Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի` նախօրեի նիստում Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման հարցով քննարկումներից հետո սպասվում էր, որ հանձնաժողովի համազեկուցողներն արդեն երեկվա նիստում կներկայացնեին ՀՀ-ի վերաբերյալ հատուկ փաստաթուղթ կամ բանաձեւի նախագիծ: Սակայն Մոնիտորինգի հանձնաժողովի երեկվա նիստում Հայաստանի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացվել: ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ այդ փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կներկայացվի այսօրվա նիստի ժամանակ: Բացառված չէ, որ այդ հետաձգման պատճառ է հանդիսացել այսօր ՀՀ ԱԺ-ում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ուղերձով հանդես գալու մասին տեղեկատվությունը: Ըստ որոշ տեղեկությունների, հնարավոր է, որ այսօր Ս. Սարգսյանը հայտարարի քաղբանտարկյալների նկատմամբ համաներում կիրառելու մասին: Իսկ դա, բնականաբար, կարող է էապես ազդել ԵԽ ԽՎ-ի կողմից հրապարակվելիք փաստաթղթի կամ բանաձեւի բովանդակության վրա, քանի որ նույնիսկ ընդհանուր դիրքորոշման մեղմացման պայմաններում ԵԽ ԽՎ-ն չի փոխել քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ պահանջը: