«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, հարցին, թե անհրաժեշտ համարո՞ւմ է երկրում իրավիճակը շտկելու համար արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Այս ամիսների ընթացքում երբեք չեմ դիտարկել դա որպես հրամայական` հույս ունենալով, որ երկխոսության եւ ներքաղաքական նոր մշակույթի իրացման միջոցով մենք կարող ենք հասնել ներհասարակական նոր լուծումների: Բայց վերջին ամիսները ինձ լավատեսության ներշնչանք չեն տալիս, եւ եթե այս առաջիկա ամիսները նույնպես անցյալի շարունակությունն են սոսկ, ես կարող եմ պնդել, որ որքան էլ արտահերթ լուծումները մեր երկրում նախընտրելի չեն, արտահերթ ընտրությունը կդառնա միակ ձեւը՝ նոր վիճակ, համագործակցության եւ համերաշխության նոր մանրակերտ բերելու եւ Հայաստանի եւ իր ազգային շահի նոր հեռանկար եւ նոր շունչ հաղորդելու համար»:
Խոսելով ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանի մասին, նա ասել է. «Ես կարծում եմ, որ եթե մոտ ապագայում նոր քայլեր չկատարվեն Հայաստանում թե՛ բանտարկյալների ազատ արձակման տեսքով, թե՛ փաստահավաք այդ առաքելությանը իրական լիազորություն տալու եւ եզրակացության հասնելու չափումով, թե՛ մարտի 1-ի սպանդի կազմակերպիչների եւ իրականացնողների նկատմամբ գործեր հարուցելու անհրաժեշտությամբ, ես կարծում եմ, որ Հայաստանին սպասվում է շատ դժվարին հունվար»:
Ըստ «Ազատության»` նրա հիմնական շեշտադրումները, որը զրույցի ամբողջ ընթացքում «կարմիր թելի» պես անցնում էր, այն, որ Հայաստանում ժողովրդավարության թուլությունն ազդեցություն է ունենում ազգային հարցերի վրա, նպատակների վրա, Ղարաբաղի ինքնիշխանությունը ճանաչելու հարցում, որ առաջին հերթին պետք է շտկել ներքին իրավիճակը եւ դառնալ ժողովրդավար եւ մարդու իրավունքները հարգող երկիր: Եվ դա պետք է արվի ոչ թե Եվրոպայի պահանջներին պատասխանելու, այլ պարզապես դա հենց Հայաստանին է անհրաժեշտ. «Այդ վիճակում, որ Հայաստանը հիմա գտնվում է` աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, եւ նույնիսկ եվրոպական արձագանքները, ազդեցությունները ուղղակի պահանջում են, որ մենք մեր սեփական տունը կարգի հրավիրենք»,- ասել է նա:
Իրավիճակը շտկելու համար, ըստ Ր. Հովհաննիսյանի, առաջին հերթին, անհրաժեշտ է ազատ արձակել մարտի 1-ի գործով բոլոր այն բանտարկյալներին, որոնք բռնի արարք չեն գործադրել. «Արդեն ակնհայտ է, որ այսօր նրանք, ովքեր բանտերում են, ընդդիմադիր գործիչներ են, քաղաքացիներ, ովքեր ընդհանրապես աղերս չունեն որեւէ բռնի արարքի հետ, եւ մենք տեսնում ենք, թե մեր երեք գործընկերները` մեր ԱԺ պատգամավորները, մինչեւ հիմա գտնվում են բանտում: Պարոն դատախազը եկավ, իմ կարծիքով եւ «Ժառանգության» կարծիքով, ներկայացրեց քաղաքական փաստաթուղթ քանի ամիսներ առաջ, եւ մինչեւ հիմա հետաձգվում է այս անմեղ պատգամավորների կալանքի ժամկետը: Այդ երկարաձգումների համար ոչ մեկը չի դիմում ԱԺ, եւ պարզապես իրենք սպասում են, փաստորեն, հրահանգի` ուղղահայաց արդարադատության այդ իրացման, որը մեզ մոտ չի ապահովում իսկական արդարադատություն: Մարտի 1-ի ահավոր ողբերգությունում 10 քաղաքացի զոհվեց. 8 քաղաքացիական անձ, 2 ոստիկան: Եվ միաժամանակ, դրանց կազմակերպիչները, իրականացնողները ընդհանրապես ազատության մեջ են, եւ որեւէ գործ կամ մեղադրանք անգամ չկա: Հայաստանի կենտրոնում, մայրաքաղաքի կենտրոնում այն, որ հայը հայի վրա կրակեց դիմահար կրակով, դա եղեռնին զուգահեռ մի ողբերգություն է»:
Հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ` ասելով, թե` ազատության մեջ են մարտի 1-ի կազմակերպիչները, Ր. Հովհաննիսյանը պատասխանել է. «Եթե Հայաստանի իրավապահ մարմինները, Դատախազությունն իրենք չեն կարող որոշել, թե դա ով է հետաքննել եւ զեկուցել անաչառ ձեւով, ապա այս փաստահավաք նոր առաքելությունն ինքն իր վրա պետք է ստանձնի այդ պարտականությունը: Ես դատավոր չեմ, բայց կարող եմ ասել, որ ճշմարտությանը հասնելու համար պետք է այդ փաստահավաք նոր մարմինը լիազորված լինի իրավունքի ուժով ստիպել, որ համապատասխան բոլոր քաղաքացիները, պաշտոնյաները, վկաները ներկայանան եւ իրենց վկայությունը տան` երդման ներքո: Եվ դա վերաբերում է, ինչպես բազմիցս ասել եմ, Հայաստանի բոլոր նախագահներին` անխտիր, եւ հատկապես երկրորդ նախագահին, ով այդ օրերին նախագահում էր, եւ հրահանգը փաստորեն իրենն է»: