ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հոկտեմբերի 2-3-ը Հայաստան կայցելի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որին կընդունի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ ՀՀ արտգործնախարարները հատուկ կանդրադառնան այս տարվա սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Սոչիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Առաջիկա բանակցությունների օրակարգի մասին ՌԻԱ «Նովոստիին» տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն ասել է, որ նախարարները կարծարծեն ռուս-հայկական հարաբերությունների մի քանի հրատապ հարցեր: «Վերջին ժամանակաշրջանում Մոսկվայի եւ Երեւանի միջեւ համագործակցության առաջին պլան է մղվել տնտեսական պրոբլեմատիկան: Ռուսաստանը վստահորեն առջեւից է ընթանում Հայաստանի գլխավոր արտաքին տնտեսական գործընկերների թվում: Առաջնահերթ ուշադրություն է դարձվում գործակցությանը վառելիքա-էներգետիկ բնագավառում»: Բանակցությունների օրակարգում գլխավորներից մեկը կլինի Անդրկովկասի անվտանգության ու կայունության ապահովման նպատակով փոխգործակցության պրոբլեմատիկան: «Նախարարները կքննարկեն տարածաշրջանի դրությունը Վրաստանի ներկայիս ռեժիմի կողմից վերջերս ձեռնարկված անպատասխանատու ու արկածախնդրական գործողություններից հետո,- ասել է Նեստերենկոն եւ ավելացրել,- Համատեղ սերտ աշխատանքի շարունակում ենք ակնկալում ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում (կազմակերպությունում Հայաստանի նախագահության հաշվառմամբ), ինչպես նաեւ՝ մյուս հեղինակավոր միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, Եվրախորհրդում եւ ԵԱՀԿ-ում»: Վերջինս նաեւ նշել է, որ ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները կքննարկեն նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: