ՀՀ Ոստիկանության ծառայության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ սեպտեմբերի 20-ին «Օդնոկլասսնիկ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի արդյունքում մահացել է Անդրանիկ Բաբայանը, եւս երկու հոգի ձերբակալվել են` 40-ամյա Սահակ Ազիբեկյանը եւ 44-ամյա Սամվել Ալիխանյանը: Նրանց նկատմամբ խափանման միջոց դեռ չի ընտրվել, բայց, ինչպես փոխանցել են Ոստիկանության Լրատվական վարչությունից` Ազիբեկյանը մեղադրվում է 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ խուլիգանություն կատարելու համար): Սամվել Ալիխանյանին, բացի 258 հոդվածի 3-րդ մասից, մեղադրանք է առաջադրվել նաեւ 112 հոդվածի երկու կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը): Այս պահի դրությամբ սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործով մեկ հոգի կալանավորվել է` մեղայականով Կենտրոնի ոստիկանության բաժին ներկայացած Արմեն Սարգսյանը, եւ երկուսը ձերբակալվել: Ոստիկանության Լրատվական վարչությունից նաեւ տեղեկացրել են, որ «Ռադիոլուրի» տնօրեն Արթուր Սահակյանին եւ Աբել Միքայելյանին (ով նույնպես ծեծի էր ենթարկվել) ծանուցում, ինչպես օրենքն է պահանջում, ուղարկել են: Նրանք, սակայն, առայժմ չեն ներկայացել: