Տեւական ժամանակ է, ինչ դատական տարբեր ատյաններում քննվում է Դ. Անհաղթ 19 շենքի բնակիչներ՝ ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից Արթուր Ղեւոնդյանի եւ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի աշխատակցուհի, գիտությունների թեկնածու Գայանե Մարկոսյանի համար վեճի առարկա դարձած 6.7 քմ կցակառույցի հարցը:
Բանն այն է, որ ՀՀ Ոստիկանության աշխատակիցն այդ շենքում բնակարան գնելուց հետո սկսել է իր կամքը թելադրել եւ շենքի այդ հարկում շինարարական փոփոխություններ կատարելու պահանջներ ներկայացնել: Ա. Ղեւոնդյանը սկզբում՝ հոգեբանական ճնշումներով, այնուհետեւ՝ դատական ատյաններում հայցապահանջներ ներկայացնելով՝ փորձում է հարեւանուհու կցակառույցը քանդել տալ: Գ. Մարկոսյանի ընտանիքն այդ շենքի մեկ սենյականոց բնակարանում բնակվել է սկսած 1992 թվից, իսկ կցակառույց-խորդանոցը կառուցվել է 1996-ին: Ընդ որում, կցակառույցը գրանցված է Գ. Մարկոսյանի բնակարանի սեփականության իրավունքի վկայականում՝ որպես ինքնակամ կառույց: Դրա վաղեմության մասին վկայում են Երեւանի քաղաքապետարանի եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարանի պատասխանները: «Շենքի նախագիծը շատ լավն է եւ շռայլ աստիճանահրապարակներ ունի. այնքան շռայլ, որ բոլոր հարկերում մեկ սենյականոց բնակարաններն ընդլայնել են իրենց տարածքն այդ աստիճանահրապարակի հաշվին»,- ասում է Գ. Մարկոսյանը` հավելելով, որ խորդանոցի այդ կցակառույցի առկայությունը չի խոչընդոտում վերելակի, աղբատար խողովակի շահագործմանը: Ինչեւէ, 2006-ին Դ. Անհաղթ 19 շենքի միեւնույն հարկում երեք սենյականոց բնակարան է գնել 6-րդ վարչության աշխատակից Ա. Ղեւոնդյանը, ով բնակարանը գնելուց առաջ, բնականաբար, ծանոթացել է տարածքին եւ քաջատեղյակ է եղել հարեւանի կցակառույցին: Նոր բնակարան տեղափոխվելուց հետո Ոստիկանության աշխատակիցը հարեւանից պահանջել է քանդել կցակառույցը, քանի որ այն զրկում է հարկի միջանցքում ծխելու հնարավորությունից: Թեեւ կցակառույցը կառուցվել է 1996-ին, այդուհանդերձ, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում դրանից հետո պարբերաբար փոփոխություններ են կատարվել, եւ ինքնակամ կառույցն օրինականացնելու գործընթացը տարիներ շարունակ հետաձգվել է: «Ինչ վերաբերում է սեփականաշնորհմանն, ապա, ցավոք սրտի, բոլոր մասնագետներն ասում են, որ մեր սեփականաշնորհման օրենքը տառապում է ներքին այնպիսի հակասություններով, որոնք անաչառ գործընթացի հնարավորություն չեն տալիս: Հակասությունն այն է, որ օրինականացնելու համար մենք պետք է բերենք ամբողջ շենքի նոտարով հաստատված համաձայնությունը, որը Հայաստանի պայմաններում գրեթե անհնար է` հաշվի առնելով մեր արտագաղթը»,- վստահեցնում է Գ. Մարկոսյանն՝ ասելով, որ անգամ կադաստրի մասնագետներն են պնդում, որ շենքերի ներսում կառուցված ինքնակամ կառույցների համար օրենքը վերանայվում է, քանի որ քաղաքային իշխանություններն էլ հասկանում են, որ օրենքում թերությունները շատ են:
Նշենք, որ վերոնշյալ շենքի բոլոր հարկերում առկա ինքնակամ կցակառույցները ճարտարապետական շեղում չեն առաջացրել, հետեւաբար՝ շենքի բոլոր հարկերի աստիճանահրապարակներում տարիների ընթացքում կցակառույցներ են կառուցվել: Այլ հարց է, որ 6-րդ վարչության աշխատակից Ա. Ղեւոնդյանն այդ հնարավորությունն օգտագործելու հարցում ուշացել է, սակայն Գ. Մարկոսյանը ենթադրում է, որ նրա գայթակղությունն ամբողջ հարկին տիրանալն է: Գ. Մարկոսյանն ընդունում է, որ կցակառույցն ինքնակամ է, բայցեւ տեղեկանք է ներկայացնում, որը 1996-ին տրվել է թաղապետարանի կողմից: «Նա բնակարանը գնել է 2006թ. դեկտեմբերին: Երբ նա տեսել է, որ իրեն ինչ-որ խանգարող բան կա` չի էլ փորձել նախօրոք զրուցել, հասկանալ, թե մենք պատրաստվո՞ւմ ենք քանդել այն, որից հետո նոր կգներ բնակարանը: Գարնանը շատ տհաճ խոսակցություն է լինում ամուսնուս հետ, որը համալսարանի պրոֆեսոր է: Ասում է` երեւում ա՝ դու կիրթ մարդ ես, ասածս կանես, կքանդես: Իրեն այնպես է դրսեւորում, որ իբր ինքն է տարածքի տերը եւ ինչ կուզի` կանի»,- պատմում է Գ. Մարկոսյանն, ում ամուսինն ի պատասխան Ա. Ղեւոնդյանի՝ ասել է` դիմիր դատարան: Գ. Մարկոսյանը նշում է, որ այդ ընթացքում Ոստիկանության աշխատակիցը դիմել է խուլիգանական արարքների` պոկելով զանգի լարերը, ցանկացել է պոկել հեռախոսալարերը եւ այլն: Ինչեւէ, Ա. Ղեւոնդյանն, այնուամենայնիվ, իբրեւ թե հետեւելով հարեւանի խորհրդին` դիմել է դատարան: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի, ապա՝ նույն համայնքների ընդհանուր իրավասության դատարաններում Ա. Ղեւոնդյանն ինքնակամ շինությունը քանդելը պարտավորեցնելու պահանջի մասին հայց է ներկայացրել: Դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Ա. Ղեւոնդյանի, ասել է թե` Գ. Մարկոսյանին պարտավորեցրել է կցակառույցը քանդել: Այնուհետեւ Գ. Մարկոսյանն առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որտեղ ՀՀ վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները եւ եզրահանգումները հատվածում արձանագրվել են հետեւյալ փաստերը. «Տվյալ դեպքում առաջին ատյանի դատարանի կողմից չի պարզվել, թե պատասխանողի կողմից երբ է կառուցվել ինքնակամ շինությունը, հայցվորի ո՞ր իրավունքն է խախտվել դրա առկայությամբ: Բացի այդ, պատասխանողի կողմից կառուցված ինքնակամ շինությունը աղբատարից եւ աստիճանավանդակից օգտվելու դժվարություններ առաջացնելու հանգամանքն առաջին ատյանի դատարանի կողմից որեւէ թույլատրելի ապացույցով հիմնավորված չէ, դրա վերաբերյալ առկա չէ համապատասխան մասնագիտական եզրակացություն»: Ինչեւէ, Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարել եւ բեկանել է Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը եւ գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության: Հունիսի 11-ին դատարանը, սակայն, կրկին բավարարել է հայցվորի պահանջը` ինքնակամ կառույցը քանդել տալու վճիռ կայացնելով:
Չնայած դատական այս երկարատեւ քաշքշուկին, այդուհանդերձ, Գ. Մարկոսյանն առաջին ատյանի դատավճիռը կրկին բողոքարկել է Վերաքննիչ դատարանում, որի նիստը կայանալու է հոկտեմբերի 9-ին: Թե ի՞նչ լուծում կտա դատարանն այս վեճին` կպարզվի ամսի 9-ին, սակայն հետաքրքիրն այն է, որ 6-րդ վարչության աշխատակիցն օգտագործելով իր լծակներն՝ ամեն կերպ ցանկանում է տիրանալ Դ. Անհաղթ 19 շենքի մի ամբողջ հարկին: Նա նույնիսկ Գ. Մարկոսյանին առաջարկում է տեղափոխվել Նոր Նորքի զանգվածում գտնվող իր մեկ այլ բնակարան: Այսինքն` ինքնակամ կցակառույցն ընդամենը պատրվակ է համալսարանի պրոֆեսոր, գիտությունների թեկնածու, 3 զավակ ունեցող այս մարդկանց տարածքից դուրս հանելու համար: Ի դեպ, այն կցակառույց խորդանոցում, որն իբրեւ թե խանգարում է Ա. Ղեւոնդյանի ծխելուն, պահվում են այս մարդկանց գրքերը: 3 սենյականոց բնակարանի սեփականատեր Ա. Ղեւոնդյանի ծխելու հարմարավետությանը, փաստորեն, խոչընդոտում է պրոֆեսորի եւ գիտությունների թեկնածուի գրադարանը: