Մերոնք՝ ԵԱՀԿ-ում

02/10/2008

Սեպտեմբերի 18-21-ը Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի քննարկման հիմնական թեման, ինչպեսեւ սպասվում էր, եղել է ռուս-վրացական հակամարտությունը: Հայաստանից նստաշրջանին մասնակցել են պատգամավորներ Արամ Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը, Խաչիկ Հարությունյանը եւ Արմեն Աշոտյանը:

«Ես խոսեցի այն մասին, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական եւ խոշորագույն տնտեսական գործընկերն է տարածաշրջանում, եւ որ մենք հարգանքով ու ըմբռնումով ենք մոտեցել տարածաշրջանում նրա շահերին: Վրաստանը մեր ավանդական բարեկամական տրամադրված հարեւանն է, որի հետ ունենք նաեւ առեւտրատնտեսական սերտ հարաբերություններ, եւ որի տարածքով է անցնում մեր բեռնափոխադրումների 70 տոկոսը: Պատերազմի 5 օրերի ընթացքում ՀՀ տնտեսական վնասը կազմեց 682 մլն ԱՄՆ դոլար: Մենք հարց ենք տալիս, ի՞նչ կլիներ, եթե պատերազմը տեւեր 15 օր կամ 1 ամիս: Մենք արձանագրեցինք, որ իր անկախության ընթացքում ՀՀ-ն երբեք իր շահերն ու քաղաքականությունը չի կառուցել մեծ տերությունների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների շահերի բախման շրջանակում: Հակառակը, մենք միշտ հանդես ենք եկել մշտական համաձայնեցումների, երկխոսության կողմից: Ելույթից հետո մենք մտքերի փոխանակություն ենք ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ: Եվ մենք մի խումբ պատվիրակությունների ղեկավարներին դեկտեմբերի երկրորդ շաբաթը ԵԱՀԿ-ի հետ միասին հրավիրել ենք Երեւանում կայանալիք կոնֆերանսին»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ա.Սաֆարյանը:

Լ.Ալավերդյանն էլ տեղեկացրեց, որ նստաշրջանում իր ելույթը նվիրված է եղել Կովկասում փոքրաթիվ ազգերի իրավահավասարությանը: «Հաստատելով, որ Կովկասում ապրող որեւէ փոքրաթիվ ժողովուրդ իրեն չի համարում ազգային փոքրամասնություն, համարում է բնիկ ժողովուրդ` խոսել եմ այդ ազգերի իրավունքների պաշտպանության օգտին: Կարծես թե այդ խոշորների բախման մեջ բոլորը մոռացել են, որ այդտեղ կան փոքրաթիվ ժողովուրդներ, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հարավօսերին եւ աբխազներին: Իմ առաջարկությունն է հնչել, որ անհրաժեշտ է հրավիրել կովկասյան ժողովուրդների կոնֆերանս, որը կարող է որոշել, թե ինչպիսին պետք է լինի ժողովուրդների հարաբերությունը մեր տարածաշրջանում: Որ Կովկասը չդառնա այն դաշտերից մեկը, որտեղ կընթանա ուժեղների պայքարը, ինչը փոքր ժողովուրդների համար ցավոտ կլինի: Մենք ողջունեցինք Կովկասում Թուրքիայի` պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությունը, բայց գտնում ենք, որ այդ ֆորմատը պետք է ընդլայնվի: Եվ իմ առաջարկած կոնֆերանսը որեւէ առումով չի կրկնում Թուրքիայի կողմից առաջարկած ֆորմատին: Մեր ելույթներից հետո տեսանք, որ արձագանքները դրական էին»,- ասաց Լ.Ալավերդյանը:

ԵԱՀԿ ԽՎ հաջորդ` ձմեռային նստաշրջանը տեղի կունենա փետրվարի 19-21-ը Վիեննայում: