Հանձնաժողովը կարո՞ղ է ինքնուրույն գործել

02/10/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւ հանձնաժողովի դաշնակցական անդամ Արծվիկ Մինասյանը երեքշաբթի օրը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են մարտի 1-ի գործով կալանավորված Սուրեն Սիրունյանի հետ: Ս.Նիկոյանի խոսքերով, Ս.Սիրունյանն անձամբ իրեն է զանգել եւ հանդիպում խնդրել:

«Ս.Սիրունյանը մի քանի հարց բարձրացրեց: Նախ, որ մայիսի 3-ից հետո նրա հետ քննչական գործունեություն չի իրականացվել, սակայն այս ընթացքում առանց լրացուցիչ բացատրությունների նրա մեղադրանքներին ավելացրել են 300-րդ հոդվածը (Պետական իշխանության յուրացում.- Ա.Ա): Բացի այդ, մայիսից քննչական գործունեություն չիրականացնելով հանդերձ՝ նրան պահում են կալանքի մեջ: Հայտարարվել է, որ նրա գործով նախաքննությունն ավարտվել է, բայց գործը դեռ դատարան չի ուղարկվել: Սիրունյանը դժգոհեց, որ իրեն առաջադրված նույն մեղադրանքներով մեղադրվել է մարտի 1-ի գործով եւս մի կալանավոր, սակայն նրան ազատ են արձակել, իսկ իրեն շարունակում են պահել բանտում: Դժգոհեց առողջական վիճակից: Ասաց, որ թեպետ վիրահատության վերքը լավանում է, սակայն ցավում են լյարդը եւ գլուխը: Բացի այդ, նա դժգոհեց, որ 40 հատորանոց գործի կեսը ստացել է, բայց իր մասով այնտեղ ոչինչ չկա: Սիրունյանն ակնկալում է իր բարձրացրած հարցերի պատասխանը նախաքննական մարմնից ստանալ հանձնաժողովի միջոցով»,- մեզ հետ զրույցում ասաց Ա.Մինասյանը:

Հիշեցնենք, որ Ս.Սիրունյանին 6 այլ կալանավորների հետ միասին ընդգրկել են մեկ ընդհանուր քրեական գործի մեջ (որի ծավալը կազմում է 40 հատոր), որի նախաքննությունն ավարտվել է: «Նա ուղղակիորեն չի ընդունում իր մեղադրանքները, եւ գտնում է, որ մենք էլ պետք է ծանոթանանք իր գործին` մասնավորապես ապացույցների, հեռախոսազրույցների մասով: Ասաց, որ ինքն ընդամենը 3-4 ժամ եղել է Նիկոլ Փաշինյանի կողքին եւ քրեորեն հետապնդելի որեւէ կոչ, որեւէ արարք թույլ չի տվել»,- ասաց Ս.Նիկոյանն` ավելացնելով, որ հանձնաժողովը կհանդիպի նախաքննական մարմնի հետ, բարձրացված հարցերի վերաբերյալ կփորձի պարզաբանումներ ստանալ, կուսումնասիրի այդ նյութերն ու կարտահայտի իր դիրքորոշումը:

Ս.Նիկոյանը նշեց նաեւ, որ Ս.Սիրունյանից բացի, որեւէ այլ կալանավոր հանձնաժողովից հանդիպում չի խնդրել: «Քանի որ նախաքննական փուլն արդեն ավարտվել է, հանձնաժողովը որեւէ հանդիպմամբ նախաքննական պրոցեսի վրա չի կարող ազդել: Արդեն դատական պրոցեսի փուլն է: Եվ եթե լինեն դիմումներ, կմասնակցենք նաեւ դատական պրոցեսներին»,- ասաց Ս.Նիկոյանը: Նաեւ տեղեկացրեց, որ ԱՄՆ-ից հանձնաժողովի հրավիրած երեք փորձագետներն ամենայն հավանականությամբ կժամանեն հոկտեմբերի 5-ին: Փորձեցինք պարզել նաեւ, թե ինչով է ներկայումս զբաղված հանձնաժողովը, եւ ինչպես է Ս.Նիկոյանը վերաբերվում գլխավոր դատաբժշկի հայտնի հայտարարություններին:

– Պարոն Նիկոյան, անցած շաբաթ Դատաբժշկական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը հայտարարեց, որ ընդդիմության հասարակական հանձնախմբի պատրաստած տեսաֆիլմում ցուցադրվող մարմնի մասերը ոչ թե մարդու, այլ` խոճկորի, հորթի կամ ոչխարի մարմնի մասեր են: Դուք համաձա՞յն եք պարոն Վարդանյանի հետ:

– Դա փորձագետի տեսակետն է: Հանձնաժողով կարող է հրավիրված լինեն շատ մարդիկ, փորձագետներ, ականատեսներ, որոնք կարող են իրենց տեսակետն արտահայտել: Հանձնաժողովը որպես հիմք կարող է ընդունել միայն փորձագիտական եզրակացությունը, որտեղ կան ոչ թե մեկի, այլեւ մի քանի մասնագետների ստորագրությունները եւ բացատրությունը: Իհարկե, դրանից հետո էլ եթե այլ մարդիկ կան, որ այլ տեսակետներ են հայտնում, անպայման կլսենք, եթե այլ փաստեր էլ կան, կփորձենք այդ փաստերին էլ տիրապետել: Բայց բանավոր արտահայտած կարծիքը հանձնաժողովի համար փաստ չէ: Երբ ստանանք փորձագիտական եզրակացության գրավոր պատասխանը, թե ինչ հանգամանքների պատճառով են եկել նման եզրահանգման, հանձնաժողովը կքննարկի, դրանից հետո նոր կորոշի` դա որպես հիմք ընդունե՞լ, թե՞ ոչ: Նույնը վերաբերում է նաեւ Ֆրանսիական դեսպանատան պատի կադրին: Այս պահի դրությամբ գրավոր եզրակացություններ ես չունեմ: Նրանց ասածները հանձնաժողովի համար պարզապես հնչած մտքեր են:

– Սպասվում էր, որ սեպտեմբերի առաջին օրերին դուք կհրապարակեք Ձեր զեկույցը հանձնաժողովի անդամների համար, սակայն մինչեւ հիմա դա տեղի չի ունեցել: Ո՞րն է պատճառը:

– Ամենայն հավանականությամբ, չի էլ լինելու: Մտահոգությունս ես մի անգամ արտահայտեցի, որ եթե իմ նախնական տեսակետը հայտնեմ հանձնաժողովում, եւ եթե ինչ-որ փաստ ի հայտ գա, որն իմ ասած մտքերի հետ հակասության մեջ է մտնում, ես պատկերացնում եմ, թե ինչպիսի գնահատականներ կլինեն: Կասեն, որ ես կեղծում եմ: Այդ պատճառով ես կփորձեմ բոլոր հնարավոր փաստերն ունենալուց հետո նոր հանրությանը զեկույց ներկայացնել: Մի օրինակ բերեմ. ես չունեի վերջին տեսանյութը, որտեղ ժամը 7:15-ին Հանրապետության հրապարակում ոստիկանները հետապնդում են ցուցարարներին, եւ 4 հոգով ծեծում են արդեն չդիմադրող մի մարդու: Մինչ այդ լսել էի, բայց տեսանյութն արդեն փաստ է, որը հանձնաժողովը միանշանակորեն ընդունում է: Եթե մինչեւ այդ տեսանյութն ունենալը ես զեկույցով հանդես գայի, կբերեին այդ դրվագը եւ կասեին` սխալ եք ասում:

– Բայց ի՞նչ երաշխիքներ ունեք, որ վերջնական զեկույցից հետո էլ ընդդիմությունը ներկայացնելու այլ փաստեր չի ունենա:

– Համաձայն եմ: Իհարկե, առաջին օրը, երբ ես տեղեկացա, որ նման հանձնաժողով է ստեղծվել, եւ ես էլ ամենայն հավանականությամբ պիտի դառնամ նախագահ, ձեր ասածը նախատեսում էի:

– Պարոն Նիկոյան, արդեն 3 ամիս է, ինչ հանձնաժողովը ստեղծվել է, եւ ընդամենը 3 շաբաթ է մնացել ձեր վերջնական զեկույցը հրապարակելու համար: Ձեզ համար պա՞րզ է, թե ի՞նչ է տեղի ունեցել մարտի 1-ին, պա՞րզ է, թե ի՞նչ եք ներկայացնելու հանրությանը:

– Հանձնաժողովն իր առաջ դրված խնդիրներից միայն մահվան հանգամանքներն ամբողջությամբ չի ուսումնասիրել: Մնացած մասով գտնում ենք, որ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը հավաքել են, եւ տեսակետների ձեւավորման համար բավականին հիմքեր կան: Մահվան հանգամանքների հարցերը դեռեւս փորձագիտական պրոցեսների մեջ են, այդ մասով դեռեւս անելիքներ կան: Հույսը եթե դնենք միայն պետական մարմիններից ստացած տեղեկատվության վրա, կարող է շատ ավելի ուշ վերջացնենք: Եվ ահա, դա այն հարցն է, որի դեպքում կարող է նաեւ ինքնուրույն գործողություններ ծավալենք:

– Գոնե պարզե՞լ եք, թե Ոստիկանության գործողությունները որ ժամին են սկսվել:

– Ես ասեմ իմ անձնական տեսակետը, Ոստիկանության օպերացիան եղել է 6:40-ին: