ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` Ոստիկանության Լոռու քննչական բաժնում ավարտվել է Ախթալայի քաղաքապետ Ս. Թամազյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Ս. Թամազյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես` համայնքային բյուջեում գումար չլինելու պատճառաբանությամբ միջոցներ չի հատկացրել համայնքի առաջնային խնդիրների լուծման, այդ թվում` կոյուղագծերի վերանորոգման, պետական բյուջեի եւ պահուստային ֆոնդի հաշվին համաֆինանսավորմամբ քաղաքաշինության եւ ճանապարհաշինության բնագավառներում իրականացված աշխատանքների համար: Փոխարենը, ըստ հաղորդագրության` համայնքի ավագանուն տրամադրել է ոչ հիմնավոր տեղեկատվություն` իր ծառայողական ավտոմեքենայի խափանված լինելու վերաբերյալ, եւ ստացել ավագանու համաձայնությունը ծառայողական նոր ավտոմեքենա ձեռք բերելու համար եւ 2007թ. օգոստոսի 29-ին, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջները, շուկայական արժեքից 1.183.000 դրամ ավելի գնով` 6.900.000 դրամով ձեռք է բերել 1999թ. արտադրության «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենա` Ալավերդի քաղաքի բնակիչ Վիլեն Գեւորգյանից` այդպիսով պետության եւ Ախթալա համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ս.Թամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: