«Կայունությունը Վրաստանում պակաս կարեւոր չէ, քան կայունությունը Հայաստանում»

02/10/2008

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ:

«Անկախության առաջին իսկ տարիներից Հայաստանի առջեւ ծառացան խնդիրներ` նոր որակով վերականգնել ընդհատված իրավապայմանագրային եւ տնտեսական հարաբերությունները այլ երկրների, այդ թվում նաեւ՝ Վրաստանի հետ, եւ միջազգային ասպարեզում հանդես գալ որպես ինքնուրույն պետություն: Պատմությունն ապացուցել է արտաքին շահերի հակադրման վրա տակտիկական խուսավարման քաղաքականության սնանկությունը: Ելնելով դրանից, Հայաստանի արտաքին քաղաքականությունը միտված է խորացնելու իր ներգրավվածությունը տարածաշրջանային եւ միջազգային տարբեր ձեւաչափերում, ընդլայնելու եւ ամրապնդելու բարեկամական գործընկերությունները իր հարեւանների, ինչպես նաեւ` Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ»,- իր ելույթում ասել է Ս. Սարգսյանը` նշելով, որ նման քաղաքականությունը նպաստում է տարածաշրջանում պատմականորեն առաջացած հակասությունների հաղթահարմանը, բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետների ու շահերի մոտարկմանը: Այդ հավասարակշռված քաղաքականության հետեւողական կիրառման արդյունքում Հայաստանն այսօր միջազգային հանրության կողմից ընդունվում է որպես վստահություն ներշնչող, հուսալի եւ կանխատեսելի գործընկեր: «Մեր երկրներն իրենց համարում են եվրոպական քաղաքակրթության անքակտելի մաս, եւ Եվրոպայի հետ մերձենալու ճանապարհին Հայաստանն ու Վրաստանը պետք է լինեն ներդաշնակ գործընկերներ»,- հայտարարել է Ս. Սարգսյանը` նշելով, որ Հայաստանի անդամակցությունը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը հանդիսանում է անվտանգության ամրապնդման եւ քաղաքական ու ժողովրդավարական բարեփոխումների ապահովման կարեւոր գործիք: Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, որի կարգավորման բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ շրջանակներում, Հայաստանը դիտարկում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի համատեքստում եւ հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներին: Նա համոզմունք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնումը չի կարող հաջողությամբ պսակվել, եթե հաշվի չառնվեն իր տեսակի մեջ յուրահատուկ այդ հիմնախնդրի բոլոր՝ պատմական, իրավական եւ քաղաքական իրողությունները: «Մինսկի խմբի համանախագահողներ հանդիսացող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործուն աջակցության շնորհիվ մեզ հաջողվեց հանգել փոխըմբռնման որոշակի սկզբունքների, որոնք հիմնվում են փոխզիջման անհրաժեշտության վրա: Ինչպես բարձր մակարդակի, այնպես էլ նախագահների անձնական ներկայացուցիչների պարբերական հանդիպումներն ընթանում են, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների ներքո: Վստահ եմ, որ դրանք կարող են հիմք հանդիսանալ հակամարտության կարգավորման համար»,- նշել է ՀՀ նախագահը: Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի վերջերս ՀՀ կատարած այցին, Ս. Սարգսյանը տեղեկացրել է, որ հրավերն արվել էր այն համոզմամբ, որ ուղղակի շփումը հարեւան պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման միակ արդյունավետ ձեւն է: «Իհարկե, «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած այս նախաձեռնությունն ունի նաեւ քաղաքական ենթատեքստ: Չմոռանալով անցյալը, մենք պետք է նայենք դեպի ապագա, ձեւավորենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ եւ սկսենք շփումներն առանց նախապայմանների: Երկխոսության առկայության պարագայում կարելի կլինի քննարկել ցանկացած թեմա, նույնիսկ` ամենակնճռոտ հարցերը: Մենք հավատում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն իր հերթին կնպաստի մեր տարածաշրջանում բարվոք միջավայրի հաստատմանը: Հայաստանը գտնում է, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել գոյություն ունեցող խոչընդոտները, այլ ոչ թե շրջանցել դրանք»,- ասել է Ս. Սարգսյանը:

Հայ-վրացական ներկա փոխհարաբերությունների առնչությամբ Ս. Սարգսյանն ասել է, որ դրանք հիմնված են փոխադարձ շահերը հարգելու եւ բարիդրացիական հարաբերությունների ավանդույթները պահպանելու ու զարգացնելու սկզբունքի վրա: Դրանցից կարեւորագույնը հարեւանի նկատմամբ թշնամական գործողությունների բացառումն է: «Հայաստանը խորապես շահագրգռված է անվտանգության տարածաշրջանային գործուն համակարգի ստեղծման մեջ: Մենք հավատում ենք տարածաշրջանային տնտեսական համագործակցության ներուժին՝ առկա անհամաձայնությունները հարթելու գործում: Քանիցս ասել եմ, որ կայունությունը Վրաստանում ՀՀ-ի համար պակաս կարեւոր չէ, քան նույն կայունությունը Հայաստանում: Խնդիրը միայն նրանում չէ, որ Վրաստանը հանդիսանում է Հայաստանի համար որպես հիմնական դարպաս արտաքին աշխարհի հետ շփվելու համար, այլ նաեւ նրանում, որ Վրաստանում է ապրում մեր հայրենակիցների մի մասը՝ հարյուր-հազարավոր մարդիկ, եւ մենք անպայման այս փաստը պետք է հաշվի առնենք»,- ասել է Սերժ Սարգսյանը: