«DigiTec- 2008» ցուցահանդեսը բացվել է

06/10/2008

Երեկ բացվեց «DigiTec 2008» տեղեկատվական հեռահաղորդակցության բարձր տեխնոլոգիաների ամենամյա 4-րդ ցուցահանդեսը, որին մասնակցեցին նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ ՀՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը:

Ըստ Տ. Սարգսյանի` նման միջոցառումների անցկացումը չափազանց կարեւոր է, քանի որ ՀՀ կառավությունը մշտապես կարեւորում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ցանկացած գործառույթ, որը հանրության ուշադրությունը սեւեռում է այս գերակա խնդրի վրա: 2000թ. ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցման ոլորտում նորարարությունների ներդրումը համարում է առաջնային խնդիր, եւ տարեցտարի նկատելի է, որ եւ՛ մասնակիցների քանակը, եւ՛ բազմազանությունը՝ ներկայացված այս ցուցահանդեսում, ընդլայնվում է: «Դա նշանակում է, որ մենք այս ոլորտում ունենք բավական լուրջ քայլեր դեպի առաջ: Մենք արդեն կազմակերպել ենք մի քանի հանդիպումներ ՏՏ ոլորտի զարգացմանը նվիրված, որին մասնակցում էին ոլորտի ամենաակնառու կազմակերպությունները: Այն միջոցառումների ծրագիրը, որն արժանացել է մեր կառավարության հավանությանը, հուսով եմ, որ ապահովելու է մոտակա տարիների ընթացքում բեկումնային զարգացում այս ոլորտում»,- ասաց Տ. Սարգսյանը:

Ըստ Տ.Սարգսյանի` նման հրապարակային միջոցառումների ընթացքում բոլոր ընկերությունները մեծ հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց արտադրանքը: Նրա հավաստմամբ` ՏՏ ոլորտի կազմակերպությունների հաճախորդների քանակը եւ պատվերները զգալիորեն ավելացել են, ինչի մասին տեղեկացրել են նաեւ ընկերությունների ներկայացուցիչները: «Նման ցուցահանդեսները կազմակերպություններին հնարավորություն են տալիս նաեւ մասնագիտանալ միջազգային շուկաներում իրենց ապրանքները վաճառելու առումով: Կան ընկերություններ, որոնք նաեւ հայկական շուկաներում են հաճախորդներ փնտրում: Ամենակարեւորն այն է, որ էապես ընդլայնվել է ընկերությունների եւ նրանց ծառայությունների քանակը»,- ասաց նա` հավելելով, թե այս ոլորտում գործող կազմակերպությունները գնալով ընդլայնվում եւ զարգանում են, որին նպաստում է նաեւ ինտերնետի առկայությունը, որը տարիներ շարունակ եղել է հանրապետությունում այս ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտը: Տ. Սարգսյանի փոխանցմամբ` ընկերություններից մի քանիսն առաջարկել են ստեղծել տարբեր թեստային սարքավորումներ ուսումնական հաստատությունների համար: «Եթե 3-4 համալսարաններ` Պոլիտեխնիկականը, ԵՊՀ-ն, ձեռք բերեն այդ սարքավորումները, բնականաբար, էապես կբարձրացվի դասավանդման որակը, ինչն ամենակարեւորն է»,- ընդգծեց ՀՀ վարչապետը` ընդգծելով, թե ՏՏ ոլորտում մասնագետների պահանջարկն այսօր շատ մեծ է: «Բոլոր ընկերությունները նշում են, որ ունեն կադրերի պահանջարկ: Մեր ուսանողները պետք է իմանան, որ բանիմաց մասնագետներն ունեն մեծ պահանջարկ, այս ոլորտում աշխատավարձերն էլ չափազանց բարձր են: Այս բնագավառում առկա է մեծ աշխատուժի պոտենցիալ եւ զարգացում»,- հայտարարեց Տ. Սարգսյանը: