Հոկտեմբերի 3-5-ը Երեւանում՝ «Epygi office park»-ում, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնությամբ կանցկացվի «DigiTec-2008» ամենամյա ցուցահանդեսը: Արդեն չորրորդ անգամ անընդմեջ անցկացվող այս միջոցառումն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: «DigiTec»-ի հիմնական նպատակն է՝ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների եւ հասարակության միջեւ ստեղծել բարենպաստ միջավայր: Բացի այդ, ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Ցուցահանդեսին կմասնակցեն տեղական եւ միջազգային ավելի քան 40 ընկերություններ, լինելու են շուրջ 15 տեխնոլոգիական ներկայացումներ։ Բացի այդ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, նպատակ ունենալով խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումն այլ ոլորտներում, առանձին հրավերներ է ուղարկել հանրապետության շուրջ 3 հազար ընկերությունների, որպեսզի վերջիններս, այցելելով ցուցահանդես, նոր լուծումներ գտնեն՝ իրենց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։
Հալաբյան 16 հասցեում գտնվող նորակառույց «Epygi office park»-ն ապահովված է ցուցադրվող ընկերությունների եւ այցելուների համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով:
«DigiTec-2008»-ի երեք աշխատանքային օրերի ընթացքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «DigiTec-բիզնես լուծումներ» ֆորումը, «DigiTec-էլեկտրոնային կառավարում» ֆորումը, ինչպես նաեւ՝ «DigiLife» սեմինարների շարքը:
Ցուցահանդեսին զուգահեռ՝ հոկտեմբերի 4-5-ը, Երեւանում անցկացվելու է ՏՏ ոլորտի եւս մեկ խոշորագույն միջոցառում՝ «Արմթեք» կոնգրեսը, որն անցած տարի տեղի ունեցավ Սան Ֆրանցիսկոյում։ «Արմթեքը» ՏՏ ընկերությունների տնօրենների համաշխարհային կոնգրես է, որը կազմակերպվում է ամեն տարի, եւ նպատակն՝ ինչպես սփյուռքահայ, այնպես էլ հայաստանյան գործարարների միջեւ կապերի հաստատումն ու ամրապնդումն է։
«DigiTec-2008»-ի գլխավոր հովանավորն է «Microsoft RA» ընկերությունը, հովանավորը` «Virage Logic» ընկերությունը: