Գրականության (եւ ընդհանրապես արվեստի) առումով մեր դարին ի սկզբանե ներհատուկ է վիթխարի ավյունը, ամենաիսկական ապստամբությունը` հաճախ, ի դեպ, ընդվզման, տապալման, հեղափոխության ձեւ առնող, հազիվ կանխատեսելի, սակայն, այդուհանդերձ, ցանկալի հնարավորությունն ավելին ասելու, քան խոսվում է, նկարագրել անհնարինը, նշանակության ծածկագրությունը, որը կընդգրկեր աննշմարն ու աննշանակալիցը, անհիշելին եւ անգիտակցականը, անարտաբերելին եւ անհայտը: Խոսքն, ի վերջո, նաեւ այն մասին է, որպեսզի մեկ անգամ եւս խաղարկվի աշխարհի ողջ հզորությունը, որոշ դիցաբանություններից դուրս:
Եվ ողջ այդ ավյունը միջաթափանց հագեցած է աղետով, որում ողջ «մշակույթն» ամբողջությամբ մերկացնում էր իրեն, որպես բարբարոսության զազրելի հնարք: Ահա այդպես էլ մեզ համար լույս աշխարհ եկավ «առանց միամտության դարաշրջանը» եւ որեւէ գրականությանը հավատալու անհնարինությունը:
Ասես սրա եւ նրա` ավյունի եւ ամոթի արանքում էլ ծնվեց Մորիս Բլանշոյի ձայնը, ով իր դժվարությանը համապատասխան, խուլ եւ համաչափ համառում էր ոլորապտույտ եւ նույնիսկ տառապալից ճանապարհին, ուր ամեն մի քայլ ծուղակ է եւ, ընդ որում, որպես այդպիսին էլ գիտակցվում է: Համառում էր անպարագրելի, պարզապես անտանելի անխոնջությամբ, մինչեւ ատամներն առնելը հավատարիմ քաղաքակրթության անօրինակ թուլացմանը, նրա իմաստի եւ ճշմարտության խաղիկներով: Ձայնն այդ խիզախեց գրելու անհրաժեշտության ետեւից ընկնել, շարժմամբ արդեն ոչ առ այն, որպեսզի ինքն իրեն որսա, այլ՝ որ ինքն իրեն ազատ արձակի:
Եվ նա այդպես էլ չի դադարում քրթմնջալ ի հեճուկս այն բանի, ինչը որ պետք է նրան ընդհատի. նա խոսում եւ հեռանում է հավաստի ակնթարթից, որը նրան ընդմիշտ չեզոքացնում է, եւ, հետեւաբար, նույնքան ի հեճուկս եւ այն բանի, որ փորձում է դրան ենթարկել այդ ազատագրումը, որպես եւս մի հափռված առարկա, ինչպես որեւէ գրական միջոցառում, այնինչ նրա հաշվարկը` սովորական գրական հասարակությունից ազատվելն է:
Այսպիսով, այդ ձայնը մշակված է, նա ներկայացավ այնպիսի որակով, որպես արդեն անհետացած ողջի ձայն, ողջ-ողջ անհետացած հենց իր խոսքում, խոսքի նույնականության մեջ, որը պահպանվում է ընդմեջ պատմության բեկման, խոսելու ունակ լոկ այդ զիգզագը կոկորդում: Այսինքն, ասես քշվող «բացարձակ պատասխանատվությամբ», պատասխանելու եւ երաշխավորելու անհրաժեշտությամբ այն բանի համար, որ մնում է առանց պատասխանի ու երաշխավորության:
Այդ մշտատեւ խիզախությամբ, ծայրահեղ եւ այդ որակով ցանկալի փխրունությամբ մենք անխուսափելիորեն կդառնանք ուղեկիցներ եւ զրուցակիցներ: Մինչ ես դանդաղորեն
ուսման միջոցով հայտնաբերում էի գրականության (ինչպես ասում են) գանձերը, դրանց սկսեց միախառնվել եւ այդ ձայնը, խճճելով պատկերը, շեղելով ուշադրությունը: Սկզբում շվարած, ես պետք է մեկեն հայտնաբերեի նրան ու ամենամտերիմ ու ամենաօտար ընկերակցությունը, ամենաթաքունը, ամենագաղտնին, ինչ-որ յուրահատուկ մթագնումով լուսաբանող: Այդ ընկերակցությունը, իհարկե, մտերիմ էր, քանզի Ֆլոբերի ժամանակներից ի վեր գրականությունը մտահոգված է ինքն իրենով, բայց մնալով ինքն իրենում նողկանքի մեջ (հիշվում է Ֆլոբերի տառապալից նախադասությունը. «Գրականությունն ինձ համար արդեն ավելին չէ, քան սահմռկելի արհեստական ֆալոս, որով ինձ տոչորում են, իսկ ես նույնիսկ, չեմ պրծնում») եւ սակայն օտար, քանզի, ինչպես եւ պատշաճ է, դա բացարձակ անհանգստության ձայնն է, մենավոր, ինչպես եւ հատուկ է ձայնին, որ կարող է սոսկ դարձյալ ու դարձյալ նորիցնոր զատվել, տեղի տալ եւ կորչել իր անվերջանալի քայքայման մեջ: Եվ ոչ մեկին չի վիճակվում նրան աջակցել, ինչպես, ասենք նաեւ` առարկել: Բսյց նա նորից տարօրինակ կերպով յուրաքանչյուրին իր հերթին խիզախելու հնարավորություն է ընձեռումգ Աշխարհի կենտրոնում, որն արարված է արդեն ոչ թե անմիջականորեն ավյունի եւ ամոթի միջեւ եղած մոլեգին հակադրությունից, այլ ինչ-որ ինքն իրենում անվստահ հոգսից, որ կասկածում է, թե արդյոք «գրականությունը» դեռեւս իմաստ ունի, թող որ եւ կայացող այն բանում, որ իրեն կասկածի, կամ էլ իմաստն անցնի ուրիշ մի տեղ (դե, իհարկե, ոչ առ կրոնը, գիտությունը, փիլիսոփայությունը), եթե ընդունես, որ նա միշտ անցողիկ է, թող որ հոսանքին հակառակ, թող որ բացակայությամբ եւ ծածկաբար: