ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ կայացած մամուլի ասուլիսում հերքեց շրջանառվող լուրերը, թե ինքն է ղեկավարելու, այսպես կոչված` երրորդ ուժը, որն արդեն ամիսներ շարունակ իշխանությունների կողմից փորձ է արվում ստեղծել: Սակայն նա չբացառեց, որ առաջիկայում կարող է մասնակից դառնալ քաղաքական գործընթացներին, քանի որ, ինչպես ինքը նշեց` որպես Հայաստանի քաղաքացի, չի կարող անտարբեր լինել երկրում տեղի ունեցող իրադարձությունների, երկրի զարգացման ու ապագայի հանդեպ:
Իսկ թե Հայաստանի ապագայով մտահոգ Վ. Օսկանյանը երբ եւ ինչ կարգավիճակով կվերադառնա քաղաքականություն` դեռեւս հայտնի չէ: Համենայնդեպս, երեկ նա վստահեցնում էր, որ դեռեւս նման ծրագրեր չունի:
Նա երեկ հրաժարվեց գնահատականներ տալ գործող իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը` ասելով՝ դեռ վաղ է. «Դրա համար ժամանակ է պետք»,- ասաց նա: Վ. Օսկանյանի համոզմամբ` դեռեւս ժամանակ է անհրաժեշտ նաեւ գնահատելու համար Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Հայաստան կատարած այցի նշանակությունն ու կարեւորությունը: «Իհարկե, նկատելի է, որ Հայաստանի նախագահն ու արտգործնախարարն ակտիվ են, այցեր են ունենում տարբեր երկրներ, սակայն ժամանակը ցույց կտա, թե այդ ամենն ինչ օգուտ է բերում մեր ժողովրդի շահի տեսանկյունից»,- ասաց նախկին ԱԳ նախարարը: Ինչ վերաբերում է ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում թուրքական միջնորդության հավանականությանը, ապա, ըստ Վ. Օսկանյանի` Թուրքիան դեռեւս պատրաստ չէ լինել միջնորդ, քանի որ դեռ չի բացել սահմանը եւ չի վերականգնել երկաթուղային կապը: «Հետեւաբար՝ Թուրքիան հանդիսանում է հակամարտության կողմ»,- ասաց նա` հավելելով, թե Հայաստանի դիվանագիտությունը ոչ միայն չպետք է թույլ տա, որ Թուրքիան դառնա միջնորդ, այլեւ չպետք է թույլ տա, որպեսզի Թուրքիան աշխարհին ներկայանա իբրեւ միջնորդական առաքելություն կատարող կողմ: Մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ` եթե ինքը լիներ Հայաստանի ներկայիս նախագահը, ապա Ա. Գյուլը չէր գա Հայաստան, Վ. Օսկանյանն ընդամենն ասաց, որ` անկախ Ռ. Քոչարյանի կարծիքից, Գյուլի այցն աննախադեպ էր: «Աննախադեպ դրակա՞ն, թե՞ բացասական իմաստով՝ ես այսօր չեմ նշի: Գյուլին հրավիրելու որոշման ճիշտն ու սխալը կերեւա ժամանակի ընթացքում»,- ասաց Վ. Օսկանյանը` պարզաբանելով, որ եթե առաջիկա ամիսներին սահմանը չբացվեց, կամ առնվազն չվերագործարկվեց երկաթուղին, ապա դա նշանակում է, որ Թուրքիան իրեն հատուկ դիվանագիտական հմտությամբ շահարկել է Հայաստանի հրավերը: Ինչ վերաբերում է Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված` ցեղասպանության ուսումնասիրության նպատակով պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարությանը, ապա Վարդան Օսկանյանը հույս ունի, որ դա եղել է լեզվի սայթաքում: «Այլապես ոչ ոք բարոյական իրավունք չունի 1915թ. ցեղասպանության փաստը կասկածի տակ առնել»,- ասաց նա: «Ինձ համար անընդունելի է հայտարարել, որ եթե սահմանը բացվի, դիվանագիտական հարաբերություններ լինեն, կարելի է հանձնաժողովներ ստեղծել եւ քննարկել ցանկացած հարց: Ցանկացած հարցի վրա շեշտադրումը պետք է հստակեցվի, եւ թուրքերը պետք է իմանան, որ հայկական կողմը երբեք չի համաձայնվի թույլ տալ, որ քննարկվեն 1915թ. փաստերը՝ նպատակ ունենալով որոշելու, թե արդյոք այդ իրադարձությունները համազո՞ր էին ցեղասպանության, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ մենք նրանց զիջելու բան չունենք, սա միայն Հայաստանի իշխանությունների խնդիրը չի, սա միայն հայաստանցիների հարցը չի, սա համայն հայության խնդիրն է»,- ասաց նա: Վ. Օսկանյանի կարծիքով` հնարավոր է՝ կա ինչ-որ բան, որ մենք չգիտենք, իսկ Սերժ Սարգսյանը գիտի: Ըստ նրա, գուցե Թուրքիայի իշխանությունները նրան հստակ երաշխիքներ են տվել, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, եւ դրա համար էլ Սերժ Սարգսյանը նման հայտարարություններ է անում: Հակառակ պարագայում, ըստ նրա` անընդունելի եւ անհասկանալի են` ցեղասպանության, Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջ չունենալու, Ղարաբաղի հարցերի կապակցությամբ արված Հայաստանի իշխանությունների հայտարարությունները: Այդ պարագայում, Վ. Օսկանյանի դիտարկմամբ` ստացվում է, որ այն, ինչ մեզանից ուզում էր Թուրքիան` տվել ենք, մինչդեռ առնվազն նույն հրապարակային հայտարարությունների մակարդակով չենք ստացել այն, ինչ մենք ենք ուզում Թուրքիայից: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ա. Գյուլը Նյու Յորքում հայտարարել էր, թե «քանի դեռ Հայաստանը չի ազատել բռնազավթված ադրբեջանական հողերը, այդ երկրի հետ սահմանների բացման մասին խոսք լինել չի կարող»: Ի դեպ, Վ. Օսկանյանը երեկ անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը` ասելով, թե Հայաստանը պետք է միշտ խոսի այդ մասին եւ պարբերաբար հիշեցնի Ադրբեջանին ու միջազգային հանրությանը, սակայն ճանաչումը պետք է լինի հարմար պահի: «Սակայն այժմ այդ պահը չէ»,- հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարարը: Հիշեցմանը, թե մի քանի տարի առաջ ինքը հայտարարել էր, թե Հայաստանը կարող է 100 տարի էլ զարգանալ փակ սահմանների պայմաններում, ինչին այսօր հակադրվում են գործող իշխանությունները, Վ. Օսկանյանը պատասխանել է. «Այնքան ժամանակ, որ մեր հակառակորդը չհամոզվի, որ իր վարած քաղաքականությունն արդյունք չի տալիս, որ մենք իրոք այս պայմաններում էլ կգոյատեւենք, կապրենք ու կզարգանանք, երբեք այդ բլոկադան չի վերացնի: Այնպես որ` պարբերաբար մեր հակառակորդները պետք է հիշեցվեն, որ մենք շարունակելու ենք զարգանալ ցանկացած պայմաններում, որպեսզի հասկանան, որ Հայաստանի իզոլյացման քաղաքականությունն արդյունքներ չի տալիս»: Նա նաեւ ընդգծեց, թե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Հայաստան կատարած այցի արդյունքում 10 անգամ ավելի շատ շահել է Թուրքիան, քան Հայաստանը։ «Թեեւ Հայաստանի իմիջն էլ բարձրացել է»,- ասաց նա: