Ըստ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության, երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային խորհրդակցության է հրավիրել ԱԺ մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների նախագահներին: Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ ԱԺ փոխնախագահները: Խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը մշտական հանձնաժողովների նախագահներին առաջարկել է «իրենց տեսակետները ներկայացնել աշխատանքների կազմակերպման օրենսդրական եւ կազմակերպական խնդիրների վերաբերյալ»: Առաջարկություններ եղան ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունների, պատգամավոր-ընտրող, Ազգային ժողով-հասարակություն կապի, լրատվամիջոցների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի, օրինագծերի փորձագիտական եզրակացությունների ներկայացման, խորհրդարանական լսումների կազմակերպման եւ լսումների արդյունքում ժողովածուների տպագրման, ԱԺ-ի նյութատեխնիկական բազան նորացնելու եւ այլ խնդիրների շուրջ: Ամփոփելով խորհրդակցությունը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հավաստեց, որ բոլոր առաջարկությունները նկատի կառնվեն եւ համատեղ աշխատանքով հնարավորը կարվի բարձրացված օրենսդրական ու կազմակերպական խնդիրներին լուծումներ տալու համար, ինչը կնպաստի Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետության մեծացմանը եւ իբրեւ օրենսդիր մարմնի հեղինակության բարձրացմանը: