Անհայտ կորած անձանց երկար ցուցակից կարելի է ենթադրել, որ զոհվածների վերաբերյալ պաշտոնական տվյալները կարող են թերի ներկայացված լինել
Թբիլիսիի Մուխատգվերդի գերեզմանատան շիրիմների երկար շարքի վրա գրված է` «Անհայտ զինվոր»: Այստեղ թաղված են օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած հնգօրյա պատերազմում զոհվածները: Կան նաեւ շիրմաքարեր, որոնց վրա ոչ թե անուններ են գրված, այլ երկնիշ թվեր: Այնուամենայնիվ, այնտեղ էլ սգացող մարդիկ գերեզմաններին թարմ ծաղկեփնջեր են դնում:
«Զոհված կամ անհայտ կորած զինվորների ծնողները, ինչպես նաեւ ողջ մնացած զինվորները եւ պարզապես հասարակ մարդիկ ամեն օր այստեղ են գալիս ու սգում շիրիմների կողքին: Ես երբեք այդքան շատ արտասվող տղամարդկանց չէի տեսել»,- ասում է գերեզմանատան աշխատակից Օթար Մեպարիշվիլին:
Մելիաների ընտանիքը, որ փախստական է դարձել 1992-93թթ. Աբխազիայի պատերազմից հետո, գերեզմանատուն է գալիս` սգալու իր կորուսյալ որդու` լեյտենանտ Սերգո Մելիայի մահը: Նրա ընկերներն են ծնողներին հայտնել իրենց որդու մահվան մասին: Ավելի ուշ նրանք տեսան Սերգոյի մարմինը Ցխինվալիում նկարահանված կադրերում, որ ցուցադրվում էին ռուսական «ՆՏՎ» հեռուստաալիքով, բայց այդպես էլ չկարողացան ստանալ նրա մարմինը: Մելիաների ընտանիքը եւ անհայտ կորած այլ զինվորների ծնողներն անհամբեր սպասում են ԴՆԹ ստուգումների արդյունքներին, որից հետո գերեզմանատան 53 անհայտ շիրիմներին արդեն անուններ կհայտնվեն:
Վրաց փորձագետ Պաատա Զաքարեիշվիլին, որ աշխատել է վրաց-աբխազական հակամարտության եւ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ անհայտ կորած անձանց փնտրող հանձնաժողովներում, ասում է. «Ընդամենը մի քանի օր տեւած պատերազմի արդյունքում 53 անհայտ կորած զինվորները չափազանց մեծ թիվ են կազմում»:
«Տարիներ շարունակվող վրաց-աբխազական հակամարտությունից հետո անհայտ կորածները ավելի քիչ էին, քան հիմա: Ավելին, այսօր վրացական բանակը շատ ավելի լավ է սպառազինված, քան այն ժամանակ: Այս անգամ վրացի բոլոր զինվորները պետք է առնվազն անձը հաստատող երկուական հրակայուն կրծքանշաններ ունենային: Բացի այդ, ռազմադաշտ մեկնող բոլոր մարդիկ միշտ իրենց մոտ իրենց համար թանկ որեւէ բան են ունենում, օրինակ` սրբապատկերներ, լուսանկարներ կամ նամակներ: Այս ամենը հաշվի առնելով, զարմանում եմ, որ այսքան շատ են չճանաչված զինվորները»,- ասում է փորձագետը:
Վրաստանի պաշտոնյաները տարբեր թվեր են նշում հակամարտության արդյունքում անհայտ կորած զինվորների վերաբերյալ, պաշտոնական տվյալներ դեռեւս չկան:
Գիվի Թարգամաձեն, որ համակարգում է Վրաստանի խորհրդարանի` զոհված եւ անհայտ կորած անձանց փնտրող հանձնաժողովը, ասում է, որ տվյալներ ունի դեռեւս անհայտ կորած համարվող 70 զինվորների եւ հարյուրավոր քաղաքացիական բնակիչների մասին:
«Ներքին գործերի նախարարությունը նման կորուստներ չի կրել,- ասում է նա: -Ինչ վերաբերում է քաղաքացիական բնակչության զոհերին, նրանց թիվը հնարավոր կլինի հաշվել միայն վրացական գյուղերից ու քաղաքներից ռուս զավթիչների հեռանալուց հետո»:
Կառավարական հանձնաժողովի հաղորդմամբ, օգոստոսյան պատերազմի արդյունքում զոհվածների թիվն օրեցօր աճում է: Հանձնաժողովի առաջին հաշվետվության մեջ նշվում էր 1500 վիրավոր եւ 215 զոհված զինվորների, այդ թվում՝ ՆԳՆ 13, Պաշտպանության նախարարության 133 զինվորների եւ 69 քաղաքացիական անձանց մասին: Իսկ իր վերջին հաշվետվության մեջ հանձնաժողովը խոսում է ավելի քան 300 զոհերի մասին:
Թարգամաձեի խոսքերով, կեղծ «ասեկոսեները դիտավորյալ են տարածվել»:
«Ասում են, թե մենք հազարավոր քաղաքացիներ ենք կորցրել, դա սուտ է: Մենք պետք է վերջ դնենք նման ասեկոսեներին, քանի որ մեր կրած կորուստներն ինքնին մեծ ցավ են պատճառում մեզ»,- ասում է նա:
Քննադատների կարծիքով, կառավարությունն ինքն է նպաստում ասեկոսեների առաջացմանը: «Նրանք թվեր են նշում, այլ ոչ թե անուններ ու ազգանուններ»,- ասում է խորհրդարանում չներկայացված ընդդիմադիր «Պահպանողական» կուսակցության ղեկավար Զվիադ Ձիձիգուրին: «Սպանվածների անձը դեռեւս հաստատված չէ: Կարծում եմ, նրանք այդպես են վարվում անհայտ կորածների ընտանիքներին հույս տալու նպատակով: Ահա թե ինչպես են թաքցնում զոհերի իրական թիվը»,- ասում է նա: Ձիձիգուրիի խոսքերով, ընդդիմադիր կուսակցությունները խնդրել են իրենց տրամադրել զոհված զինվորների ցուցակները, սակայն ապարդյուն:
Լեւան Բերձենիշվիլին` ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության առաջնորդներից մեկը, այլ հարցում է քննադատում կորած անձանց հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովին: «Ինչո՞ւ կորուստների մասին խոսելիս հանձնաժողովը երբեք չի նշում Ցխինվալի շրջանի բնակչության զոհերի մասին, ովքեր նույնպես մեր երկրի քաղաքացիներն են հանդիսանում»,- ասում է նա:
Ի պատասխան այս մեղադրանքներին, վերաինտեգրման հարցերով պետական նախարարի տեղակալ Էլենե Թեւդորաձեն ասում է. «Ես համաձայն եմ ընդդիմության հետ` այդ զոհերը նույնպես մերն են: Մեր սիրտը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու համար: Ցավոք, ներկա պահին մենք չենք կարող ճշտել մեր կողմից չվերահսկվող տարածքում զոհվածների թիվը: Այդ պատճառով չենք կարող կոնկրետ թվեր ներկայացնել»:
Կառավարությունը թեժ գիծ է բացել` անհայտ կորած անձանց հարազատներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով: «Ըստ մեր տվյալների բազայի, օգոստոսյան իրադարձությունների ժամանակ կորած 1122 անձանց դեռեւս փնտրում են, սակայն մեր ստացած հեռախոսազանգերի թիվն անհամեմատ ավելի մեծ է»,- ասում է խորհրդարանական Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Դավիթ Չաչնիձեն:
«Անհայտ կորածների թվում են 188 զինվորներ, 22 ոստիկաններ, մնացածը քաղաքացիական անձինք են»,- նշում է նա:
Գորիում հազարավոր տեղահանված մարդիկ դեռեւս ապրում են ճամբարում տեղադրված վրաններում: Գրեթե յուրաքանչյուր ընտանիք կարող է պատմել իր կորցրած հարազատի մասին: Նրանց մեծ մասի մտքով անգամ չի անցել օգտվել թեժ գծից: Երբ 25-ամյա Լաշան կորավ Ախալգորիում, նրա հարազատները չդիմեցին կառավարությանը, որպեսզի գտնեն նրան:
Ցխինվալի օս բնակիչների օգնությամբ, 4000 դոլար փրկագին վճարելուց հետո նա ողջ-առողջ տուն վերադարձավ` գերության մեջ չորս օր անցկացնելուց հետո:
Լաշայի հայրն ասում է, որ իրեն ընդամենը մի քանի ժամ էին տվել որդուն ազատելու համար, այդ պատճառով ինքը նախընտրեց չդիմել կառավարության օգնությանը:
Լաշայի նման մարդիկ, ինչպես նաեւ ճամբարային վրաններում ապրող մարդկանց կորած հարազատները չեն ընդգրկվել պաշտոնական ցուցակներում:
Փախստականների եւ վերաբնակեցման հարցերով զբաղվող նախարարությունը նույնպես ցուցակներ է կազմում, որոնց հիման վրա անհայտ կորած անձանց ընտանիքները սոցիալական նպաստներ ստանալու իրավունք կստանան:
Նախարարության տվյալներով, անհայտ կորած է համարվում 1800 մարդ, թեեւ պաշտոնապես որպես անհայտ կորած գրանցվելը ավելի բարդ իրավական ընթացակարգ է պահանջում: Հակամարտության ընթացքում սպանվածների կամ անհայտ կորածների հարազատներից շատերը չափազանց մեծ վիշտ են ապրում, որպեսզի դիմեն կառավարությանը` խոստացված սոցիալական նպաստը ստանալու համար: «Միակ բանը, որ նրանք ցանկանում են, ճշմարտությունը պարզելն է, որքան էլ այն ցավալի լինի իրենց համար,- ասում է փորձագետ Պաատա Զաքարեիշվիլին: -Այս ոլորտում աշխատելու ընթացքում ես հազվադեպ եմ հանդիպել ծնողների, ովքեր գերադասում էին հավերժ սպասել իրենց երեխաներին` դառը ճշմարտությունն իմանալու փոխարեն»:
Զաքարեիշվիլին համոզված է, որ կառավարությունը փորձում է դանդաղ նախապատրաստել հասարակությանը պատերազմի սարսափելի հետեւանքներին:
«Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի դժվար կլինի փնտրել անհայտ կորածներին: Կարծում եմ, որ կորուստներն այնքան մեծ չեն, ինչպես թվում է շրջանառվող լուրերից, սակայն դրանք հաստատ այնքան քիչ չեն, ինչպես ներկայացնում են իշխանությունները: Ասեկոսեները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն ներկայացրել սպանվածների անունները»,- ասում է Զաքարեիշվիլին:
Պաշտպանության նախարարությունից տեղեկացանք, որ զոհված զինվորների ԴՆԹ նմուշների համադրությունը երկարատեւ գործընթաց է: Դա նշանակում է, որ օգոստոսին զոհված զինվորները, որ թաղված են Մուխատգվերդի գերեզմանատան պատվո շիրիմներում, որոշ ժամանակ դեռ անանուն կմնան:
Նատիա Կուպրաշվիլի, Թբիլիսի
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից