Արդյոք մենք գիտակցո՞ւմ ենք, թե որքանով ենք մենք պարտական թարգմանիչներին, եւ առավել եւս՝ թարգմանությանը: Վստահ չեմ: Սակայն, երբ մենք նույնիսկ շնորհակալ ենք լինում մարդկանց, որ խիզախորեն չեն ընկրկում հանելուկի առաջ, ինչը հենց թարգմանության խնդիրն է. երբ մենք հեռվանց ողջունում ենք նրանց, որպես մեր մշակույթի աննշմար վարպետների. հետեւելով նրանց եւ ենթարկվելով նրանց ջանքին, մեր երախտագիտությունն անլսելի է մնում, նույնիսկ փոքր-ինչ մեծամիտ եւ դրա հետ մեկտեղ՝ հաճկատար, քանզի մենք երբեք չենք հասնում այն բանին, որ նրանց հատուցենք ճշմարիտ երախտագիտությամբ: Թույլ տվեք ինձ օգտվել Վալտեր Բենիամինի վերջերս թարգմանված (ի թիվս այլոց) հիասքանչ էսսեից, որտեղ նա, հոյակապ էսսեիստը, խոսում է թարգմանչի խնդրի մասին, որոշ դիտողություններ անում գրական գործունեության այդ եղանակի մասին, բացարձակապես յուրահատուկ կերպի, եւ եթե մենք դեռեւս շարունակում ենք, լիահիմք թե ոչ` ասել, որ մեր մեջ կան բանաստեղծներ, գոյություն ունեն վիպագիրներ, ուրեմն՝ նաեւ քննադատներ, ապա հարկ է եւ այդ շարքում հիշատակել թարգմանիչներին, ամենահազվագյուտ տարատեսակության գրողներին, որոնց ոչնչի հետ չես կարող համեմատել:
Հիշեցնեմ, որ որոշ մշակույթներում թարգմանությունը երկար ժամանակ թվում էր վնասաբեր գործունեություն: Ոմանք չեն ուզում, որ թարգմանեն իրենց լեզվի, այլք`որ թարգմանեն իրենց լեզվից, եւ պատերազմ է պետք, որ տեղի ունենա այդ, ճշգրիտ ասված, դավաճանությունը, որը վտանգի է ենթարկում իր ժողովրդին. (հիշենք Էթեոկլեսի հուսաբեկ ճիչը. «Մի կտրեք մեզ հարազատ հողից, մի դարձրեք թշնամու ավար քաղաքը, ուր խոսում են իսկական հունական բարբառով»): Սակայն թարգմանիչը անխուսափելիորեն մեղավոր է եւ ավելի մեծ սրբապղծության մեջ է` հենց Աստծո ախոյանը, նա մտադրվում է վերստեղծել Բաբելոնյան աշտարակը, հեգնաբար օգուտ եւ շահ քաղել ի վերուստ տրված պատժից, որը բաժանել է մարդկանց` խառնելով նրանց լեզուները: Մի ժամանակ նույնիսկ հավատում էին նախաստեղծ լեզվի ակունքներին, վերին Բանին հասնելու հնարավորությանը, որին տիրապետելը ճիշտն ասելու համար բավ է: Բենիամենի դեպքում այդ երազանքից ինչ-որ բան պահպանվում է: Լեզուները, նկատում է նա, հարաբերվում են միեւնույն իրականությանը, բայց արտահայտում են այն տարբեր եղանակներով: «Brot» ասելով եւ «հաց» ասելով, ես խոսքս հասցեագրում եմ միեւնույն բանին, բայց տարբեր կերպ եմ արտահայտվում: Յուրաքանչյուր լեզու անկատար է: Թարգմանության մեջ ես չեմ սահմանափակվում մի միջոցն այլով փոխարինելով, մի ուղին` այլ ուղով, այլ հղում եմ բարձրագույն լեզվին, որում ներդաշնությունն է կամ բոլորի` հասցեագրման ամենատարբեր միջոցների փոխլրացնող միասնությունը, որն անսխալականորեն արտահայտում է այն ներթաքույց կապը, ինչը հաշտեցնում է բոլոր լեզուները, որոնցով խոսում են բոլոր գրքերը: Այստեղից էլ բոլոր թարգմանիչներին ներհատուկ մեսիականությունը, քանի որ նա իր աշխատանքով օգնում է մայրենի լեզվին բարձրանալ առ այն սահմանային բարբառը, որի վկայությունն է գոյություն ունեցող լեզուներից ցանկացածը, քանզի նրանում թաքնված է գալիքը, թարգմանությունը պայքարում է հենց դրա համար:
Առերեւույթ մեր առջեւ գաղափարների ուտոպիստական խաղն է: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր լեզվի միակ միջոցը հարաբերվում է իրականությանը, եւ մշտապես այն նշանակելու միակ միջոցն է, եւ այդ պատճառով այդ միջոցները միմյանց լրացնում են: Սակայն Բենիամինի դեպքում, ըստ իս, խոսքն այլ բանի մասին է: Ցանկացած թարգմանիչ ապրում է լեզուների տարբերությամբ, ցանկացած թարգմանություն հիմնվում է այդ տարբերության վրա, դրա հետ մեկտեղ՝ հետապնդելով, կարծես թե, դրան անհամատեղելի նպատակ` այդ տարբերությունը վերացնել: (Լավ թարգմանված գործը այդ երկու՝ միմյանց բացասող արժանիքների համար էլ գովում են, կամ ասում են, որ դրանում թարգմանությունից ոչինչ չկա, կամ դրանում տեսնում են համարյա թե բնագիրը, նրա հիասքանչ նմանությունը, առաջին դեպքում, հանուն նոր լեզվի թաքցնում են գործի ծնունդը, երկրորդ դեպքում, հենց հանուն գործի, թաքցնում են երկու լեզուների տարատեսակությունը. երկու դեպքում էլ ինչ-որ էական բան կորչում է: Սակայն, ճիշտն ասած, թարգմանությունը երբեք չի նպատակադրվում վերացնել տարբերությունը: Ընդհակառակը, նա խաղում է դրա վրա` մշտապես այդ է ակնարկում, թաքցնում է այն, թեպետ երբեմն մերկացնելով, իսկ հաճախ եւ շեշտելով, նա հենց այդ տարբերության մարմնացումն է, նա դրանում տեսնում է իր բարձրագույն պարտքը, բայց եւ իր անպարտելի գայթակղությունը, երբ հպարտորեն մոտեցնում է երկու լեզուները, նրան ներհատուկ վերամիավորման ուժով, ինչը հիշեցնում է Հերակլեսի մասին, ով ի մի է բերում ծովի ափերը:
Ավելին, ինչպիսին էլ լինեն ստեղծագործության տարիքն ու արժանիքը, այն կարող է թարգմանվել, եթե միայն բացեիբաց իր մեջ կրում է այդ տարբերությունը, կամ ի սկզբանե հղելով այլ լեզվին, կամ յուրահատուկ եղանակով միավորելով իր մեջ այլ լինելու ընդունակությունները` իրենից տարբերվելը, ինչը որ ունի ցանկացած կենդանի լեզու: Բնագիրը ոչ մի պահ չի կարծրանում, եւ այն ամենն, ինչ տվյալ լեզվում պատկանում է գալիքին, այն ամենը, ինչը նրանում խոսում կամ հիշեցնում է ուրիշի մասին, երբեմն նույնիսկ սպառնացող ուրիշ վիճակի մասին` այդ ամենը ծավալվում է գրական ժառանգության հանդիսավոր հոսընթացում: Թարգմանությունն անխզելիորեն կապված է այդ կազմավորման հետ, հենց այդ էլ նա «թարգմանում է», այդ է մարմնավորում, եւ այդ անհնար է առանց այդ ընթացքի, այդ կյանքից դուրս, որը նրան հափշտակում եւ ձգում է, երբեմն որպեսզի ողջ մաքրությամբ ազատագրի, իսկ երբեմն էլ` ողջ ծանրությամբ ստրկացնելու համար: Ինչ վերաբերում է դասական գլուխգործոցներին, նրանք պատկանում են այն լեզուներին, որոնցով արդեն չեն խոսում, եւ դրանք հենց դրա համար էլ թարգմանություն են աղերսում, քանի որ մնացել են մեռյալ լեզվի կյանքի միակ պահոցը, այդ անսպառ լեզուների գալիքի միակ պատասխանատուները: Նրանք ողջ են, եթե միայն թարգմանված են, ավելին, նրանք մայրենի լեզվում ապրում են այնպես, ասես անընդհատ թարգմանում եւ երկարացնում են իրենց հիմնական յուրահատկությունը` նախասկզբնական օտարածինությունը:
Թարգմանիչը` անկրկնելի յուրահատկության գրող է, ընդ որում, հենց այն բանում, որում, թվում է թե, հենց դրան էլ հավակնում է: Նա լեզվական տարբերությունների գաղտնի տիրակալն է: Բայց նրա խնդիրը դրանք ջնջելը չէ, այլ օգտագործելը, որպեսզի կտրուկ կամ նրբին տեղաշարժերով ստեղծի մայրենի լեզվում այն բանի ներկայությունը, ինչը որ նախասկզբնական զանազանության մեջ կրում էր բնագիրը: Նմանությունն այստեղ, արդարացիորեն նկատում է Բենիամինը, ընդհանրապես կապ չունի. երբ կամենում են, որ թարգմանական գործը նման լինի բնագրին, դրական թարգմանությունն անհնար է (ճիշտ նույնպես վիպական իրականությունը չի արտացոլում արտավիպականը): Խոսքն, ավելի շուտ, նույնականության մասին է, որն այլությունից է սկսվում, խոսքը մի ստեղծագործության մասին է, որը գոյություն ունի երկու տարբեր լեզուներով` հենց նրանց տարբերության շնորհիվ, որ մերկացնում է խզումը, եւ որը ստեղծագործությունը դարձնում է իրեն անհավասար, միշտ այլ` խոսքը տեղաշարժի մասին է, որից էլ հենց անհրաժեշտ է կորզել եւ դրանով սնել թափանցիկ եւ ուրիշի հանդիման բաց թարգմանությունը:
Այո, թարգմանիչն ամենուր օտարական է, նա ապրում է կարոտաբաղձությամբ, ապրելով՝ որպես իր լեզվի թերացում եւ բացթողում: Այն ամենը, ինչն այլալեզու բնագիրը (որին նա երբեք լիովին հասու չի լինի, չէ որ նա նրանում սոսկ հյուր է, հավերժական հրավիրյալ, այլ ոչ թե բնիկ) անհապաղ եւ հաստատապես նրան խոստանում է: Այստեղից էլ մասնագետի վկայած փաստը, որ թարգմանելիս թարգմանիչն ավելի շուտ իրեն խորթ է զգում ընտել մայրենի բարբառում, ինչքան էլ որ ծանր լինի այլի` առաջվա պես խորթի հետ: Ոչ թե, որ նա տեսնում է միայն այն, ինչը չի բավում, ասենք, իր մայրենի ֆրանսերենին, եւ մտածում էր այնտեղ ներմուծել այդ օտարալեզու, հայրենական նմուշները մթագնող տեքստը: Ոչ, նա ի սկզբանե յուրակերպ է տիրապետում ֆրանսերենին`ժխտական, եւ այդ ժխտականությամբ հարուստ եղանակով. այնպես որ պակասը հավասարակշռել նա կարող է միայն այլ լեզվի պաշարների հաշվին, ուր եւ ինքը դառնում է այլ` տվյալ միակ ստեղծագործության մեջ, որտեղ մի պահ ամբողջովին ժողովվում է:
Բենիամինը հղում է անում Ռուդոլֆ Պանվիցի տեսության ապշեցուցիչ մի հատվածի. «Մեր թարգմանությունները, նույնիսկ լավագույնները, սերում են սխալ մի նախադրույթից, մտադրվում են գերմանականացնել սանսկրիտը, հունարենը, անգլերենը, փոխանակ սանսկրիտացնեն, հելլենիզացնեն, անգլիականացնեն գերմաներենը: Նրանք շատ ավելի հարգում են մայրենի լեզվի բառագործածումը, քան օտարալեզու ստեղծագործության ոգինգ Թարգմանչի հիմնական սխալը` հավերժացնելն է այն վիճակը, որում նա պատահաբար գտել է սեփական լեզուն, փոխանակ տրվի օտար բարբառի տիրական ազդակին»: Սպառնալի գրավիչ առաջարկ կամ պահանջ: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր լեզու հնարավորություն ունի դառնալու բոլոր մյուսները կամ, ծայրահեղ դեպքում, առանց դույզն-ինչ վնաս կրելու շարժվել ամենատարբեր ուղղություններով, նկատի է առնվում եւ այն, որ թարգանիչը բավականաչափ պաշարներ կգտնի թարգմանվող տեքստում եւ ինքնին բավականաչափ կշիռ ունի, որպեսզի մղի դեպի այդ վճռական բեկումը, եւ, ի վերջո, նկատի է առնվում այնքան ազատ եւ նորարարական թարգմանությունը, որն ունակ կլինի մայրենի գրականության բառապաշարի եւ շարահյուսության ամենայն հնարավորությունները գերազանցելուն, իսկ դա, եթե միտքն ավարտին հասցնենք, թարգմանությունը փաստացիորեն դարձնում է ավելորդ:
Մնում է հավելել, որ իր հայացքների սատարման համար Պանվիցը կարող է ապահովվել այնպիսի անուններով, ինչպիսիք են` Լյութերը, Ֆոսսը, Հյոլդերլինը, Գեորգեն, ովքեր թարգմանելիս, ամեն անգամ, առանց տատանվելու կոտրում էին գերմաներենի շրջանակները, որպեսզի ընդարձակեն նրա սահմանները: Հյոլդերլինի օրինակը, իրոք որ, ցույց է տալիս, թե, ի վերջո, ինչ վտանգ է սպառնում թարգմանության զորությամբ հմայված մարդուն: Սոֆոկլեսյան «Անտիգոնեի» եւ «Էդիպ արքայի» փոխադրումները մնացին համարյա թե նրա վերջին գործերը`դեպ խելագարություն նրա շրջադարձի ճանապարհին` մինչեւ ծայրակետը մտածված, սանձահարված եւ ազատ գործեր, անդրդվելի հաստատունությամբ ենթարկված մի մտահղացման` ոչ թե հունարեն տեքստը փոխադրել գերմաներենի գիրկը, ոչ թե գերմաներենը վերադարձնել հունական ակունքներին, այլ վերամիավորել երկու ուժերը, որոնցից մեկը ներկայացնում է Արեւմուտքի փոփոխականությունը, իսկ մյուսը` Արեւելքի հեղհեղուկությունը` միասնական, ամբողջական եւ մաքուր լեզվի պարզության մեջ: Պարզվեց, որ այդ երկու լեզուների միջեւ այնպիսի խորունկ համաձայնություն է հայտնաբերվել, այնպիսի նախասկզբնական ներդաշնություն, որ իրենով փոխարինում է իմաստը կամ, այլ կերպ ասած, նրան հաջողվում է այդ երկուսի միջեւ բացված ճեղքը վերածել նոր իմաստի ակունքի: Ազդեցությունն այնքան ուժգին էր, որ Գյոթեի սառը ծիծաղի վրա չես էլ զարմանում: Ո՞ւմ վրա էր, ըստ էության, ծիծաղում Գյոթեն: Այն մարդու վրա, ով դադարել էր արդեն բանաստեղծ եւ թարգմանիչ լինել, այլ խենթորեն ընթանում էր դեպի այն կենտրոնը, ուր մտածում էր մի կետում հավաքված գտնել ամենայն ինչի կապակցման այնպիսի մաքուր հնարավորությունը, որն ինքնին ունակ է իմաստ ծնելու` ցանկացած կարգված եւ սահմանափակ իմաստից անկախ: Այն, որ նմանատիպ գայթակղությունը հայտնվեց Հյոլդերլինին թարգմանության տեսքով, հասկանալի է` առ մաքուր հնարավորություն կցորդել ամեն ինչ ամենայնում, ինչով ողջ է, ինչպես ցանկացած գործնական գործողություն, այնպես էլ` ցանկացած լեզու: Թարգմանիչը, ինչպես ոչ այլ ոք, գտնվում է անընդհատական, վտանգավոր եւ զմայլելի մոտակայության մեջ: Հենց այդ անմեկնելիությանն է նա պարտական գրողներից ամենահպարտն ու ամենաաննկատը լինելու իր իրավունքներով, որ ոչ մի ակնթարթ չէր բաժանվում այն համոզմունքից, որ թարգմանությունն, ի վերջո, խելագարություն է: