Երեկ «Սահմանադրության հիմնարար արժեքները եւ հասարակական պրակտիկան» խորագրով 13-րդ միջազգային խորհրդաժողովին, որին մասնակցում են 24 երկրների պատվիրակություններ, այդ թվում` Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցությունը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ողջույնի խոսք է ասել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Յուրաքանչյուր երիտասարդ ժողովրդավարություն մշտապես ունի այլոց փորձն ուսումնասիրելու եւ այդ փորձից լավը վերցնելու ու կիրառելու կարիք: Մենք չենք խուսափում դրանից, որովհետեւ նման խորհրդաժողովներում քննարկվող թեմաներն առանձնակի կարեւորություն ունեն հատկապես անցումային երկրների համար, որոնցից մեկն էլ Հայաստանն է: Մեր նպատակն է՝ երկրում հաստատել իրական ժողովրդավարություն, կյանքի կոչել իրավական, սոցիալական պետության կայացման սահմանադրական սկզբունքները, երաշխավորել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները` որպես բարձրագույն արժեք: Իսկ դա պահանջում է հետեւողական լուրջ համակարգված աշխատանք»,- ասել է Ս. Սարգսյանը:
Ըստ նրա` Հայաստանի Սահմանադրության ուժը հիմնվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կամքի վրա, ինչպես նաեւ` այն մարդկանց, ովքեր պատրաստ են պաշտպանել երկրի հիմնարար արժեքները: «Մեր Սահմանադրությունը երկրի նախագահի գլխավոր առաքելություններից է համարում հիմնական օրենքի պահպանմանը հետեւելը: Ես դա առաջին հերթին գիտակցում եմ սահմանադրական արժեբանության տեսանկյունից: Մեր Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետությունը հռչակել է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները ճանաչվել են որպես բարձրագույն արժեք, որպես սահմանադրական գործող իրավունք, որի պաշտպանության երաշխավորմանն է ուղղված պետության գործունեությունը: Սրանք կյանքի կոչելը մեր ողջ պետական քաղաքականության, իրավաստեղծ գործունեության, իրավակիրառական պրակտիկայի գերագույն խնդիրը պետք է հանդիսանան: Այս ճանապարհով է միայն հնարավոր սահմանադրական հիմնարար արժեքները դարձնել իրողություն, երկրում հաստատել սահմանադրական ժողովրդավարություն»,- ասել է նա: Ս. Սարգսյանի գնահատմամբ` առանցքային էր 2005թ. սահմանադրական փոփոխությունների ընդունումը, ինչը հետագա կառուցվածքային բարեփոխումները կյանքի կոչելու լայն հնարավորություն է ընձեռում: «Խոսքը վերաբերում է մեր կյանքի բոլոր ոլորտներին` տնտեսական գործունեության ազատությանը եւ ազատ մրցակցության ապահովմանը, սեփականության իրավունքի երաշխավորման պաշտպանությանը, բնակչության սոցիալական պաշտպանվածության ամրապնդմանը, տեղական ինքնակառավարման գործուն համակարգի ներդրմանը»,- ասել է նա: Սակայն, Ս. Սարգսյանի խոսքով, միաժամանակ պետք է փաստել, որ այս ոլորտում աշխատանքը դեռեւս ցանկալի համակարգված բնույթ չի կրում: «Հետեւաբար ձեռնարկել ենք համակարգային բարեփոխումների լուրջ գործընթաց հանրային կյանքի գրեթե բոլոր բնագավառներում: Համոզված եմ, որ առաջիկայում դրական արդյունքներն ակնհայտ կդառնան: Պետական ողջ համակարգի վերափոխումների գերագույն նպատակը պետք է լինի մեր երկրում իրավունքի գերակայության սկզբունքի հաստատումը, իշխանությունների իրական բաժանումն ու հավասարակշռումը, մարդկային արժանապատվության, ազատության հարգումն ու երաշխավորումը: Համոզված եմ նաեւ, որ դրանց չենք կարող հասնել առանց երկրում հանդուրժողականության, համերաշխության, բազմակարծության իրական մթնոլորտ ստեղծելու, առանց անկաշառ եւ ճշմարիտ արդարադատություն հաստատելու»,- նշել է Ս. Սարգսյանը:
Նրա հավաստմամբ` այս խորհրդաժողովում նաեւ պետք է գտնել միջոցներ, որոնք կարող են լինել կիրառելի ու տալ իրական ու շոշափելի արդյունքներ: Ըստ նրա` հաջողություններն էլ ավելի մեծ կլինեն, եթե այս ոլորտներում խորացվեն հայկական կողմի համագործակցությունը եվրոպական կառույցների հետ, հետեւողականորեն իրականացվեն եվրաինտեգրման ուղղությամբ հայկական կողմի ստանձնած միջազգային պարտավորությունները, եւ եթե մեր երկրի յուրաքանչյուր բնակիչ, յուրաքանչյուր պաշտոնատար անձ խորապես գիտակցի, որ Հայաստանի համար իրավական, ժողովրդավարական պետություն դառնալն այլընտրանք չունեցող կենսական անհրաժեշտություն է: «Դրա մասին են վկայում թե՛ մեր պատմության դասերը, թե՛ մարտահրավերները, որոնք մենք պետք է հաղթահարենք 21-րդ դարի Հայաստանը կերտելիս: Համոզված եմ, որ այս խորհրդաժողովում առաջադրված թեմայի համակողմանի քննարկումը եւ տարբեր երկրների փորձի ընդհանրացումը ոչ միայն շոշափելի դեր կունենա իրավական մշակույթի զարգացման գործում, այլ գործնական կարեւոր նշանակություն` մեր երկրում սահմանադրական հիմնարար արժեքները կյանքի կոչելու ուղղությամբ, ձեռնարկվող քայլերն էլ ավելի արդյունավետ դարձնելու առումով»,- նշել է Ս. Սարգսյանը:
Իսկ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի համոզմամբ` այս խորհրդաժողովի ընթացքում պետք է շեշտը կդրվի սահմանադրական հիմնարար արժեքների եւ հասարակական այլ խմբերի փոխհարաբերությունների բացահայտման ու գնահատման հիմնախնդիրների վրա: Ըստ նրա` այս խնդիրն ավելի հրատապ է անցումային փուլում գտնվող երկրների համար, որտեղ «հասարակական պրակտիկայում տեղի են ունենում նաեւ սահմանադրական հիմնարար արժեքների որոշակի ձեւախեղումներ, որոնք չափազանց մեծ վտանգ են ներկայացնում երկրի ապագայի համար»: «Պատահական չէ, որ վերջին շրջանում Վենետիկի հանձնաժողովը փորձագիտական եզրակացություններում հաճախ է ընդգծում, որ կարեւոր չէ միայն այն, թե օրենքի դրույթն ինչպես է ձեւակերպված եւ որքանով է համապատասխանում եվրոպական ընդհանուր չափանիշներին, կարեւոր է նաեւ այն, թե այդ դրույթն ինչպես է ընկալվում եւ կիրարկվում պրակտիկ կյանքում»,- հայտարարել է Գ. Հարությունյանը` հավելելով, թե տարբեր երկրների սահմանադրական դատարանների որոշումների ուսումնասիրությունը վկայում է, որ հաճախ օրենքի դրույթները ճանաչվում են հակասահմանադրական` դրանց բովանդակությունը նկատի ունենալով:
Իսկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոյի հավաստմամբ` չափազանց կարեւոր է հատկապես անկախ եւ անաչառ դատարանների դերը: «Մարդիկ դատարաններին հավատում են այն ժամանակ, երբ դատավճիռներն իրենց օգտին են կայացվում, հակառակ դեպքում հիասթափություն են ապրում: Այս առումով շատ կարեւոր է դատարանների անաչառ գործունեությունը եւ այդ ուղղությամբ հասարակության վստահության բարձրացումը»,- ասել է նա: