12,8 միլիոն` Եվրահանձնաժողովից

06/10/2008

Հարեւանության եվրոպական քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում նախօրեին Եվրահանձնաժողովի եւ Վրաստանի կառավարության միջեւ ստորագրվել է 12,8 միլիոն եվրո ընդհանուր գումարի ֆինանսական երկու համաձայնագիր: Այդ մասին «Նովոստի-Վրաստանին» հայտնել են հանրապետության եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերի պետնախարարի աշխատակազմում: Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն եւ Եվրահանձնաժողովի եվրոպական օգնության եւ համագործակցության գրասենյակի տնօրեն Մարկուս Կորնարոն:

«Հակամարտության խաղաղ լուծմանն օժանդակելու եւ ռուսաստանյան ագրեսիայի հետեւանքով տուժածներին օգնելու վերաբերյալ» առաջին համաձայնագիրը նախատեսում է 6 միլիոն եվրո գումարի օգնության հատկացում: Երկրորդ համաձայնագիրը` «Վրաստանի եւ ԵՄ հասարակական հիմնարկների համագործակցության ծրագիրը», ֆինանսավորում է նախատեսում 6,8 միլիոն եվրոյի չափով: Գեորգի Բարամիձեի եւ Մարկուս Կորնարոյի հանդիպման ընթացքում քննարկվել են հարեւանության եվրոպական քաղաքականության շրջանակներում ընթացիկ ծրագրերի իրականացման հարցերը, որոնք վերաբերում են մասնավորապես սահմանապահ համագործակցությանը, շրջակա միջավայրի պահպանությանը եւ այլ բնագավառների: Նաեւ քննարկվել է բյուջետային աջակցությանը վերաբերող ծրագրի պրոբլեմատիկան, այդ թվում` սննդամթերքի անվտանգության եւ միկրոֆինանսական օգնության հարցերը, ինչպես նաեւ՝ Եվրամիության օգնության նոր փաթեթի (500 միլիոն եվրո) հիմնական ուղղություններն ու գերակայությունները: