Առաջին դեմքերի ինքնագնահատականի խնդիրը եղել է եւ կա: Նրանք իրենց չեն
խոստովանում, թե երբ է ավարտվում իրենց ժամանակը. առաջնորդներից ոչ ոք
ինքնակամ իր աթոռը չի թողել:
Մի քիչ պատմություն…
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան արտահանող հիմնական խողովակաշարի ընդհանուր
երկարությունը 1767 կմ է (ադրբեջանական հատվածը` 443կմ, վրացականը` 248
կմ, թուրքականը` 1076 կմ): Նավթամուղի թողունակությունը պլանավորվում է
ավելի քան 50 մլն տոննա նավթ/տարի, շուրջ 1 մլն բարել/օր: Նավթի մղման
սակագինը կկազմի 2,58 $՝ բարելի համար: Ադրբեջանական նավթի արտահանման
սկիզբը թուրքական միջերկրածովյան Ջեյհան նավահանգստից նախատեսված է
իրականացնել 2005 թ. հոկտեմբերին: Բացի ադրբեջանականից` նավթամուղով
մղվելու է նաեւ ղազախական նավթ, որը Կասպից ծովով տեղափոխելու են նավթատար
նավերով: Ծրագրի արժեքը կազմում է 2,95 մլրդ $, իսկ հաշվի առնելով վարկերի
մարումը՝ 3,6 մլրդ $: Ծրագրի միջոցների շուրջ 30%-ը ներդրել են մասնակից
ընկերությունները, մնացածը տրամադրել են Եվրոպական եւ Միջազգային
Վերակառուցման եւ զարգացման բանկերը: Նավթամուղի շահագործումը հաշվարկված
է 40 տարվա համար: Սպասվում է, որ շահավետությունը առաջին 20 տարիների
ընթացքում կկազմի ոչ պակաս 12,5% տարեկան: Հետաքրքիր է, որ դեռ երեք տարի
առաջ նախագիծը բացարձակապես անշահավետ էր եւ ավելի շատ՝ քաղաքական, քան`
տնտեսական: 90-ականներին, երբ նավթի միջազգային գները շատ ցածր էին,
ծրագիրը շարունակում էր զարգանալ բացառապես իր հովանավորների` ԱՄՆ-ի եւ
Մեծ Բրիտանիայի կառավարությունների քաղաքական կամքի շնորհիվ: Միեւնույն
ժամանակ, շատ երկրներ շահագրգռված էին, որ նավթամուղն այդպես էլ
չկառուցվի: Ռուսաստանը, ատամներով պահելով նավթամուղի իր երթուղին
Չեչնիայով եւ Նովոռոսիյսկով, ամեն պատրվակով դեմ էր այլ կառուցվածքային
ուրվագծին, որով կասպյան նավթը, շրջանցելով իր տարածքը, կհասնի Արեւմուտք:
Դժգոհ էր նաեւ Իրանը, որն ի սկզբանե առաջարկում էր իր տարածքը, որպես
ամենանպատակահարմար ուղի կասպյան նավթի համար: Վերջապես, նավթամուղի
համոզված թշնամին էին Պարսից Ծոցի արաբական տիրակալները: Նրանց համար
միջազգային շուկայում իրանցից կախում չունեցող այլընտրանքային
էներգառեսուրսների աղբյուրի հայտնվելը շատ լուրջ հարված էր: Շահագրգիռ
կողմերից յուրաքանչյուրը նավթամուղին կողմ կամ դեմ իր սեփական պայքարն էր
տանում: ՕՊԵԿ-ի երկրները միացյալ ուժերով երկար ժամանակ նավթի միջազգային
գները պահում էին այնպիսի մակարդակի վրա, որը շինարարությունը կդարձներ
չարդարացված: Ռուսաստանը պնդում էր իր տարբերակը, ի պատասխան՝ Թուրքիան
խստացնում էր ռուսական գերտանկերների համար Բոսֆորի անցուղու պայմանները:
Այնուհանդերձ, 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո նավթի գների աննախադեպ
բարձրացումը բերեց նրան, որ նավթամուղի շինարարությունը դարձավ շահավետ:
Սկզբում նավթամուղի շինարարությանը մասնակցում էին 3 երկրներ` Թուրքիան,
Ադրբեջանը եւ Վրաստանը: Այժմ հայտնվել է ծրագրի եւս մեկ մասնակից:
Ղրղըզստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարեց, որ Աստանան
միանում է նավթամուղին: Մինչ այժմ Ադրբեջանի եւ Ղրղըզստանի միջեւ
գոյություն ուներ համաձայնություն խողովակաշարով տարեկան 20 մլն տոննա
նավթի տրանզիտի մասին: Բաքու-Ջեյհանի տարեկան բացթողնման հնարավորությունը
գնահատվում է 85 մլն տոննա: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի նավթահանումը
մոտակա տարիներին անկում պետք է ապրի, Ղրղըզստանի ավելի ակտիվ միացումը
մեգածրագրին պարզապես անհրաժեշտ էր: Ինչպես հայտարարեց Նազարբաեւը, իր
երկիրը շարունակելու է մեծացնել նավթահանումը: Մոտակա ժամանակներս
ղրղըզական նավթն Ադրբեջան կհասնի տանկերներով, սակայն Ղրղըզստանի նախագահի
հայտարարությունը խոսում է այն մասին, որ առաջնորդները պայմանավորվել են
առաջիկայում Կասպից ծովի վրայով կառուցել երկու երկրները միացնող
նավթամուղ:
Դեսպանի քայլը
«Ելնելով միջազգային իրավունքի հիմնական սկզբունքից` բոլոր երկրները
ճանաչում են մյուս երկրների տարածքային ամբողջականությունը: Միեւնույն
ժամանակ, ԱՄՆ-ը իր վրա պարտականություն է վերցրել՝ աշխատել Երեւանի եւ
Բաքվի հետ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում` հիմնվելով այդ եւ համանման
սկզբունքների վրա»: Այդ մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն
Էվանսը` պատասխանելով «Երկիր» թերթի ընթերցողների հարցերին: Ըստ նրա`
ղարաբաղյան խնդրի կանոնավորումը կողմերից նշանակալի փոխզիջումներ
կպահանջի: «Միջազգային հանրությունը որոշումներ չի պարտադրում, սակայն
պատրաստ է համագործակցել ընդունված ցանկացած արդարացի եւ գիտակից որոշման
հետ»: ԱՄՆ կառավարությունը խթանում է ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերը, որոնք ուղղված են
հակամարտության խաղաղ եւ կողմերի համար ընդունելի լուծմանը»,- նշեց
ամերիկյան դեսպանը: Ելնելով նրա խոսքերից` երկարատեւ խաղաղությունը
կնպաստի բոլոր կողմերի անվտանգության ձեւավորմանը եւ տնտեսական
առաջընթացին: «Մենք խթանում ենք նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ
հարաբերությունների կանոնավորմանը եւ սահմանների բացմանը»,- ամփոփեց Ջոն
Էվանսը: Կարծես ամեն ինչ պարզ է: Պարզապես պետք չէ անհանգստանալ: Ամեն ինչ
լավ է, հիանալի դքսուհի… Իրականում այս չէ էականը: Ուշադիր նայենք՝ ինչ է
իրականում կատարվում մեր մոտ հարեւանների մոտ:
Ադրբեջանական պրոցեսներ
Վրաստանում եւ Ուկրաինայում հետխորհրդային ռեժիմների արմատավորումից,
ինչպես նաեւ, իշխանությունից Ղրղըզստանի նախագահի հարաբերական հեշտ
հեռացումից հետո արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2005թ. նոյեմբերին
սպասվելիք պառլամենտական ընտրությունների ֆոնի վրա հայտնվեց ուշադրության
կենտրոնում: Վերջերս նա Վաշինգտոնից ստացել է հրահանգներ այն մասին,
ինչպիսին պետք է լինեն իր հետագա գործողությունները, որպեսզի մնա
իշխանության ղեկին: Կարծես թե նա պատրաստվում է հետեւել այդ հրահանգներին
այնպես, ինչպես անում է Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը: Վաշինգտոնն
Ալիեւին առաջարկեց ընտրություն. կա՛մ մնալ եւ լինել քաղաքականապես
կառավարելի, կա՛մ սղվել իշխանությունից: Եվ կարծես Ալիեւը կանգ առավ
առաջին տարբերակի վրա: Ապրիլի 4-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը
Ալիեւին ներկայացրեց այն ոլորտների ցուցակը, ուր Վաշինգտոնը կցանկանար
առաջընթաց տեսնել: Հարնիշը հայտարարեց, որ ԱՄՆ-ը Ադրբեջանից
ժողովրդավարության եւ տնտեսական ռեֆորմների, Լեռնային Ղարաբաղի
հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպեսեւ՝ Կենտրոնական Ասիան ու
Կովկասն Արեւմուտքին միացնող «Արեւելք-Արեւմուտք» էներգամիջանցքի
գործունեության ապահովման գործում սպասում է վճռական քայլեր, եւ, իհարկե,
ջանքեր՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գործում: Ամերիկյան դեսպանը
կոչ արեց իշխանություններին եւ ընդդիմությանը գնալ երկխոսության` կողմերին
առաջարկելով հուշագիր ստորագրել այն մասին, որ առաջիկա ընտրությունները
կլինեն ազատ, արդարացի եւ թափանցիկ: Ընդդիմությունը ողջունեց այս
առաջարկը, իշխող կուսակցությունը` քննադատեց` որակավորելով որպես
միջամտություն երկրի ներքին գործերին: Հարնիշը նաեւ փոխանցեց ԱՄՆ այցի
հրավերք, ինչը կարող էր նշանակել արեւմտյան պաշտոնական անձանց կողմից
օգնություն: Ալիեւը չի կարող չնկատել, որ Ադրբեջանում իրադրությունը նման
է այն պրոցեսներին, որոնք Ասկար Ակաեւի հեռացման պատճառ դարձան:
Ադրբեջանական կառավարությունն Ալիեւների կլանի եւ նրա հետ համագործակցող
հանցագործ տարրերի համակցումն է: Դրա հետ միասին, այն բավականին բաց է,
որպեսզի հասարակությունը կարողանա իրազեկ լինել արեւմտյան
ազատություններին եւ ելք ունենա դեպի ընդդիմադիրները` թեեւ իշխանությունը
երբեմն ճնշումներ է գործադրում: Այս երկրի բնակչությունն ապրում է
աղքատության մեջ, բայց ոչ այն աստիճանի, ինչ ղրղըզականը: Կարողություն են
կուտակում միայն ղեկավար էլիտայի ներկայացուցիչներն ու գործարարները:
Ադրբեջանական ընդդիմությունն ավելի կազմակերպված է, քան` ղրղըզականը, եւ
բավականին վտանգավոր: Այլախոհերի ալյանսն իր ժամանակին ոչ միայն կարողացավ
խորտակել խորհրդային իշխանությունը, այլեւ շատ հաջող ղեկավարեց երկիրը՝
մինչեւ Հեյդար Ալիեւի իշխանության գլուխ անցնելը: Ավելին, Ալիեւի վրա
Վաշինգտոնի եւ Բրյուսելի կողմից ճնշման գործադրումը նման է Ակաեւի
օրինակին: Ալիեւը նաեւ գիտակցում է, որ Մոլդովայի նախագահը վերընտրվել է
միայն այն պատճառով, որ որոշեց հետեւել Արեւմուտքի ոճին: Եթե Ալիեւին
հաջողվի բանակցել ընդդիմության հետ, այդ ժամանակ հնարավոր է երկխոսել
էլիտայի հետ` ջանալով նրանց պատրաստել սպասվելիք փոփոխություններին, որոնք
հեշտ չեն լինի: Ադրբեջանը բավականին նավթային ռեսուրսներ ունի` ինչը
ենթադրաբար ապահովում է ֆինանսական բազայի մեծ մասը: Բայց նրանք, ովքեր
այժմ գտնվում են իշխանության մեջ, հազիվ թե այդքան հեշտ հրաժարվեն իրենց
եկամտից: Իր հերթին ԱՄՆ-ը Բաքվում չի ուզում տեսնել այնպիսի քաոս,
ինչպիսին սկսվել էր Ղրղըզստանում Ակաեւի պաշտոնանկությունից հետո:
Վաշինգտոնը ցանկանում է վստահ լինել, որ կասպյան նավթը կհոսի արեւմտյան
ուղղությամբ` մասնավորապես ակնկալելով օրական ստանալ 1 մլն բարել:
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը պատրաստ է, եւ Բաքվում տեղի ունեցավ նրա
հանդիսավոր գործարկումը: Այդ իրադարձությունը պետք է վերջակետ դնի
նավթամուղի շուրջ ծավալված տասը տարի ձգվող քաղաքական պայքարին: Բացի այդ,
աշխատանքի սկիզբը կնշանակի, որ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրներում
սպասվում են լուրջ փոփոխություններ. այն կարող է նոր «գունավոր
հեղափոխությունների» սկիզբ դառնալ: Հաղթանակ է տոնում նաեւ Վրաստանը:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարեց, որ նավթամուղի, իսկ
հաջորդ տարի՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շահագործումը «ամբողջ
տարածաշրջանը, այդ թվում՝ Վրաստանը, կդարձնի էներգաանկախ»: