանկյունից, որոշակի ժամանակահատվածից սկսած՝ ակնհայտորեն սկսեց հարցականներ առաջացնել որոշ ավանդական գործընկերների շրջանում, ինչպիսիք, օրինակ, Իրանը (Թուրքիայի մասով) եւ իհարկե, Հայաստանից շատ ավելի մեծ ակնկալիքներ ունեցող Ռուսաստանն են: Մոսկվայում զարմանքով արձանագրեցին, որ ռազմավարական դաշնակից Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկրներից թերեւս միակն է, որը բացահայտորեն հայտարարեց, որ չի ճանաչելու Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, եւ հենց Հայաստանն էր փորձում ՀԱՊԿ-ի շրջանակում ընդունվող փաստաթղթերից հանել Վրաստանի ռազմական գործողությունները դատապարտող դրույթները: Ինքնին խոսուն փաստ է նաեւ օրերս Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժության անցկացումը:
Այն, որ երկու երկրների միջեւ հարաբերություններում սկսում են թյուրըմբռնման տարրեր նկատվել, պարզորոշ երեւաց, երբ ի պատասխան ՀՀ ղեկավարության այդ «դեմարշների»՝ պաշտոնական Մոսկվան սկսեց առիթը բաց չթողնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու մասին հայտարարություններ անելու համար: ՀՀ-ում առավել ցավագին ընդունեցին ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի հայտնի այն հայտարարությունը, թե որեւէ զուգահեռ չի կարելի տանել Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հակամարտությունների միջեւ: Բացի այդ, Ռուսաստանը ցուցադրաբար սկսեց ջերմացնել նաեւ իր հարաբերությունները ռուս-վրացական հակամարտության շուրջ գործընթացներում իրեն ավելի «ադեկվատ», նույնիսկ Ռուսաստանի հանդեպ իրեն ավելի լոյալ դրսեւորած Ադրբեջանի հետ: Այս պայմաններում Երեւանում ամենայն հավանականությամբ փորձեցին արդեն առանց Մոսկվայի մասնակցության սեփական խաղ սկսել նաեւ «թուրքական ուղղությունում»` փաստացի նպաստելով տարածաշրջանում Թուրքիայի կշռի աճին: Երեւանը վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները «նորմալացնելու» գործում այնպիսի միակողմանի արմատական քայլերի (ավելի ճիշտ՝ զիջումների) դիմեց, որոնք տարակուսանք առաջացրին ոչ միայն Հայաստանում: Այս առումով դժվար է չհամաձայնել նախկին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի օրերս արած հետեւյալ գնահատականի հետ. «Գուցե Թուրքիայի կողմից ինչ-որ երաշխիքներ են տրվել սահմանի բացման հետ կապված: Այլապես ինձ համար ինչ-որ տեղ անհասկանալի կլինի այն, ինչ իշխանությունների կողմից Թուրքիային արդեն տրվել է. նախագահի հայտարարությունն առ այն, որ մենք Թուրքիայից հողային պահանջ չունենք, որ ցանկացած հարց պատրաստ ենք թուրքերի հետ քննարկել: Փաստորեն, այն, ինչ թուրքերն են մեզանից ուզում, մենք արդեն կարծես թե տվել ենք, իսկ այն, ինչ մենք ենք ուզում թուրքերից, դեռեւս չենք ստացել»:
Հատկանշական է, որ վերջին շրջանում նկատելի են դառնում ԱՄՆ-ի՝ «հայ-թուրքական» գործընթացն «իրենով անելու» փորձերը: Այս առումով թերեւս պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը չի զլացել Նյու Յորքում անձամբ ներկայանալ Սերժ Սարգսյանի կեցության վայր եւ գովաբանել ՀՀ նոր ղեկավարության «խիզախությունն» ու «բարեփոխումներ իրականացնելու» ճիգերը: Այսքանից հետո Հայաստանի «նախաձեռնող դիվանագիտության» համար, ինչպես «ամպրոպը մաքուր երկնքում», պետք է որ հնչեր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այն հայտարարությունը, որ «քանի դեռ Հայաստանը չի ազատել բռնազավթած ադրբեջանական հողերը, այդ երկրի հետ սահմանների բացման մասին խոսք լինել չի կարող»:
Եվ գուցե անհիմն չեն այն վարկածները, որ այս ամենում կարող է նաեւ «Մոսկվայի ամենահաս ձեռքը» լինել. ասել է թե՝ «հայ-թուրքական» այս «պրոյեկտը» նախաձեռնողն ինքն էլ որոշեց «փակել» այն: Մի խոսքով, ինչպես համակարգչային խաղերում է սովորաբար խաղով տարվածի համար անսպասելի լինում` «game over»: Առավել եւս, որ Ադրբեջանը երկրորդ «ֆորպոստ» դարձնելու Ռուսաստանի փորձերը նույնպես կարծես դեռեւս հեռու են իրականություն դառնալուց: Ի դեպ, այս վարկածի կողմնակից վերլուծաբանները հենց այս հանգամանքով են պայմանավորում Սերժ Սարգսյանի բավականին ռիսկային այցը Վրաստան, որի փաստն ինքնին կարող է ընկալվել որպես մարտահրավեր Ռուսաստանին, որից փորձեց հմտորեն օգտվել Մ. Սահակաշվիլին` «բացահայտելով», որ Հայաստանը ոչ թե Ռուսաստանի, այլ հենց Վրաստանի «նեղ օրվա ընկերն է» եղել:
Ահա այսպիսի բավականին «խճճված» տարածաշրջանային խնդիրների եւ ծագած փոխադարձ որոշակի անվստահության մթնոլորտում է Հայաստան ժամանելու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: