Մեկնարկեցին միջնակարգ դպրոցների ավարտական քննությունները: Անցյալ տարվա
6 քննական առարկաներին այս տարի ավելացել է եւս մեկը՝ ֆիզիկական
կուլտուրան: Դպրոցների տնօրեններն ասում են, որ ֆիզկուլտուրան քննական
առարկա դարձավ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի հրամանով՝
այն բանից հետո, երբ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն իր
ելույթներից մեկում նշեց, թե այսօր երիտասարդ տղաները ֆիզիկապես կոփված
չեն եւ թուլակազմ են:
ՀՀ ԿԳ փոխնախարար Նորայր Ղուկասյանի խոսքերով, ոսկե եւ արծաթե մեդալների
արտոնությունների վերացման պայմաններում հանրապետության դպրոցներում
գրանցվել է գերազանցության մեդալի 196 հավակնորդ, այսինքն՝ մոտ 10
աշակերտով պակաս, քան անցյալ տարի, երբ արտոնությունները դեռեւս գործում
էին: «Սակայն թեկնածությունը դեռ մասնակցություն չէ,- պարզաբանում է
Ն.Ղուկասյանը: -Աշակերտն ինքը քննության օրն առավոտյան կորոշի՝ քննության
գնալ կենտրոնացված վայրում մեդալի համա՞ր, թե՞ իր դպրոցում»: Իսկ
փոխքաղաքապետ Կամո Արեյանը դեռ մի քանի օր առաջ մամլո ասուլիսի ժամանակ
ասաց, թե անցյալ տարվա 52 հավակնորդների փոխարեն՝ այս տարի գերազանցության
մեդալին հավակնում է 23 աշակերտ:
Այսպիսով, տասներորդցիները կհանձնեն հայոց լեզու (թեստ), հայ
գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, օտար լեզու (ռուսերեն կամ
անգլերեն), բնագիտական առարկա (ֆիզիկա, քիմիա կամ կենսաբանություն) եւ
ֆիզկուլտուրա: Քննություններին չեն մասնակցի այն աշակերտները, ովքեր
կիսամյակի վերջում երեք առարկաներից ստացել են անբավարար թվանշան կամ 240
ժամից ավելի բացակայել են անհարգելի պատճառներով կամ ում վարքը գնահատվել
է անբավարար: