Մեր թերթի նախորդ համարներից մեկում գրել էինք, որ Նիդեռլանդների դեսպանի եւ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ի թիվս այլ հարցերի՝ խոսվել է նաեւ վրաց-ռուսական հակամարտության արդյունքում Հայաստանի տնտեսության կրած շուրջ 700 միլիոն ԱՄՆ դոլարի վնասի մասին։ Այդ թիվը մինչ այդ երկար ժամանակ չէր մեկնաբանվում մեր պաշտոնյաների կողմից, ու հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունն անուղղակիորեն հաստատել էր հարյուրավոր միլիոն դոլարի վնաս կրելու փաստը, խնդրել էինք կառավարությանը պարզաբանել` ո՞վ է կատարել այդ հաշվարկները, ինչպե՞ս, եւ ի՞նչ ձեւով են արտահայտվել այդ վնասները։
Որքան էլ զարմանալի հնչի, ՀՀ կառավարությունը շատ արագ արձագանքեց մեր հրապարակմանը՝ տեղեկացնելով թե՛ այդ հաշվարկները կատարողների մասին, թե՛ հնարավորություն տալով ավելի մանրամասն ծանոթանալ այդ հաշվարկներին։
Ռուս-վրացական հակամարտության արդյունքում Հայաստանի տնտեսության կրած վնասը, ինչպես պարզվեց, գնահատել են ՀՀ Ֆինանսների նախարարության մասնագետները։ ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը մեզ մանրամասն ներկայացրեց այդ ուսումնասիրության արդյունքները։ Նշենք, որ ՀՀ ՖՆ մասնագետների թիմի հաշվարկների համաձայն՝ Հայաստանի տնտեսության կրած վնասը կազմել է 628 միլիոն ԱՄՆ դոլար։
Կորուստները եղել են մի քանի ուղղություններով, որոնցից յուրաքանչյուրի համար առանձին գնահատում է կատարվել։ Կարծում ենք՝ ընթերցողների համար հետաքրքիր կլինի ծանոթանալ այդ տվյալներին։
Եվ այսպես, Վրաստանում տեղի ունեցած դեպքերի արդյունքում Հայաստան ներմուծվող ապրանքների ծավալները կրճատվել են 121.2 միլիոն դոլարով։ Ներմուծման կրճատումն իր հերթին առաջ է բերում այլ կորուստներ։ Նախ, վնաս է կրում պետբյուջեն, որը հարկեր պետք է ստանար այդ ներմուծումից։ Չհավաքագրված հարկերի ծավալը գնահատվել է 8.5 միլիարդ դրամ կամ 28.2 միլիոն դոլար։ Բացի այդ, քանի որ արդյունաբերության եւ շինարարության ճյուղերի թողարկման մեջ օգտագործվում է ներմուծված հումք, ապա չներմուծված միջանկյալ ապրանքների (հումք եւ այլն) հետեւանքով վերը նշված ոլորտներում չի ստեղծվի մոտ 45 միլիոն ԱՄՆ դոլարի ավելացված արժեք։
Մասնագետների գնահատմամբ, Վրաստանի տարածքով ներմուծվող ապրանքներն այլընտրանքային ուղիներով Հայաստան ներմուծելու դեպքում տրանսպորտային ծախսերն ավելանում են շուրջ 19 միլիոն դոլարով։
Բնական է, որ ներմուծման նման կորուստներ են արձանագրվել նաեւ արտահանման ոլորտում՝ արտահանման կրճատումը եւ որպես դրա հետեւանք՝ արտարժութային մուտքերի չստացումը կազմել է 52 միլիոն դոլար։
Տնտեսությանը վնաս է պատճառել նաեւ լրացուցիչ գնաճը եւ դրա արդյունքում՝ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը։ Վերջին միտքը, թերեւս, արժե պարզաբանել։ Վրաստանում կատարված իրադարձությունները հանգեցրել են ծախսերի մեծացման, ինչպես նաեւ՝ տնտեսվարող սուբյեկտների եւ հասարակության բացասական սպասումների ձեւավորման, որի հետեւանքով, ըստ հաշվարկների, տնտեսությունում գնաճը կավելանա լրացուցիչ 1-1.5%-ով։ Կան բազմաթիվ տեսություններ, որոնք արտացոլում են գնաճի եւ տնտեսական աճի միջեւ կապը. ցանկացած տնտեսությունում կա գնաճային մի կետ, որը գերազանցելու դեպքում՝ լրացուցիչ ամեն 1 տոկոս գնաճը տնտեսական աճը 0.2-0.3 տոկոսային կետով նվազեցնում է՝ կարճաժամկետ հատվածում։ «Մեր հաշվարկներով, եթե 1-1.5 տոկոս գնաճային լրացուցիչ ճնշումներ ենք ունեցել, դա մեր տնտեսական աճի տեմպերը գցելու է 0.45%-ով»,- ասում է Վ. Արամյանը։ Իսկ գումարային տեսքով այդ 0.45%-ը կազմում է 50.7 միլիոն դոլար։
Կան նաեւ այլ` ավելի կոնկրետ տվյալներ։ Օրինակ՝ հակամարտությունից հետո Վրաստանը 50 ԱՄՆ դոլարի չափով բարձրացրել է դեպի Հայաստան մեկ տոննա վառելիքի տարանցման վճարը, որի արդյունքում մինչեւ տարեվերջ վառելիքի ներմուծման լրացուցիչ ծախսերը տնտեսվարողների համար կկազմեն լրացուցիչ շուրջ 2.1 միլիարդ դրամ կամ 7 միլիոն դոլար։
Իսկ ամենամեծ վնասը, ըստ հայ մասնագետների, այսպես ասած՝ կատարվող ներդրումների ժամանակավոր դադարեցման տնտեսական ծախսն է։
«Բիզնեսմենը միշտ մտածում է ռիսկայնության եւ իր գումարների վերադարձելիության մասին։ Երբ այն բիզնես միջավայրում, որտեղ որ ինքը գործում է, ռիսկայնությունը բարձրանում է, ինքը սկսում է վերանայել իր վարքագիծը։ Միգուցե ավելի նպատակահարմար է գտնում իր բիզնեսն այստեղից տեղափոխել մեկ այլ տեղ, որտեղ ավելի ցածր ռիսկայնություն եւ ավելի բարձր եկամուտներ ունի։ Շոկային իրավիճակների ժամանակ բիզնեսը սովորաբար հետաձգում է ներդրումային քաղաքականությունը, սպասում է, քանի որ վստահ չի, թե իրադարձություններն ինչպես կզարգանան։ Այդ ժամանակաընթացքում ներդրումներ չի կատարում, կամ դանդաղեցնում է այդ գործընթացը, մինչեւ տեսնի՝ ինչ է լինելու, որ ըստ դրա իր վարքագիծը վերանայի»,- ասում է Վ. Արամյանը։ Հայաստանի դեպքում, չկատարված ներդրումների ծավալը կազմել է 90 միլիարդ դրամ կամ 300 միլիոն դոլար։
Այսպիսով, Հայաստանի տնտեսությունը կրել է 628 միլիոն դոլարի վնաս։
Այստեղ, սակայն, մի նրբություն կա. այդ վնասների մի մասը կարող է նյութականացվել տարվա շատ կարճ ժամանակահատվածում (օրինակ, բյուջեի կրած վնասը՝ ներմուծումից չստացված հարկերի տեսքով արդեն փաստ է), մյուս մասը՝ տարվա ընթացքում (օրինակ ՀՆԱ-ի աճի նվազումը)։
Եվ այս հանգամանքը պետք է հաշվի առնել՝ գնահատելու համար, թե 628 միլիոնը Հայաստանի տնտեսության համար արդյոք շա՞տ մեծ թիվ է։
«Որպեսզի ասենք՝ դա լուրջ թիվ է, թե ոչ, դա պետք է նայել ժամանակի մեջ։ Այս 628 միլիոնի վնասը ժամանակի ընթացքում է նյութականացվելու։ Վարչապետն էլ խոսեց այն մասին, որ, փառք Աստծո, մեր հասարակությունն այդ ժամանակ խուճապի չմատնվեց։ Եթե խուճապի մատնվեր, ու այդ վնասները միանգամից նյութականացվեին, այդ 628 միլիոնը կլիներ բավականին մեծ վնաս։ Իսկ եթե այդ վնասը նյութականացվում է մինչեւ տարվա վերջ (մեր դեպքում այդպես է), ապա, իմ կարծիքով, վնասը շատ մեծ չափի չէ»,- ասում է Վ. Արամյանը։
Իհարկե, ոչ ոք չի կարող 100%-անոց ճշգրտությամբ ասել, թե որքան վնաս է կրել տնտեսությունը՝ այս կամ այն իրադարձության արդյունքում։ Որքան էլ տեսությունները հիմնավորված լինեն, որքան էլ ուսումնասիրվի տարբեր երկրների փորձը, միեւնույն է՝ ամեն դեպք յուրահատուկ է, այդ իսկ պատճառով միշտ էլ նշում են հնարավոր սխալի հնարավորությունը։ Պարզապես, ըստ Վ. Արամյանի, ավելի ճիշտ է օգտագործել տնտեսագիտության գործիքները, ու թեկուզ ոչ 100%-անոց ճշգրիտ թիվ ունենալ, քան օդի մեջ թվեր հորինել։
Իսկ մեր դեպքում առավել կարեւոր է ոչ թե այն՝ 100 միլիոնով ավելի՞ է այդ վնասը, թե՞ պակաս, այլ հենց վնասի փաստը։ Այսինքն, երբ երկու երկիր, մեկը՝ հարեւան, մյուսը՝ ռազմավարական գործընկեր, սեփական շահերի համար պատերազմում են, երրորդ երկիրը` «բանից բեխաբար», հարյուր միլիոնավոր դոլարների վնասներ է կրում։ Չնայած, հարեւան-բարեկամներն ու գործընկեր-դաշնակիցները, ինչպես երեւում է, մեր դարդուցավով չեն տապակվում։