Հայաստանը հերթական անգամ անմասն մնաց համաշխարհային ֆինանսա-տնտեսական ցնցումներից: Ու ավելորդ անգամ ապացուցվեց, որ մեր տնտեսությունն առավելագույնս կտրված է համաշխարհայինից: Փորձագետներից ոմանք խորհուրդ են տալիս շատ չոգեւորվել: Նրանց կարծիքով՝ բացասական երեւույթներ, վաղ թե ուշ, ի հայտ են գալու: Ռուսաստանյան կապիտալի ներկայությունը մեր տնտեսության մեջ խիստ մեծ է, եւ ռուսաստանյան ընկերությունների ֆինանսական խնդիրները Հայաստանում նկատելի կլինեն եկող տարվա սկզբից: Իսկ այն, որ բանկային համակարգի համաշխարհային ճգնաժամը ներգործություն չունեցավ մեր վրա, ապացուցում է, որ մենք ինտեգրված չենք այդ համակարգում: Համաշխարհային տարադրամի կարգավիճակ ունեցող դոլարի ու եվրոյի տատանումները Հայաստանի բանկային համակարգում ինչպես միշտ ուրույն են: Հետեւաբար ոչ մի կերպ չեն համընկնում համաշխարհային շուկայի տրամադրության հետ:
Մյուս կողմից՝ փորձագետները նշում են, որ հայ մարդը անկախության շրջանում բանկային համակարգի հետ շփվելու բավական մեծ փորձ է կուտակել: Խորհրդային ավանդների փոշիացումը լուրջ դաս էր: Կտատանվեն բանկերը, չեն տատանվի՝ մեր հասարակության համար միեւնույն է: Մերոնք բանկերին չեն հավատում: Բանկային պաշտոնական վիճակագրությունն ամեն տարի մեծ-մեծ թվեր է հրապարակում՝ ցույց տալու, թե որքան ավանդատու ունեն մեր բանկերը: Այդ թվերի աճը նախ՝ շատ փոքր է, երկրորդ` իրական պատկեր չի արտացոլում: Ավանդատուների ճնշող մեծամասնությունը հենց նախկին խորհրդային ավանդատուներն են: Անցած տարիների ընթացքում մեր տնտեսության ամենակայացած ոլորտ ներկայացվող բանկային համակարգը իրականում շատ քիչ վստահողներ ունի: Բանկային համակարգի հաշվետվությունների վերլուծություններից շատ փորձագետներ պնդում են, որ անկախության տարիներին ՀՀ տարածքում գործող բանկերը, իրենց մոտ 450 մասնաճյուղերով, ընդամենը երկու-երեք տասնյակ ավանդատուներ են ներգրավել:
Այս փաստից, իհարկե, չի կարելի եզրակացնել, որ բնակչությունը խնայողություններ չունի: Կամ, որ այդ խնայողությունները չեն աճում: 10-15 տարի աշխատուժ արտահանելն ու տրանսֆերներ ստանալը խնայողությունների որոշակի ծավալ, բնականաբար, ապահովել են: «Կաթից վառվածը թանի վրա էլ կփչի»,- ասում է հայկական առածը: ԽՍՀՄ Խնայբանկի կործանումից հետո քաղաքացիները գերադասում են սեփական խնայողությունները բանկերից հեռու պահել: Փորձագետները պնդում են, որ 10-15 հազար ԱՄՆ դոլարի չափ խնայողություն ունեցողներն ամենամոբիլն են: Նաեւ այն պատճառով, որ այդ ծավալի խնայողություններով մեր ներքին շուկայում որեւէ բիզնես ձեռնարկելն անիմաստ է: «Բոլոր ձվերը մի տոպրակում չեն պահի»,- ամերիկյան առածի ոգով նրանք անընդհատ հետեւում են տնտեսական գործընթացին: Ու անհնար: Հետեւում ու պարբերաբար փոփոխում են խնայողությունները: Հայաստանի միակ շուկան, որն աշխատում է միջազգային գներով, ոսկու շուկան է: Ոսկու գինն այստեղ միշտ տատանվում է միջազգայինի հետ: Դա նշանակում է՝ շատերն են ոսկի գնում-վաճառում՝ գների տատանումից կողմնորոշվելով: Ոսկին ու նավթն ամբողջ աշխարհում գնանշվում է դոլարով: Զուտ այս պատճառով դոլարն էական ներկայություն ունի տարադրամի մեր ներքին շուկայում: Մյուս կողմից՝ ներքին շուկայում դոլարի անխիղճ արժեզրկումը փոքր խնայողություններ ունեցող մարդուն կողմնորոշել է դեպի այլ տարադրամներ: Դրանց ծավալը Հայաստանի ներքին շուկայում երկրի տնտեսական կապերին անհամարժեք Է:
Անհամարժեք մեծ: Երեւանի ծայրամասերում գործող փոխանակման կետերից նույնիսկ կարելի է, ասենք, անգլիական ֆունտ ստեռլինգ գնել: Շուկայում, բնականաբար, անհրաժեշտ քանակությամբ ու հնարավորինս խելքին մոտ փոխարժեքով, ներկա են նաեւ ռուսական ռուբլին ու եվրոն: Այսինքն՝ կենսափորձը բնակչությանը դրդել է անել այն, ինչը մեր ֆինանսական ղեկավարության բառապաշարով կոչվում է՝ «ռիսկերի դիվերսիֆիկացիա»: Այսինքն` խնայողություններն արժեզրկումից փորձում է պահպանել դրանք տարբեր տարադրամների ու արժեքների վերածելով: Այս ամենին բնակչությունը հասել է սեփական փորձով: Ու իշխանությունների հորդորին հակադրվելով: Ազգային դրամի արժեւորման ողջ ընթացքում երկրի ֆինանսական ղեկավարությունը խորհուրդ էր տալիս խնայողությունները կուտակել դրամով: Բանկային համակարգում առկա համեստ դրամական խնայողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ բնակչությունն իշխանություններին չի վստահում: Նույնիսկ, երբ խորհուրդը ճիշտ էր: (Տարաժամ է: Ազգային դրամն արդեն կայունացել է: Տարօրինակ զուգադիպությամբ այդ գործընթացը համընկավ ՀՀ ԿԲ ղեկավարության փոփոխության հետ): Ավելի հաջողակները (իմա` ավելի հարուստները) խնայողությունների պահպանման սեփական մոտեցում ունեն` անշարժ գույք են ձեռք բերում: Բայց հարուստների հոգսերն այլ են: Նրանց լաց լինելու մասին մինչեւ վերջերս բրազիլական սերիալներ էին նկարում: Իսկ ինչ կանեն հիպոթեքային համաշխարհային ճգնաժամից հետո, ցույց կտա ժամանակը: