Երբ հիվանդանում է խիղճը

02/10/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Կադրերում արյուն կա, եւ ոչ ոք դա չի կարող ժխտել, մնացածը թողնում եմ ձեր խղճին»,- երեկ հրավիրված ասուլիսում` անդրադառնալով մարտի 1-ի մասին պատմող տեսանյութի վերաբերյալ վերջերս Գլխավոր դատաբժշկի կողմից ներկայացված «փորձագիտական եզրակացությանը», հայտարարել է ՄԱԿ նախագահ, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը: Վերջինս, իր բնորոշմամբ, «տեխնիկական պատճառներով»` բացակայել է հանձնաժողովի այն նիստից (հիվանդ է եղել), որտեղ դատաբժիշկ Շոթա Վարդանյանը հայտարարել է, թե իբրեւ հայտնի տեսաերիզում երեւացող ծնոտը ոչ թե մարդու, այլ խոճկորի մարմնի մաս է, իսկ արյունը` գազավորված ըմպելիք: Իսկ Գ. Արսենյանը, թեեւ երեկվա ասուլիսը, ինչպես ինքն ասաց, չէր ուզում վերածել հանձնաժողովի հերթական նիստի, այնուամենայնիվ, ստիպված էր պատասխանել մարտի 1-ի վերաբերյալ լրագրողների հարցերին: Եվ որպեսզի ՄԱԿ նախագահն այսուհետ պատասխանի միայն իր ուզած հարցերին, իրենց կուսակցության մամուլի պատասխանատուին լրագրողների ներկայությամբ կարգադրեց հետայսու ճշտել` ինչի՞ն է վերաբերելու ասուլիսը: Ինչեւէ:

Գ. Արսենյանը երեկ հայտարարեց, որ որպես հանձնաժողովի անդամ` իր մոտ որոշակի կարծիք է ձեւավորվել, եւ ծագել են հարցեր համապատասխան մարմինների գործողությունների մասին` հատկապես մարտի մեկի առավոտվա իրադարձություններին հետեւած դեպքերի վերաբերյալ: «Մենք ստացել ենք Ոստիկանության պատասխանը, թե ինչպիսի հրահանգներ են տրվել ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներին առավոտվա իրադարձություններից հետո: Դրանց վերաբերյալ ինձ մոտ կան որոշակի հարցեր: Խոսքը վերաբերում է առավոտյան 10-ին սկսված ՀՀ ոստիկանապետի հրահանգով տրվող հեռախոսագրերին, որոնցով սկսել են լրացուցիչ ուժեր ներգրավել Երեւանում: Հեռախոսագրերով իրականացվել է ուժերի մոբիլիզացիա, եւ հարց է ծագում, թե այդ մոբիլիզացիան ի՞նչ վերլուծության արդյունք էր, որովհետեւ ըստ Ոստիկանության ներկայացրած վարկածի` իրադարձությունների եւ մարդկային նոր կուտակումների վերաբերյալ առաջին տեղեկատվությունն իրենք ստացել են ժամը 11-ին: Ու չի համընկնում այն, որ 11-ին սկսվող կուտակումների մասին հեռախոսագրեր են ուղարկել 10:30-ին: Սա իմ անձնական տեսակետն է, որը ես դեռ չեմ արծարծել հանձնաժողովում»,- ասաց նա: Տարբեր պետական մարմիններ Ազատության հրապարակ ոստիկանների այցելությունը տարբեր կերպ են բացատրում: Գ. Արսենյանին եւս զարմացրել է այն, որ եթե տեղեկություն է ստացվել, որ հանրահավաքի մասնակիցների մոտ զենք կա, ապա ինչպե՞ս են ոստիկանները անզեն, միայն ռետինե մահակներով գնացել հրապարակ: «Դա տարօրինակ չի՞ հնչում: Ես հանձնաժողովի անդամ եմ, ես առայժմ լսում եմ այն, ինչ ասում են, եւ փորձում եմ վերլուծել ու հասկանալ այն տրամաբանությունը, որով առաջնորդվել են ոստիկանական ուժերը: Իմ կարծիքով` Ոստիկանության կողմից առավոտյան իրականացվել է հանրահավաքի կասեցման գործողություն, ու դա հենց այդպես էլ պետք է ներկայացվեր հանրությանը: Կարծում եմ` հրազեն ունեցող մարդկանց դիմաց հանդես է գալիս Ոստիկանության այլ ստորաբաժանում»,- ասաց նա: Հանձնաժողովի վերջին նիստին հնչած «խոճկորի ծնոտի», «ոչխարի լեզվի» եւ «արյան փոխարեն ստվերների առկայության» մասին հայտարարությունները արդյոք Գ. Արսենյանին արժանահավա՞տ են թվում: Նա խորհուրդ տվեց այս հարցն ուղղել մասնագետներին: Իսկ ինքը, իր խոսքով` հնէաբան չէ, որ մի ծնոտով տարբերի, «թե որն` ինչ դինոզավրինն է»: «Պարզապես որպես հանձնաժողովի անդամ` ինչ կարդացել եմ թերթերից, ինձ չի բավարարել այն մթնոլորտը, որ եղել է նիստի ժամանակ: Այդ մթնոլորտն էլ հետո տարբեր կերպ արծարծվեց տարբեր թերթերում` սեփական ժուռնալիստական էմոցիաներն էլ վրան դրած: Իմ մասնագիտությունը տնտեսագիտությունն է, հարցեր տվեք տնտեսագիտությունից` պատասխանեմ: Դատաբժշկական փորձաքննությունն իմ մասնագիտությունը չի»,- ասաց նա: Անդրադառնալով ԱԺ նախագահի փոփոխությանը` Գ. Արսենյանը նշեց, որ դա Հանրապետական կուսակցության ներքին որոշման իրականացումն է: «Նոր դիրքավորում է տեղի ունենում, ու նոր կադրային որոշումներ կայացվեցին` նոր նպատակներ իրականացնելու համար: ՀՀԿ-ն շարունակում է լինել իշխող, պատասխանատվություն կրող կուսակցություն, ու ցանկացած կուսակցություն ինքն է որոշում` որ մարմնում ինչպիսի կուսակցական ղեկավարով հանդես գա: Հիմա ՀՀԿ-ն նպատակահարմար գտավ Հովիկ Աբրահամյանին, եւ դա իրենց խնդիրն է, ու բարձրացված աղմուկը չի համապատասխանում տեղի ունեցող իրադարձության ձեւաչափին: Խորհրդարանի խոսնակ, որը հեռացել է, խորհրդարանի խոսնակ, որը եկել է»,- ասաց նա: ՄԱԿ ղեկավարը Թուրքիայի նախագահ Ա. Գյուլի այցը Հայաստան շատ դրական է գնահատում: Նրա կարծիքով` ցանկացած իրադարձություն, որը հնարավորություն է ընձեռում հայ-թուրքական հարաբերություններում իջեցնել լարվածության աստիճանն ու մեծացնել համագործակցության հնարավորությունը, միայն ողջունելի է: «Ռուս-վրացական իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է, որպեսզի կարողանանք մեր մյուս հարեւանի` Թուրքիայի հետ կարգավորել մեր հարաբերություններն ու ունենալ նորմալ տնտեսական, կոմունիկացիոն փոխհարաբերություններ, որովհետեւ Հայաստանի տնտեսությունը համարյա կաթվածահար էր լինելու, եթե այդ իրադարձությունները տեւեին եւս 10 օր»,- ասաց նա: