21-րդ դարում ֆիլմի գրաքննություն

02/10/2008

Հարգելի պարոն Գեւորգյանց

Վերջին օրերին մամուլում եւ հեռուստաալիքներով Դուք հայտարարություններ եք արել ս.թ. մայիսին պետական պատվերով նկարահանված «Սարդարապատ» 39-րոպեանոց վավերագրական ֆիլմիս կապակցությամբ, հատկապես շեշտելով դրա մեջ իբրեւ թե տեղ գտած պատմության խեղաթյուրումներն ու ինձ իբրեւ թե վճարված 12 հազար դոլարի գումարը: Բացի դա, Դուք պետական պաշտոնյայի դիրքերից միջամտել ու խափանել եք «Մոսկվա» կինոթատրոնում ս.թ. սեպտեմբերի 26-ին եւ 27-ին նախատեսված մեկ այլ իմ ֆիլմի` 68-րոպեանոց «Սարդարապատ dռjՈ vu» կինոնկարի ցուցադրումը: Այս ամենը ստիպում է ինձ հրապարակավ դիմել Ձեզ որոշ հարցերով:

Պարոն Գեւորգյանց, ես արել ու հանձնել եմ Ձեզ «Սարդարապատը» դեռեւս հինգ ամիս առաջ, հույս ունենալով, որ այն կցուցադրվի մայիսի 28-ին, Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակի օրը, ոգեւորելով երիտասարդներին ու դաս հանդիսանալով բոլորիս համար: Հինգամսյա լռությունից հետո, ս.թ. սեպտեմբերի 22-ին ես ստացա Ձեր պաշտոնական նամակը, որից զարմանքով իմացա, որ վաղուց ավարտած «Սարդարապատ» վավերագրական տեսաֆիլմս այժմ որակվում է որպես «ֆիլմի նախնական տարբերակ», որի «հետագա ճակատագրի վերաբերյալ որոշում է ընդունվելու մասնագիտական բարձր որակավորում ունեցող պատմաբան-գիտնականների քննման արդյունքներից հետո»: Համարձակվում եմ հիշեցնել, որ ես ոչ սկսնակ եմ, ոչ էլ ուսանող, այլ 3 խաղարկային եւ 13 վավերագրական ֆիլմերի հեղինակ, որոնցից մեծ մասը արժանացել էր միջազգային փառատոների մրցանակների, իսկ մեկն անգամ հռչակվեց 2005 թվականի լավագույն մշակութային նախագիծ մուլտիմեդիայի համաշխարհային մրցույթում: Դա ինձ թույլ էր տալիս ակնկալելու, որ հերթական աշխատանքս գոնե ավարտից ամիսներ անց չդիտվի իբրեւ «նախնական տարբերակ»: Էլ ավելի մեծ զարմանքով ես ընթերցեցի Ձեր նամակին կցված ու միանգամայն իրարամերժ «մասնագիտական կարծիքները» ֆիլմիս մասին: Հատկապես «ցնցված» եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ.Դեմոյանի բովանդակալից վերլուծությամբ, ուր «առանձնապես աչքի է ընկնում հեղինակի (այսինքն իմ.- Տ.Խ.) ձգտումը 20-րդ դարի սկզբի իրադարձությունները մեր իրականության պրիզմայով նայելու խիստ անհաջող փորձն ու տրամադրվածությունը (ընդգծված է իմ կողմից.- Տ.Խ.)»։

Ես միամտորեն համարում էի, որ պատմությունը պետք է դաս եւ փորձ դառնա ներկայի եւ ապագայի համար, բայց պրն Հ.Դեմոյանը վերջնականապես ցրեց իմ այս պատրանքը: Իսկ հատկապես ի՞նչ «խիստ վիճելի պնդումներ ու ձեւակերպումներ» հայտնաբերեց պրն տնօրենը իմ ֆիլմում: Բարեբախտաբար, նա բերում է դրանց ցուցակը. «Օրինակ` «Գալաբոլու (պետք է լինի Գալիբոլու), «ազերիներ», «Ֆերիկ փաշա` այսինքն մարշալ», «10 միլիոնանոց թուրք ազգություն» եւ այլ ձեւակերպումներ»: Այսքանը: Ես ցավում եմ, որ թուրքերենի չիմացությունս տեղանվանման մեջ մեկ տառի սխալ առաջացրեց: Դե ինչ, պրն Դեմոյանն էլ Ձեր գլխավորած «Հայկ» ստուդիան սխալմամբ վերանվանեց «Հայք», սակայն դրա մեջ մեծ ողբերգություն չկա: Նրա նշած մյուս «խիստ վիճելի պնդումները» նույնքան հատկանշական են. «ֆերիկ» կոչումը իսկապես համապատասխանում է մարշալի կոչմանը, թուրքերն Օսմանյան Կայսրությունում իսկապես 10 միլիոն էին 20-րդ դարի սկզբին՝ համաձայն բազմաթիվ աղբյուրների, «ազերիները» իրենց ժամանակակից անվանումը ստացան հենց խնդրո առարկա ժամանակաշրջանում: Ի՞նչն է այստեղ «խիստ վիճելի»: Եվ ի՜նչ ապշեցուցիչ եզրակացություն է անում երիտասարդ ցեղասպանագետը իմ ֆիլմի վերաբերյալ այս մահացու «թերությունների» հիման վրա. «նման խմբագրմամբ ֆիլմի մասսայական թողարկումը դիտում եմ անցանկալի»: Սա գրված է ոչ 1938-ին, ոչ էլ 1978-ին, այլ մի քանի օր առաջ` 2008-ի սեպտեմբերին…

Հետաքրքիր է, որ բոլորովին հակառակ կարծիք է հայտնել նույն հարցով Ձեր մյուս հասցեատերը` պատմաբան պրոֆեսոր Մ. Կարապետյանը: Նա նույնպես նշում է ֆիլմում մի քանի «ոչ էական մեղանչումներ», սակայն հայտնում է, որ «մեծագույն բավականությամբ դիտեց» այն, եւ որ «Սարդարապատի հերոսամարտի վերաբերյալ ստեղծված է չափազանց հետաքրքիր ու ինքնատիպ մի գործ, որի էկրան բարձրանալը միայն ու միայն ողջունելի է»:

Անչափ շնորհակալ լինելով մասնագիտական այս բազմակարծության համար, այսպես էլ չհասկացա` ո՛ւմ կարծիքին պետք է հետեւեմ ես: Իսկ Դուք: Միգուցե ընդունե՛նք Զեր նամակագիրներից եւս մեկի` ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վ. Մելիքյանի հետեւյալ պնդումը. «Գոնե Սարդարապատում համաժողովրդական պայքար որպես այդպիսին չի եղել, քանի որ 1918թ. մարտ-ապրիլ ամիսներից սկսած Արարատյան դաշտի, Երեւանի նահանգի հայ ազգաբնակչության մեծ մասը խուճապահար փախչում էր Սեւան-Դիլիջան-Թիֆլիս ճանապարհով»: Եվս մեկ մեջբերում նույն հեղինակից. «աշխարհազոր-ժողովրդի մասնակցությունն այստեղ (այսինքն` Սարդարապատի հերոսամարտում.- Տ.Խ.) չնչին է»: Ես սրտանց շնորհավորում եմ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին ու ողջ հայ ազգաբնակչությանը այսպիսի գիտաշխատողներ ունենալու կապակցությամբ: Վստահ չեմ, սակայն, որ այս շնորհավորանքին կմիանային Սարդարապատի հերոսամարտում զոհված «աշխարհազոր-ժողովրդի» անթիվ կամավորները…

«Գոլոս Արմենիի» թերթի սեպտեմբերի 25-ի համարում Դուք հայտարարեցիք, որ ֆիլմիս խորհրդատու հանդիսացել է Լ. Տեր-Պետրոսյանի օրոք Հեռուստառադիոկոմիտեի նախագահ Տ. Հակոբյանը, փորձելով այս կերպ «դիմակազրկել» իմ քաղաքական կեցվածքը: Պետք է հիասթափեցնեմ Ձեզ` ֆիլմի տիտրերում նշված Տիգրան Օ. Հակոբյանը, որը անշահախնդիր օգնեց ինձ Հայաստանի եւ արտասահմանյան արխիվներից ձեռք բերել եզակի փաստաթղթեր ու տեսանյութեր, բոլորովին այլ անձնավորություն է, որը տարիներ շարունակ գլխավորում է Մշակույթի նախարարությանը կից Ժողովրդական ստեղծագործության եւ արհեստների կենտրոնը: Այս հերթական վրիպումը միայն ընդգծում է Ձեր անտեղյակությունն այն ֆիլմի վերաբերյալ, որը Դուք հայտարարում եք Ձեզ պատկանող:

Նույն անհեթեթությունն է տիրում այն գումարային հաշվարկներում, որոնցից Դուք սկսում եք ֆիլմիս մասին բոլոր խոսակցությունները: Ի՞նչ 12 հազար դոլարի մասին է խոսքը: Բյուջեից նախատեսված գումարի 40 տոկոսը ձեւակերպված է որպես «Հայկ» ստուդիայի ներքին ծախսեր, մյուս 40 տոկոսն էլ` որպես պետական հարկեր ու գանձումներ: Ես անձամբ ստացել եմ «Հայկ» ստուդիայի դրամարկղից 50 հազար դրամ՝ սցենարի համար, եւ երեք անգամ 50-ական հազար դրամ աշխատավարձ՝ ողջ աշխատանքային շրջանի ընթացքում: Այսքան է գնահատված եղել Սարդարապատի 90-ամյակին նվիրված ֆիլմի հեղինակի աշխատանքը: Պայմանագրի ժամկետի ավարտից դեռեւս մեկ շաբաթ առաջ ֆիլմի նկարահանման համար փաստացի վճարումները կազմում էին բյուջեի ընդամենը 4 տոկոսը, ինչի մասին ես հայտնել էի Ձեզ ս.թ.մայիսի 15-ի իմ նամակում, գրելով, որ աշխատել նման պայմաններում անհնար է: Ինչեւէ` ես կատարեցի պարտավորությունս ու ավարտեցի ֆիլմը, փաստորեն, սեփական միջոցներով: Ոչ մի դրամ, ոչ մի լումա չի վճարվել բյուջեից այն եզակի տեսանյութերի համար, որ ես ձեռք էի բերում մեծ ջանքերով: Այսօր ես իրավունք ունեմ հարցնելու` ինչո՞ւ իմ ֆիլմը չի ընդունվում ու չի ցուցադրվում: Պատմաբանների կարծիքները, ինչպես տեսնում եք, իրարամերժ են, ուստի ես չեմ կարող հետեւել այդ դեգերումներին: Բացի դա, ես ստեղծել եմ այս ֆիլմը իբրեւ գեղարվեստական ու մշակութային գործ, այլ ոչ իբրեւ թեկնածուական դիսերտացիա: Որպես հեղինակ, ես ունեմ սեփական տեսակետներ ու սկզբունքներ, որոնց համար պատասխանատու եմ իմ կենսագրությամբ: Պատմական ճշմարտությունը երբեմն դառն է, ինչպես բոլոր դեղերը: Ես նորից հիշեցի այս պարզ իրողությունը, երբ կարդացի ինձ հասցեագրված մեղադրանքներից մեկը, երեւի հիմնականը. «Ֆիլմում ճիշտ չեն ներկայացված հայ հասարակության պառակտման պատճառները»: Կարծում եմ, այսօրվա հասարակական իրավիճակը մեծապես պայմանավորված է հենց անցյալի դասերը մոռացության մատնելու մեր աններելի սովորությամբ: Ես իմ ֆիլմում հատուկ անդրադարձա այս խնդրին, եւ թույլ տվեք մեջբերել մի պարբերություն իմ իսկ տեքստից. «Մեր ողբերգությունը սկսվեց ոչ թե 1915 թվականին, եւ միգուցե այն շարունակվում է առ այսօր, քանի դեռ չեն վերացել մեր մեջ արմատացած դրա հիմնական պատճառները: 1918 թ. գարնանը հայությունը իրենից ներկայացնում էր պառակտված ու բեւեռացած մի հասարակություն, որը լցված էր աղքատների ու հարուստների դասակարգային ատելությամբ, սոցիալական անարդարությամբ, ժողովրդի ու ղեկավարների միջեւ աճող օտարությամբ, կաշառակերությամբ ու կոռուպցիայով, կուսակցական գզվռտոցով, քաղաքական մանր ամբիցիաներով, գաղափարական սնանկությամբ, օլիգարխների անհեռատես նյութապաշտությամբ ու ագահությամբ, մամուլի ու մտավորականների թուլությամբ կամ ծախվածությամբ, բոլոր տեսակի վերնախավերի խայտառակ բացակայությամբ կամ լավագույն դեպքում` ազգի առջեւ ծառացող ահեղ խնդիրներին բացարձակ անհամապատասխանությամբ»:

Ես գրել էի սա 2008թ. հունվարին: Սցենարի ստեղծման առաջին օրերը եւ հետագա իրադարձությունները մեր երկրում միայն ամրապնդեցին իմ համոզմունքը, որ ներկայիս խնդիրներն արմատավորված են անցյալում: Ավելին, ֆիլմն ավարտելուց ու հանձնելուց հետո, ս.թ. հունիս-օգոստոս ամիսներին ես շարունակեցի աշխատանքը, ծանոթացա Դ. Բեկ Փիրումյանի թոռան` Յուրի Բեկ Փիրումովի հետ, ձեռք բերեցի նոր տեսանյութեր եւ արդյունքում նկարահանեցի մեկ այլ ֆիլմ, 68 րոպե տեւողությամբ, որն անվանեցի «Սարդարապատ dռjՈ vu»: Ես այն ցուցադրել եմ լրագրողներին եւ պատրաստվում էի ներկայացնել հանդիսատեսին, երբ տեղեկացա, որ իմ նոր ֆիլմի շնորհանդեսն արգելվում է: Չեմ կարող այս փաստը որակել այլ կերպ, քան գրաքննության եւ մշակութային հալածանքի փորձ: Ինչ վերաբերում է «Սարդարապատ» 39-րոպեանոց տեսաֆիլմիս, ապա ես խնդրում եմ կամ ընդունել այն եւ վճարել իմ աշխատակազմի բեմադրական վարձատրությունը, կամ պաշտոնապես լուծարել պայմանագիրը, որի բոլոր կետերը ես կատարել եմ:

Հարգանքներով`
Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ