Ախպեր ունեմ, աշխարհը չունի

02/10/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ դառնալուց հետո, երեկ խորհրդարանում տեղի ունեցավ կառավարության հետ առաջին հարցուպատասխանը:

Եվ թերեւս երեկվա «բացառիկությունն» ընդգծելու համար՝ նախկինում ԱԺ ամբիոնին գրեթե չմոտեցող վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ պատասխանեց պատգամավորներից մեկի հարցին: «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Տ.Սարգսյանին միանգամից երեք հարց ուղղեց: «Ես ակնկալում եմ վարչապետի պատասխանը, որովհետեւ հարցերս անձամբ իրեն եմ ուղղում: Արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող համալսարաններում հայ ուսանողների կրթական ծախսերը հոգալուն նվիրված հայեցակարգը ո՞ր փուլում է գտնվում: Երեկ իմացա, որ հայտարարեցիք, թե Հայաստանը պատրաստ է այդ ծրագրին: Լրատվությունից իմացա մի լուր եւս` Չինաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում Ձեր եղբոր նշանակման մասին: Խնդրում եմ, հիմնավորեք այդ նշանակումը, ուզում եմ իմանալ պարոն վարչապետի եղբոր արժանիքների մասին: Եվ արդյո՞ք կառավարությունն արձագանքելու է պաշտոնատար անձանց վերաբերող քննադատական հոդվածներին»,- հարցրեց Ա.Բախշյանը: Այս հարցերի ժամանակ Տ.Սարգսյանը ձեռքով բռնել էր գլուխը, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փորձում էր տեղից ճշտել` վարչապետը կպատասխանի՞ հարցերին, թե՞ ոչ: «Դա շուտվանից է եղել, տիկին Բախշյան, ՀՀ նախագահն է նշանակում դեսպաններին»,- վարչապետին փորձեց փրկել ԱԺ նախագահը: Սակայն Տ. Սարգսյանն, այնուամենայնիվ, ստիպված էր մոտենալ ԱԺ ամբիոնին, քանի որ երեկ հարցուպատասխանի չէին եկել Կրթության եւ գիտության ու Արտաքին գործերի նախարարները: Նա նախ շնորհավորեց Հ.Աբրահամյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: «Ինչ վերաբերում է «Լույս» հիմնադրամին, ես հայտարարել եմ, որ ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծվել է այդպիսի հիմնադրամ: Գումարները հանգանակվելու են մասնավոր հատվածի կողմից, եւ նպատակն է՝ նպաստել կրթական-մշակութային ծրագրերի իրականացմանը: Մշակվում են կանոնակարգեր, որոնք կհրապարակվեն մինչեւ հունվարի 1-ը, եւ ՀՀ ցանկացած քաղաքացի, այդ թվում նաեւ՝ արտասահմանյան ծագում ունեցող հայեր, ովքեր կընդունվեն աշխարհի լավագույն համալսարանները, հնարավորություն են ունենալու ֆինանսավորվելու այդ հիմնադրամից: Մյուս հարցի հետ կապված` մենք արձագանքելու ենք այն հոդվածներին, որոնք, քչից թե շատից, համապատասխանում են իրականությանը: Եվ մենք չենք արձագանքելու դեղին մամուլի հրապարակումներին, որոնց նպատակն է՝ ուղղակի վարկաբեկել կառավարության անդամներին: Եթե մենք սկսենք արձագանքել նման լրատվական ծառայությունների հոդվածներին, ընդամենը բարձրացնելու ենք նրանց ռեյտինգը: Այդպիսի բան չենք անելու: Ինչ վերաբերում է իմ եղբորս, գիտե՞ք, իմ եղբայրս իր դիվանագիտական ու մասնագիտական կենսագրությունը սկսել է շատ ավելի շուտ, քան ես նշանակվել եմ ՀՀ վարչապետ: Նա այդ ոլորտում պրոֆեսիոնալ է, Երեւանի Համալսարանի արեւելագիտական ֆակուլտետն ավարտել է գերազանցությամբ: 3 տարուց ավելի աշխատել է Չինաստանում՝ որպես ռազմական կցորդ, դրանից հետո՝ որպես ռազմական կցորդ, 5 տարի աշխատել է ԱՄՆ-ում: Ունի համապատասխան կրթություն, գիտելիքներ, հանրապետության նախագահը քաջ ճանաչում է նրան եւ երեւի թե նպատակահարմար է գտել այդ պաշտոնում նշանակելու: Ես գտնում եմ, որ եթե նա իմ եղբայրն է, դա ամենեւին էլ չի նշանակում, որ նա չպետք է դիվանագիտական կարիերա անի ՀՀ-ում»,- հայտարարեց Տ.Սարգսյանը: Նա նշեց նաեւ, որ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի հետ քննարկվում են Պալատի հաշվետվությունները, ընթացք են տրվում բացահայտված բոլոր խախտումներին ու դեպքերին: «Եթե պաշտոնատար անձինք ունեն մեղավորություն, նրանք պետք է պատասխան տան հրապարակային կերպով: Մենք` բոլորս, պետք է վստահ լինենք, որ այդ մեղավորությունն առկա է, որպեսզի մարդիկ ուրիշների հափշտակումների համար պատասխան չտան: Ամեն մարդ պետք է պատասխան տա իր արածի համար»,- հայտարարեց նա: