Ժորժ Բատայ «Մորիս Բլանշո»

06/10/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Մորիս Բլանշոյին չի կարելի դասել ամենաշատ ընթերցվող ֆրանսիացի գրողների շարքում: Ժամանակակից գրականության որոշ գիտակներ պատրաստ են ճանաչելու նրան, որպես մեր ժամանակի երեւելի գրաքննադատ, եւ սա ամենաշատն է, որ կարելի է ասել Բլանշոյի փառքի մասին: Նրա վեպերն ընթերցողին վհատեցնում են, բայց ամենակարեւորը, նրա ստեղծագործության հենց իմաստը` ինչպես վիպական, այնպես էլ քննադատական մասով, մնում է, այսպես ասած, ամենքին անհասանելի:

Եվ այդուհանդերձ՝ այդ ստեղծագործությունը հեղինակին գրականության ընտել հունից դուրս է բերում, խոսքը մեր ժամանակի ամենաինքնատիպ մտքի մասին է, մենք ուզում ենք դրանով ասել, որ նա հայտնաբերեց մարդկային գոյությամբ բացվող ամենաարտասովոր, ամենազարմանալի հորիզոնները:

Եթե որեւէ մեկը կամենա սահմանել Բլանշոյի տեղը այդ կարգի գրողների մեջ, ապա կարելի է, երեւի թե, տալ Կիերկեգորի, Նիցշեի կամ Կաֆկայի անունները: Սակայն հարկ կլինի հավելել, որ դա զուր աշխատանք է` Բլանշոյի տեղը որոշել փորձելը, ինչպես նաեւ վերոհիշյալ գրողներից յուրաքանչյուրինը:

Սկզբում մի քանի խոսք նրա ստեղծագործության արտաքին կողմի մասին: Դեռեւս երիտասարդ տարիներին նա վարում էր «Journal das Dգobats» ամսագրի խմբագրական սյունակը: 1940 թվականից հետո, երբ գրաքննություն մտցվեց, նա հրաժարվեց անմիջական համագործակցությունից եւ պարզապես գրական տարեգրության բաժնի համար հոդվածներ էր ուղարկում: Այդ գործերը դարձան նրա քննադատական ստեղծագործության ակունքը, որը նա շարունակում է այսօր «La nouvelle revue fransaise»-ում: Ավելի վաղ նա սկսեց վեպեր եւ չափազանց տարօրինակ պատմվածքներ գրել, որոնք ապշեցնում էին ոչ միայն գրական վարպետությամբ, այլ նաեւ, այսպես ասած, առ իրականությունն անտարբերությամբ: Լինելով լիովին ներքին եւ խորքային, գործողությունը դրանցում ծավալվում է խիստ անխոտորությամբ, մնալով, ճիշտ է, այն աշխարհի շրջանակներում, որը գտնվում է անրջանքի, մենության աշխարհի ֆանտաստիկ անպարագրելի տառապանքի իշխանության ներքո: Այդ բավական ծավալուն տեքստերը հրապարակվեցին միայն 1941 թվականից հետո: Այնուհետեւ 1948-1953 թվականներին հայտնվեցին երեք ոչ ծավալուն գործեր, որ կրում էին «պատմվածքներ» անունը, եւ, ընդհանուր առմամբ, առնչվում են միեւնույն փորձին: Սկզբում այն համարյա անզանազանելի է այն փորձից, որը նկարագրված էր վաղ շրջանի «վեպերում», եւ եթե ծայրահեղ վճռականության պոռթկման մեջ նա մուտք է գործում սիրո եւ մահվան իրական աշխարհը, ապա սոսկ այն բանի համար, որպեսզի հասնի այն իրականությանը, որն աչքի առաջ քայքայվում է, ինչպես մեծ միստիկների իրականության անսահման շողանքում: Այդ պատմվածքներում խոսվում է բացառապես մարդկային գոյության մասին, սակայն այն սարսափեցնում է ոչ պակաս, եւ քիչ հաղորդակից չէ բերկրանքին եւ տառապանքներին եւ պակաս անըմբռնելի չէ, քան Աստծո գոյությունը: Այդ ապշեցուցիչ եւ խստամբեր փորձում պարփակված է համարյա ամենքին անծանոթ Բլանշոյի ստեղծագործության էությունը, որտեղ քննադատությունը, վերլուծության ողջ նշանակալիությամբ` տեղ-տեղ զարմանահրաշ խորությամբ հանդերձ, թերեւս ավելի հասանելի է:

Բլանշոյի քննադատության մեջ մեկեն աչքի է զարնում, որ այն ոչ մի կերպ չի հարաբերվում ֆրանսիական քննադատական ավանդույթին: Եթե նրա էտյուդները սերում են ինչ-որ ավանդույթից, ապա ավելի շուտ հարկ է մտածել փիլիսոփայության`գերմանական փիլիսոփայության մասին: Նրանք շարունակում են գրականության այն ֆենոմենոլոգիան, որը մշակում է Հեգելը (թեեւ Բլանշոյի միտքն արմատապես տարբերվում է հեգելյանից), կամ պոեզիայի տեսությունը, որի ուրվագիծը տրված է Հյոլդերլինի մասին Հայդեգերի խոհածություններում: Դա չի խանգարում Բլանշոյին պահպանել պարզության ֆրանսիական սկզբունքը: Ճիշտ է, լոկ ժամանակ առ ժամանակ: Հենց այդ է վկայում Մարկիզ դը Սադի մասին վարպետորեն արված էտյուդը (որի անգլերեն թարգմանությունը մի քանի տարի առաջ հայտնվեց «Հորիզոն» ամսագրի վերջին համարներից մեկում): Բլանշոն, որ գերազանցապես դիտարկում է գրականության ամենաարտասովոր կողմերը, գրելով մի երկրում, որտեղ գրողները դիմում են ընթերցողների սոսկ նեղ շրջանակին, անվարան, հնարավոր է նույնիսկ առավել վճռականորեն դեն նետելով ամենայն տատանումները`այնպիսի խորունկ խորհրդածությունների մեջ է ընկնում, որ նրա մտքին հետեւելը դառնում է անհնար: Նրա համար տարօրինակ բան է, որ կան գրքեր, որ մարդիկ հանկարծ սկսում են գրել, որ նրանց մտքերն այնուհետեւ ապրում են ընթերցողների ուղեղներում: Գրողը, ասում է նա, գտնվում է ողջերի եւ մեռյալների միջեւ: Ժամանակ առ ժամանակ կյանքն իր հանձնում է մահվան դյութանքներին: Բլանշոն իր մասին նույնիսկ կարող է ասել, որ երբ ինքը խոսում է, ապա դա մահն է իր մեջ խոսում: Գրականությունը, ենթադրում է նա, նման է նավթալամպի կրակին` հրի մեջ այրվում է կյանքը, սակայն հուրը կյանք է մնում այնքանով, որքանով կյանքը մահանում է, կյանքը խժռող հրի մեջ այրվելով: Միայն վերջնական մահն է գջլում մեզ փորձառու գոյության ծրագրից եւ նետում է առ տիեզերքի անձեւ հորինվածքը: Իր երկիմաստությամբ, խաղով, որը նա հակադրում է աշխատանքին, ամենայն աղտեղությունների անորսալի վետվետումներով, որոնք նա հակադրում է «իրական աշխարհի հաստատունությանը», գրականությունը գրողին դատապարտում է` ինչպես եւ ընթերցողին, այլ մի բանի, քան իրական աշխարհն է: Գրականության, այդ մութ կողմերից ոչ զուրկ նկարագրության մեջ, մարդկային գոյությանը վերագրվում է այն իրականությունը, որը գտնվում է ամենայն իրականության սահմաններից դուրս, նրանում հառնում է արարվածը, որի գոյությանը, թող թույլ տրվի ասել, ոչ ոք նույնիսկ չէր կարող կասկածել:

Բլանշոն նկարագրել է լռությունը, որը կհետեւի ընդհատմանը կամ վերացմանը, այն տիեզերական խաղի, որը հենց գրականությունն է, միանգամայն հավանական վերացմանը. «Երբ ոչ ոք այլեւս չի վարի այդ արբեցուցիչ զրույցները, որոնք կազմվում են ստեղծագործությունների բառերից եւ դրանց փառքի աղմուկից»: Նրա համար դա իրոք որ մահացու խաղ է, որը լիովին կարող է կանգ առնել, ընդհատվել, եւ այդժամ կընդհատվի մեր մասնակցությունը մահվանը:

Անշուշտ, գրականության այդպիսի ընկալումը մեզ հեռացնում է այդ գործունեությանն ուղղված սովորական հայացքից, որում մենք հաճախ լոկ զվարճալիք ենք տեսնում, թեպետ եւ գիտենք, որ ամեն պահի այն կարող է վերածվել ողբերգության: Բլանշոն ի սկզբանե ընդունում է այդ երկվությունը, սակայն նա, ինչպես ոչ ոք, կարողացավ հայտնաբերել այդ գոյության բոլոր սարսափների առջեւ բաց ոլորտի թափը: Չէ՞ որ ամենքին եւ յուրաքանչյուրին կրոնական փորձի սարսափազդու եւ զմայլահամակ հնարավորությունները նկարագրող բառերի պարում, իր ինքնիշխան տեսիլքների ողջ շքեղությամբ մեզ հայտնվեց սրբազան աշխարհը: Եվ բառը չի կորցրել այդ ոլորտում եւ դրանից դուրս արարելու իր իշխանությունը: Իր երկիմաստությանը համապատասխան, գրականությունը կարող է շրջվել այլ կողմ, որտեղ այն կգործածի բառը, որպեսզի կոչի իրական աշխարհի տարրերը, նկարագրի դրանց շարժումը, իր խնդիրը սահմանափակելով աշխարհի լրացմամբ, փոխանակ, օգտվելով իր էութենական ունակությունից, սպրդի առ իրեն ներհատուկ ցնորական վետվետումը, որն էլ հենց կազմում է գրականության դժոխային կյանքը կամ, ավելի շուտ, մահվան կյանքը նրանում: Ինչեւէ, գրականությունն իր մեջ պահպանում է անասելին եւ անկոչելին անվանելու իշխանությունը, այդ անվանման մեջ հասնելով ամենահեռալուր հեռաստաններին: Գրականության ոլորտում կենող խստամբերությունը համեմատելի է լոկ այն խստության հետ, որը երբեմն պահանջում են կրոնները: Ասվածից ելնելով, հնարավոր է կանխազգալ քննադատական աշխատանքի համար բաց հեռանկարները: Ինչ արժեքներ էլ որ մենք վերագրենք տարատեսակ բառաստեղծագործություններին` վաղնջական թե ժամանակակից, կրոնական ավանդույթով սրբազնացված կամ հարաբերական մենության դատապարտված` դրանք բոլորը կարող են ուսումնասիրման կամ նկարագրման առարկա դառնալ: Այդ իմաստով մենք ինքներս ի վիճակի ենք սահմանել այն, ինչ ծնվում է լեզվից, ինչը նրանով արարվում է, երբ ինչ-որ նոր, բայց սահմանափակ իրականություն հավելվում է նրան, որը նկարագրում է լեզուն, թեպետ վերջինս բնավ էլ նրան չէ պարտ իր գոյությամբ: Բլանշոն շեղվում է այդպիսի հասարակ ուղուց, նրա ստեղծագործության մեջ այդ նոր իրականությունը հիրավի անսահման է: Սակայն այն Բլանշոյի ստեղծագործության մեջ դրսեւորվում է միայն իր գլխապտույտ կողմով, ահա թե ինչու դա սկզբում գրականություն է, եւ հետո նոր՝ քննադատություն: Ահա թե ինչու գրական ստեղծագործությունները (Մորիս Բլանշոյի վեպերն ու պատմվածքները) բոլոր իմաստներով կանխում են նրա տարատեսակ ստեղծագործությունների հետազոտությունները: Գրական էտյուդներից զատ, որոնք ժողովված են «Անհաստատ քայլքով» կամ «Կրակի փրկագնով» երկերում, եւ դրանցից առաջ, Բլանշոյի ստեղծագործության արժեքը նրա վեպերում է, կամ էլ առավել չափով երեք պատմվածքներում, յուրատեսակ եռերգությունում` «Մահվան դատավճիռը», «Երբ կամենաս», «Նա, ով չի ուղեկցել ինձ»: Եթե Բլանշոն կանոնավորապես նկարագրեր գրականությունից ծնված իրականությունը, մենք գործ կունենայինք փիլիսոփայի ստեղծագործության հետ` փիլիսոփա քննադատի, բայց հիմնականում, համենայն դեպս, փիլիսոփայի: Խիստ ասած, նա, գուցե թե, դա արել է, բայց ոչ ակնհայտորեն: Երեւի թե լիովին հնարավոր է նրա վերլուծական էտյուդներից մասնատել գոյության նկարագրությունը, որ որսված է բառաստեղծագործությունների երեւույթներում եւ անհետացումներում, որոնք կազմվում են «ստեղծագործությունների բառերից եւ փառքի աղմուկից»: Բայց Բլանշոյի համար նկարագրությունը չի փոխարինում հենց ստեղծագործությունները: Իրականության ցնծալից առկայծման անկար ողբերգության համեմատ, որի ճիշտ, ճշգրիտ եւ ֆանտաստիկ վերապատմումը տրված է նրա ստեղծագործություններում, սոսկ նկարագրությունը պարզապես տափակություն կլիներ: Ընդհակառակը, խստամբեր շնորհի պատճառով Բլանշոն իր ստեղծագործություններով փոխարինում է ամենայն գրականության փիլիսոփայությունը: Գրականությունն ընդհանրապես, միեւնույն է, փիլիսոփայություն է, այն հենց էությունն է, որ նկարագրման է տրվում փիլիսոփայության եզրերով, մինչդեռ առանձին ստեղծագործությունը գրականության շարժումն է, փորձը. դա արդեն փիլիսոփայություն չէ, այլ բառի անօգնական ընդունումը, որն անկարող է մեկ անգամ եւ ընդմիշտ անվանել այն, ինչ կա:

Անշուշտ, Բլանշոյի քննադատական ստեղծագործությունը նույնպես նպաստում է այդպիսի ճանաչմանը:

Նրա գրական ստեղծագործությունը, տվյալ առումով, բացառիկ իմաստ ունի: Բլանշոյի պատմվածքներից հաղորդվող փորձը գրողական փորձ է, եւ դա արարում է գրական ստեղծագործության առասպելը: Բլանշոն այնչափ մոտ է սյուրռեալիզմի որոշ խստություններին (ընդ որում, նա դրա թեթեւամտությունների հակոտնյան է), որ հարկ էլ չկա մտածելու պարապ տեսական կառույցների մասին: Նա փորձի գրող է` ստեղծագործության ամայացման իշխանության ներքո: Սակայն դա միշտ զգալի չէ: Առաջին երկու պատմվածքները, հատկապես ամենաառաջինը, պատմում է, ինչպես եւ ուզածդ պատմվածք, սիրո եւ մահվան մասին, բայց արդեն «Մահվան դատավճիռում» նկատելի է գրական ստեղծագործության վտանգավոր խաղը, որը գրողին զատում է աշխարհից, եւ նրան այս աշխարհում մեռյալի վիճակի մեջ է դնում: Տարօրինակ է, բայց «Մահվան դատավճռի» վերջին տողերում առկայծում է գրողի եւ գրողական տառապանքի պահը, նվազագույնը այն տեսքով, որով նա հայտնվում է ընթերցողին, ում կարող էր վհատեցնել գրքի վերջը, որն արտահայտում է այդ երկու էությունների լիովին համաձայնությունը: Բայց կարեւորը, այդ տեսակը պիտի որ վհատեցնի յուրաքանչյուրին, ով գրքի մասին դատում է ըստ կամայաբար ընտրած հատվածի:

«Մթան մեջ ընթերցողն այդ կտեսնի ինձ, իմ խոսքը նրա համար լռություն կլինի, եւ նա կհավատա, որ թագավորում է աշխարհին, բայց նրա իշխանությունը կմնա դեռեւս իմը, իմը կլինի եւ նրա անգոյությունը, եւ նա էլ կիմանա, որ վերջ չունի այն մարդը, ով ուզում է իրեն վերջ տալ միայնակ:

Ինչ որ արժե յուրացնել յուրաքանչյուրին, ով, մեկ էլ տեսար, կկարդա այս էջերը, մտածելով, թե դրանք ներթափանցված են դժբախտության մասին մտքերով: Եվ ավելին` թող նա փորձի պատկերացնել դրանք գրող ձեռքը` եթե նա այն տեսնի՝ գուցե ընթերցումը նրա համար լուրջ խնդիր դառնա»:

Մութ խոսքեր, եւ ոչինչ չի կարող դրանք լուսաբանել: Դա գրողի ձայնն է, մահվան ձայնը, ձայնը, որ հասնում է այլ աշխարհից, եւ անպայմանական իսկություն ունի, եւ միայն Բլանշոն է զորու ստիպելու մեզ ունկ դնելու դրանց:

Այդչափ մութ ու միաժամանակ վճռական խոսքը պարունակում է շարժում, որը շարունակում է այն ահագնացնելով, ամենաանպայմանական խոսքի արարումը, իհարկե, այդպիսի արարչական շարժումը կարող է վերլուծվել, բայց ոչ թե որեւէ փիլիսոփայությամբ, քանզի հենց շարժումն իր մեջ պարունակում է այդ աշխարհաժխտումը, որի դրամատիկ եղանակն է, ինչպես որ դա հաճո է փիլիսոփայությանը` պատասխանը հարցին: Պատասխանը հասկանալի է, բայց նվազ հասկանալի է: Բայց խոսքն այն մասին չէ, որ հասկանաս գոյությունը, բանն այն է, որ որքան հնարավոր է հեռուն գնաս, մեզ համար բաց փորձում: Ամենահեռալուր հեռաստանների փորձը ամենահեշտ բանը չէ, եւ, ընդհանուր առմամբ, պարտադիր էլ չէ, եւ մեզ վրա բառնած պարտք չէ: Բայց ինչպես գետերն են ծովը լցվում, այնպես էլ գրականությունն ու միտքը սուրում են դեպ այդ վիհը:

Ահա թե ինչ կարելի էր ասել ստեղծագործության մասին, որին մոտենալը բավականին դժվար է, բայց որը, անկասկած, մեր ժամանակի ամենաարտասովոր ստեղծագործությունն է: