40 միլիոն` Վրաստանին

02/10/2008

Համաշխարհային բանկը մտադիր է «Աղքատության հաղթահարմանն աջակցելու ծրագիր» (PRSO) նախագծի շրջանակներում լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել Վրաստանին: Վրաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցչությունից տեղեկացրել են, որ 40 միլիոն դոլարի չափով վարկի հատկացումը քննարկվելու է ՀԲ-ի գործադիր տնօրենների խորհրդի այսօրվա նիստում: Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը մայիսի վերջին հավանություն է տվել «Աղքատության հաղթահարմանն աջակցելու ծրագիր» (PRSO) նախագծի շրջանակներում Վրաստանին չորրորդ` վերջին վարկաբաժնի հատկացմանը: PRSO-ի իրագործումը Վրաստանում սկսվել է 2005թ.: Այն բաղկացած է 4 մեկամյա ծրագրերից: Ծրագրի նպատակը Վրաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցելն է, որոնք նպատակամղված են պետական հատվածի արդյունավետության եւ թափանցիկության մեծացմանը, էլեկտրաէներգետիկայի եւ գազի հատվածների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, մասնավոր բիզնեսի զարգացման համար միջավայրի բարելավմանը եւ սոցիալական պաշտպանության, կրթության, առողջապահության ոլորտների բարելավմանը: Ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 80 մլն դոլար, եւ միջոցները ստացվում են Վրաստանի պետբյուջե: Ծրագրի շրջանակներում վերջին վարկաբաժինը Վրաստանի պետբյուջե է փոխանցվել 2008թ. օգոստոսին: PRSO նախագիծը հանգուցային է Վրաստանի հետ Համաշխարհային բանկի համագործակցության ռազմավարության մեջ, որը ՀԲ-ի ղեկավարության կողմից հաստատվել է 2007թ. սեպտեմբերին եւ 2006-2009թթ. ընթացքում նախատեսում է 43 մլն դոլարի հատկացում: Սակայն ռազմավարության իրականացման առաջին 3 տարվա ընթացքում Վրաստանը ՀԲ-ից արտոնյալ վարկերի ու դրամաշնորհների տեսքով ստացել է 166 մլն դոլար: Ընդամենը 1995թ. ՀԲ-ն Վրաստանում 45 նախագծերի իրականացման համար 962,5 մլն դոլար ընդհանուր գումարի 52 վարկ ու դրամաշնորհ է հաստատել: Ներկայում Վրաստանում ՀԲ-ի վարկային պորտֆելը ներառում է 15 ներդրումային եւ մեկ բյուջետային նախագիծ, որոնց ֆինանսավորմանը հատկացվել է 286,8 մլն ընդհանուր գումարի 21 վարկ ու դրամաշնորհ: