Հացադուլավորը մեղադրում է գլխավոր դատախազին

09/06/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առաջ մայիսի 30-ից հացադուլ հայտարարած
Գոհար Չիլիկյանն օրական գոնե մեկ անգամ ծեծի է ենթարկվում ոստիկանների
կողմից: Դատախազության շենքի պաշտպան ոստիկաններին դուր չի եկել
հացադուլավորի ներկայությունը եւ նրանք դաժան ծեծի են ենթարկել 60-ամյա
կնոջը, որպեսզի նա հեռանա այդ տարածքից:

Դատախազության շենքի պաշտպաններից մազապուրծ Գոհար Չիլիկյանը մայիսի 31-ի
ժամը 16.00-ի սահմաններում որոշել է բողոքի ակցիան շարունակել նախագահի
նստավայրի մոտ: «Բայց էնտեղ էլ մի հատ ոստիկանական մեքենա կանգնեց, երկու
հոգի իջան ու ամենավերջին հայհոյանքներով ինձ էնքան ծեծեցին, էնքան խփեցին
ողնաշարիս՝ ցավից մեռնում եմ, հազիվ եմ փախել՝ ինձ գցել դիմացի այգին»,-
պատմում էր Գ. Չիլիկյանը: Ոստիկանական մեքենան կրել է 427 SS 01
hամարանիշը: «Ավտոյի կողին էլ գրած էր 27,- հասցրել էր նկատել Գոհարը,-
Փաստորեն ինձ չեն թողնում իմ բողոքը արտահայտեմ, իմ հացադուլը անեմ»:
Նախագահի նստավայրից Գոհարը կրկին վերադարձել էր Դատախազության շենքի մոտ,
պատսպարվել դիմացի այգում: Հունիսի 1-ի առավոտյան, երբ կրկին փորձել է
բողոքի ակցիան շարունակել եւ կրկին ծեծի է ենթարկվել, որոշել է բողոքի
ակցիան ավարտել ինքնահրկիզմամբ: Այդ մասին երեկ մեզ ահազանգած
հացադուլավորի որդին՝ Հայկ Հարությունյանը, խնդրում էր՝ գոնե
լրատվամիջոցներն անտարբեր չլինեն. «Եթե գոնե դուք գաք լսեք նրան, գուցե
կարողանաք համոզել՝ միտքը փոխի»,- լացակումած ասում էր տղան: Մի քանի
լրատվամիջոցների ներկայությամբ միայն Գոհար Չիլիկյանը կարողացավ մի թել
կապել Դատախազության դիմացի ծառերից, վրան կախել բողոքի պաստառներն ու
նստել, մինչ այդ մենք նրան հայտնաբերեցինք Դատախազությանը հարող մայթի
անցորդների մեջ շվարած դեգերելիս. հացադուլավորին սովորական անցորդներից
տարբերեցինք տանջահար ու տագնապահար դեմքից:
«Հացադուլ եմ հայտարարում ՀՀ գլխավոր դատախազ, կրկնակի հանցագործ Աղվան
Հովսեփյանի դեմ կաշառակերության համար»,- բողոքի պաստառին գրել է Գ.
Չիլիկյանը:
Գոհար Չիլիկյանը ՀՀ գլխավոր դատախազին մեղադրում է խաբեությամբ եւ
փաստաթղթերի կեղծմամբ Պարոնյան 1-65 հասցեում գտնվող իր երեքսենյականոց
բնակարանին տիրանալու մեջ: «1992 թվականին տան շուկայում հանդիպեցի ՀՀ
դատախազ Աղվան Հովսեփյանին՝ իր ընկեր Սպարտակի հետ: Նա ցանկացավ գնել իմ
բնակարանը,- պատմում է հացադուլավորը,- բայց քանի որ թիվ 11 ԲՇՏ-ի
կառավարիչ Ալիկ Հարությունյանն ինչ-ինչ պատճառներով ինձ համապատասխան
փաստաթղթեր չէր տալիս՝ բնակարանը սեփականաշնորհելու համար, գործին
միջամտեց Աղվան Հովսեփյանը: Մի քանի օրից բնակարանի բոլոր փաստաթղթերը
պատրաստ էին, Աղվան Հովսեփյանն ինձ կանչեց Դատախազություն՝ համաձայնագիր
ստանալու: Քանի որ որդիս քաղաքում չէր, եւ առանց նրա համաձայնության
բնակարանի վաճառքը չէր կայանա, ինձ առաջարկեցին կեղծիքի գնալ. Աղվան
Հովսեփյանն ու իր ընկեր Սպարտակը իմ աչքի առաջ կեղծեցին տղայիս
համաձայնագիրը»: Որից հետո Գ. Չիլիկյանը, վստահ չլինելով, որ տղան հաստատ
իր համաձայնությունը կտա, հրաժարվում է կեղծիքից: Աղվան Հովսեփյանը
համաձայնում է սպասել մինչեւ տղայի վերադարձը: Բնակարանի գնի հարցում
արդեն համաձայնությունը կար՝ երեք միլիոն խորհրդային ռուբլի: Սակայն
ժամառժամ արժեզրկվող ռուբլին անում է իր սեւ գործը: «Բնակարանների գները
կրկնապատկվում էին գնալով, իսկ ես մտադիր էի այդ գումարով մեկական
սենյականոց բնակարաններ գնել աղջկաս եւ տղայիս համար առանձին, եթե
համաձայնեի սկզբում առաջարկված գումարին, այդ ժամանակ արդեն մեկսենյականոց
մի բնակարան անգամ չէի կարողանալու գնել իմ երեքսենյականոցի դիմաց,-
պատմում է Գ.Չիլիկյանը,- Աղվան Հովսեփյանն այդ մասին ինձանից լավ էր
տեղյակ, դրա համար էլ ուզում էր կեղծ փաստաթղթերով արագացնել առքուվաճառքի
գործընթացը»:
«Գոհար, եթե էս տունը ես չառնեմ, ու դու կարողանաս դա ծախել ու նոր տուն
առնել, գլուխդ կգովաս»,- Գոհարի վերջնական հրաժարումից հետո հարկ է
համարել զգուշացնել Աղվան Հովսեփյանը: Վեց ամիս անց Գոհարի բնակարան,
վաճառվում է: Բնակարանի գնորդը երկու միլիոն «բեհ» է տալիս՝
պայմանավորվելով, որ գումարի մնացած մասն էլ՝ յոթ միլիոն խորհրդային
ռուբլին, կստանա որդու վերադարձից ու նրա համաձայնագիրը ստանալուց հետո:
Որդու վերադարձից հետո, երբ փորձում են բնակարանի առքուվաճառքը
օրինականացնել եւ ստանալ գումարի մնացած մասը, պարզվում է՝ գնորդը
քաղաքում չէ: «Մենք շատ ուշ գլխի ընկանք, որ բնակարանի գնորդը Աղվանի
մարդն է, ու նրանք բնակարանի առքուվաճառքը վաղուց կատարել էին որդուս
կեղծած համաձայնագրով»: Տարիներ շարունակ դատական տարբեր ատյաններում
նրանց բողոքները որեւէ արդյունք չեն տվել: «Չգիտես ինչու՝ իմ ներկայացրած
հայցադիմումները միշտ կորչում էին»,- ասում է Հայկ Հարությունյանը: Բացի
այդ, ընտանիքը բազմաթիվ այլ հալածանքներ էլ է նշում, որ միտումնավոր
իրականացվել են իրենց հանդեպ, մասնավորապես՝ կաշառակերության եւ «իրենց
գլխին գործ սարքելու» համար պահանջում են պատժել «2003թ Շենգավիթի շրջանի
բաժնի օպեր Արթուր Երզինկյանին, 2005թ. Շենգավիթի շրջանի սանէպիդկայանի
աշխատակիցներ Գայանե Անտոնյանին, Լյուդմիլա եւ Սաթիկ Ավետիսյաններին»:
Ինչպես նաեւ՝ «պարզաբանել Աղվան Հովսեփյանի կողմից կեղծված փաստաթուղթն ու
պատժել մեղավորին»: Եվ ամենագլխավորը՝ «Կառավարությունից անձնագիր ենք
պահանջում, մեզ ոչ մի տեղից անձնագիր չեն տալիս, որովհետեւ ոչ մի տեղ
գրանցում չունենք»: