Հանուն սերնդափոխության

06/10/2008

ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, թե քաղաքականությամբ զբաղվող, մեծ փորձ ունեցող անձանց մի խումբ անհանգստացած են քաղաքականության մեջ սերնդափոխության վիճակով: Այդ պատճառով, ըստ նրա` ինքը եւ որոշ փորձառու քաղաքական գործիչներ, որոնց անունները նա առայժմ չցանկացավ հրապարակել, նախատեսում են ստեղծել «վետերան» եւ երիտասարդ քաղաքական գործիչների համատեղ ակումբ, որի հիմնական խնդիրը պետք է լինի ապահովել քաղաքական դաշտում արդյունավետ, սահուն սերնդափոխություն: «Այսօրվա երիտասարդության որոշ մասը լիարժեք պատկերացում չունի մի շարք հարցերի, այդ թվում` ղարաբաղյան շարժման պատմության վերաբերյալ, թե Հայաստանի պատերազմական հաջողությունները ինչով էին պայմանավորված, դրանում ինչ դեր ունեին քաղաքական գործիչները, որովհետեւ ամեն մեկը փորձում է նենգափոխել պատմությունը»,- ասաց Ա. Սադոյանը: Ըստ նրա` քաղաքական գործիչների ակումբն առաջին հերթին փորձելու է այնպես անել, որ երկրի ապագա կառավարողները հասկանան, թե իրականում ինչ է կատարվել, ինչ ժառանգություն են ստացել: Պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվելու երիտասարդ եւ փորձառու քաղաքական գործիչների մասնակցությամբ, որոնց ընթացքում քննարկվելու են եւ՛ ներքին, եւ՛ արտաքին քաղաքականության վերաբերյալ բազմաթիվ հարցեր: Ա. Սադոյանի հավաստմամբ` այդ ծրագիրը լիարժեք իրականացնելու եւ առավել արդյունավետ դարձնելու համար նաեւ անհրաժեշտ է պետական, հասարակական աջակցություն:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ուղերձին, Ա. Սադոյանն ասաց, թե այն շեշտադրված էր ժողովրդի հոգեւոր ներուժի վրա: «Դա է, որ պետք է փրկի մեր ժողովրդին երկրի համար ստեղծված այս բարդ իրավիճակում` հաշվի առնելով արտաքին տարբեր գործոններ: Հիմնական խնդիրը պետք է լինի զանգվածային ստեղծագործ աշխատանքով մեր երկիրը հզորացնելը, որ կարողանանք դիմակայել»,- նշեց Ա. Սադոյանը: