«Մի քիչ ժանգոտել ենք, պետք է փայլ ավելացնենք»

02/10/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Նկարիչ Ժան Ղազանչյանը շատ յուրահատուկ ու անհանգիստ մարդ է, էներգիան ուղղակի հորդում է նրանից: Նա կարծես ամեն վայրկյան պատրաստ է փոխվել ու փոխել իրեն շրջապատող աշխարհը: Նա իր էությամբ եւ իր ընտրությամբ` սյուրռեալիստ է (կամ էլ, ինչպես ինքն է ասում` գերիրապաշտ է), եւ, ինչպես իսկական սյուրռեալիստ, նա առաջ է մղվում` ռեալությունը գերզգայուն ներկայացնելու համար: Ճակատագիրը նրան պարգեւել է հանդիպումներ Պաբլո Պիկասոյի, Ժորժ Կիրիկոյի, Սալվադոր Դալիի հետ:

Ժան Ղազանչյանը ծնվել է Բեյրութում, հետո տեղափոխվել է Փարիզ, քանի որ լիբանանյան կառավարության մրցանակի շնորհիվ լավագույն նկարչական դպրոցներից մեկում սովորելու հնարավորություն է ստացել: «Նման հաջողության մասին ես չէի էլ փափագում, եւ Ֆրանսիայում լիակատար ազատության մեջ հայտնվեցի: Դուք պատկերացնել անգամ չեք կարող՝ որքան դժվար է իսլամական պետության մեջ ապրել, որը կարծես բերդի է նման, որտեղ ամեն բան փակված ու սեղմված է: Իսկ արվեստում ամենակարեւորն ազատության հարցն է»,- ասում է նա:

Երկար տարիներ Փարիզում ապրելուց հետո Ժան Ղազանչյանը հասկացել է, որ նոր տպավորությունների կարիք ունի: Եվ այդ նորը նրան Նոր աշխարհ է բերել: Այժմ նա ապրում է Լոս Անջելեսում, որտեղ իր կնոջ` ֆրանսուհի Քրիստին Արգիլեի հետ մասնավոր գալերեա է բացել:

Հայաստանում շատ լավ ճանաչում են ֆրանսահայ նկարիչներ Գառզուին ու Ժանսեմին, սակայն Ժան Ղազանչյանի անունը մեզ գրեթե անծանոթ է: Պատճառը նրանում է, որ նա չի եղել Խորհրդային Հայաստանում, քանի որ չի կարողացել իր «մեջ չեզոքացնել անհանդուժողականությունը տոտալիտար կարգերի նկատմամբ»: Ժան Ղազանչյանը չափազանց ազատատենչ մարդ է։ Նա նաեւ շատ լավ գիտե՝ ինչով է ապրում այսօրվա հայաստանցին։

Քանի որ կյանքն անպայման այս կամ այն կերպ պետք է «մխրճվի» արվեստի մեջ, Ժան Ղազանչյանն էլ իր կտավներ է մխրճում, օրինակ, ամերիկյան սիմվոլները (նա շատ յուրահատուկ շարք է արել, որը լի է ամերիկյան «fast fest» խորհրդանիշ Միկի Մաուսի առատ կերպարներով ու անթաքույց հեգնանքով), եւ արդեն որսում է Հայաստանի սիմվոլները։ Առաջին անգամ լինելով մեր հանրապետությունում, նա կրկին լցվել է նոր պլաններով, եւ պատրաստվում է իրապես սյուրռեալիստական երեւանյան փողոցների պատկերաշար ստեղծել:

– Արդեն սկսել եմ նկարել Հայաստանի ավտոներն ու մարդկանց: Ավտոներն այստեղ մարդկային կերպարանք են ստացել, ատամներ են աճեցրել ու պատրաստ են մայթին հայտնված մարդկանց ոտքերը կծել կամ ուտել նրանց։ Մարդիկ էլ փախչում են ավտոներից։ Շատ հետաքրքրական ապրումներ ունեցա Երեւանի փողոցում, եւ այդ ապրումները պետք է նկարի վերածեմ։ Ինքս գերիրապաշտ լինելով` չեմ հրաժարվում ֆիգուրատիվ պատկերներից, պարզապես, ինչպես եւ կյանքում, իմ նկարներում էլ պատկերները նման են լեռներին ու ձորերին: Միշտ կա լեռ, ու կա ձոր, կյանքը երբեք հարթ չի լինում, կյանքում միշտ կա «վերն» ու «վարը»:

– Երեւի, եթե չլինեն ձորերը, մենք չենք հասկանա, թե որքան բարձր կարող են լինել լեռների գագաթները:

– Այո, պետք է ներքեւում հայտնվես, անկում տեսնես, որպեսզի վերը բացվի քեզ համար: Եվ դա շատ լավ է: Ընդհանրապես միշտ համարել եմ, որ նկարչությունը մեծ, շա՜տ մեծ, հոյակապ ավանտյուրա է: Ըստ իս՝ արվեստի գլխավոր հարցը միջավայրն է: Եվ հենց միջավայրն է ստիպում նկարչին փոխվել կամ չփոխվել: Եվ շատերը հիմա ասում են, որ կտավի վրա արված նկարներն այլեւս մեռել են, քանի որ միջավայրն անընդհատ փոփոխվում է, իսկ կտավների վրա արված պատկերները` ոչ: Նկարչի թիկունքում միշտ կիրքն է, եւ եթե նա ներշնչվում է միջավայրից, ուրեմն պիտի իր ներշնչանքը միջավայրին էլ վերադարձնի: Մեր շրջապատում շատ բան կա, որը մենք քննադատում ենք` մեր առօրյան ավելի լավը դարձնելու համար: Արվեստը չի կարող արագ դռներն ու պատուհանները բացել` ասելով` եկեք, ճաշակեցեք ինձ: Արվեստը կարող է ասել` կյանքն ու ես նույնն ենք, երկուսս էլ ապրում ենք ու մահանում ենք: Եվ երկուսս էլ քննադատվում ենք։ Սակայն քննադատելը պետք է ոչ թե քանդիչ, այլ՝ շինիչ դեր կատարի։ Քանդելն ընդհանրապես շատ հեշտ է, շինելն է դժվար:

– Պարոն Ղազանչյան, դուք շատ եք շրջել աշխարհով մեկ ու կարծես «տուն» հասկացությունն այդպես էլ չեք գտել: Մոլորակով թափառելն օգնո՞ւմ է ստեղծագործող դառնալուն։

– Հետաքրքիր տեսակետ է, բայց կարծում եմ, որ թափառելը չէ, որ կարեւոր է: Հրեաներն, օրինակ, անընդհատ են թափառում, բայց իսկական նկարիչներ չունեն: Նրանց ամենահայտնի նկարիչ Մարկ Շագալն, օրինակ, իր ամենահետաքրքրական գործերը ստեղծել է Ռուսաստանում, իսկ երբ Եվրոպա է վերադարձել, ավարտվել է որպես նկարիչ եւ սկսել է միայն դրամի համար աշխատել:

– Դրամի շատ լինելը խանգարո՞ւմ է:

– Դրամը շատ անհատական բան է: Ոմանք կարողանում են դրամի շնորհիվ մեծանալ, հստակեցնել իրենց ընտրած ուղղությունը, բյուրեղացնել իրենց հայացքը: Ուրեմն՝ դրամը կարող է լինել նպատակներին հասնելու միջոց: Իսկ նպատակը մեկը պիտի լինի։ Դա ազատությունն է։

– Ասելով, որ արվեստը ազատ պիտի լինի, դուք նկատի ունեք հոգեբանակա՞ն ազատությունը:

– Ոչ միայն: Եթե դռներն ու պատուհանները փակ են, արվեստը կարող է դեպի դուրս քայլել, փողոց ելնել: Հիմա աշխարհում շատ արվեստագետներ չեն էլ ուզում, որ իրենց գործերը թանգարաններում` չորս պատերի մեջ դրվեն, նրանք ուզում են դուրս գալ, որպեսզի իրենց գործերը աշխարհի, կյանքի մի մասը կազմեն: Հիմա պատկերազարդվում են փողոցները, շենքերը, ավտոմեքենաները, մարդկանց մարմինները: Չէ՞ որ մարմինների վրա արված տատուները նույնպես արվեստի մաս են կազմում: Արվեստի մաս են կազմում նաեւ մետրոներում արված նկարները, գրաֆիտին: Այդ ամենն ազատ արվեստի դրսեւորումներն են:

– Իսկ ի՞նչ կավելացնեիք մեր քաղաքի արտաքին տեսքին։

– Դեռ չեմ կարող ասել, հաջորդ անգամ արդեն իմ կտավներով կգամ Հայաստան, ու այդ ժամանակ իրապես իրար հետ կծանոթանանք։ Ասեմ, որ կուզեի փողոցային քանդակների շարք անել, սակայն այդ քանդակները ոչ թե ուղղակի քաղաքի զարդ պիտի լինեն, այլ՝ քաղաքի մասնիկները։ Եթե չկարողանամ դա անել, կփշրեմ քանդակներս։

Ես փիլիսոփա չեմ, բայց նկարչությունն ինձ համար միայն գույն եւ գիծ չէ, այլ` ավելին է: Արվեստը շնորհք է, այդ բառը հայերեն շատ հետաքրքրական է հնչում, քանի որ շնորհքը մի բան է, որն ամենուրեք է հարկավոր, առավելեւս` մեր առօրյայում: Եվ շնորհք տալն ամենահաճելի բանն է։ Ես եղա Մատենադարանում, ժամերով շրջեցի դահլիճներում, ծանոթացա մագաղաթների հետ, հիացա, բայց մտածեցի, որ զարգացման հարցերն են անտեսվել։ Ինչո՞ւ ենք այդքան կոնսերվատիվ, ինչո՞ւ ենք ավանդույթները միայն պինդ պահելու մասին մտածում, ինչո՞ւ դրանք չենք զարգացնում, նոր ֆորմաների չենք վերածում։ Արվեստը ժողովրդի ոգին է ներկայացնում, իսկ ոգին միայն թանգարաններում լինել չի կարող։ Եվ երբ բծախնդրությունն ու կիրքը միանում են, ժողովուրդն էլ, արվեստն էլ դրանից միայն շահում են։

– Ձեր աշխատանքներին այստեղ ծանո՞թ են: Դրանք կա՞ն մեր թանգարաններում։

– Տարիներ առաջ ես երկու գործ եմ նվիրել Հայաստանին, բայց հիմա, երբ առաջին անգամ եկա Հայաստան, դժբախտաբար դրանց հետքն անգամ չկարողացա գտնել:

– Ձեր կարծիքով՝ հայկական սփյուռքը որքա՞ն երկար կարող է իր հայկական ինքնությունը պահպանել: Արդեն իսկ ավելի երիտասարդ հայերի սերունդը հայերեն չի խոսում եւ ավելի նվազ հայ է, քան ձեր սերնդի մարդիկ:

– Անկասկած, սփյուռքը ձուլվելու է: Ես կասեի, բարեբախտաբար ձուլվելու է: Ես փափագում են այն օրը, երբ մենք կկարողանանք ձեր լեզուն սովորել ու ձեզ հետ ձուլվել: Կամ էլ մեջտեղ կբերենք շաղախված մի ընդհանուր լեզու: Վերջիվերջո, բոլոր հայկական հարցերը մեր հայկական արեւով պիտի լուծենք: Վերջերս բոլորը խոսում են աշխարհացումի` գլոբալիզացիայի մասին: Ես համոզված եմ, որ այդ միտքը առաջ են քաշել` նպատակ ունենալով` ավելի շատ բաժանել տարբեր ազգերին: Արվեստի համար դա շատ վատ է, ես ինքս շատ կուզեի, որ ամեն ազգ իր լեզուն, իր գրականությունը պահպաներ: Սակայն կարծում եմ, մի օր կգա, երբ աշխարհը կղեկավարի մեկ ընդհանուր քաղաքական կառույց, միգուցե հսկայական ֆեդերացիայի տեսքով: Եվ գլոբալացումը մոտեցնում է այդ օրը, քանի որ բաժանված ազգերին ավելի հեշտ է կառավարել:

– Արդյո՞ք այդ ֆեդերացիան նման չի լինի Բաբելոնի աշտարակին:

– Միգուցե։ Բաբելոնի աշտարակը հենց դրա համար էլ ստեղծվել է, որպեսզի ավելի շատ բաժանի մարդկանց:

– Հասցրե՞լ եք շփվել հայաստանցիների հետ, «որսացե՞լ» եք նրանց տրամադրությունները։

– Ես բավականաչափ շատ եմ խոսել երեւանցիների հետ ու տեսել եմ, որ շատ դժգոհություններ կան, հիմնականում սոցիալական հարցերի շուրջ: Բայց ասեմ, որ աշխարհում ամենուրեք նույնն է, բոլորը դժգոհում են կառավարիչներից: Ապագայում էլ նույնն է լինելու, ով էլ որ ուզի գալ ղեկավարելու` միեւնույն է, դժգոհություն է ծնելու ժողովրդի մեջ: Շատ կցանկանայի, որ Հայաստանի ղեկավարները փոքր-ինչ ավելի շատ ուշադրություն դարձնեն ժողովրդի ցանկություններին, որպեսզի ժողովուրդն ավելի ուրախ լինի: Թերեւս դրա համար քաղաքական հասունություն, ճարպկություն է հարկավոր։

– Իսկ ինչի՞ց է սկսվում ուրախությունը:

– Ըստ իս` ուրախությունը կապ ունի դրամի հետ: Եթե հայաստանցիները երկու անգամ շատ աշխատավարձ ստանան, ավելի ուրախ կլինեն (ծիծաղում է.- Ն.Հ.):

– Շատ սփյուռքահայեր Հայաստանի անկախությունից հետո պատրաստ եղան աջակցել Հայաստանին, իսկ հետո հիասթափվեցին: Մենք կարծես չկարողացանք սփյուռքը ճիշտ օգտագործել:

– Ժողովուրդը չկարողացավ, իսկ որոշ մարդիկ օգտագործեցին։

– Դուք կարծես լավ տեղեկացված եք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։ Իսկ չունե՞ք տպավորություն, որ Հայաստանն ընդամենը խաղալիք է մի քանի հզոր պետությունների ձեռքում, եւ ինքը կարծես ոչինչ չի որոշում։

– Է՜ շատ լավ է, որ հիմա Հայաստանը ոչինչ չի որոշում։ Պետք չէ հիմա լուրջ բախումների մեջ մտնել ու այլ պետություններից վտանգավոր կախման մեջ հայտնվել։ Կարծում եմ, որ մենք ներսից հզորանալու, աճելու, կողք կողքի միասին կանգնելու ու միմյանց հետ խոսելու պետք ունենք։ Հիմա երկրի ներսում հարաբերությունները մի քիչ ժանգոտվել են, պետք է խելացի մարդկանց օգտագործել, որպեսզի նրանք կրկին փայլ բերեն Հայաստանին։ Մաքրենք ժանգը, ամեն բան իր տեղը կընկնի։ Ես ինքս մեծ լավատես եմ եւ քննադատում եմ միայն այն, ինչը սիրում եմ։ Ընդհանրապես, երբ քննադատություն չկա, դա վատ նշան է, քանի որ ստացվում է, որ մարդիկ անտարբեր են։ Իսկ դժգոհությունը տապանացույցի նման ցույց է տալիս, որ որոշ բաները փոփոխելու կարիք կա։

– Հետաքրքիր է, ինչո՞ւ են հայերը շատ լավ կարողանում այլ երկրներում ապրել, աշխատել, ստեղծագործել, բայց միմյանց հետ լեզու չեն գտնում։

– Կարծում եմ, նախանձախնդրությունն է պատճառը։ Ամեն հայ իրեն հզոր ուժ է համարում։ Իսկ մարդկանց կողք կողքի է հավաքում համեստությունը, այլ՝ ոչ թե նախանձը։ Ես ձեզ եմ համարում իմ հարստությունը, դուք ինձ համարե՛ք ձեր հարստությունը։ Այդ դեպքում մենք լրացուցիչներ կլինենք իրար համար եւ շատ հետաքրքրական գումար կստեղծենք։ Իսկ երբ ասում ենք՝ ես քեզնից լավն եմ, շատ պրիմիտիվ ենք դարձնում մեր կյանքը։ Եվ զրկում ենք մեզ ազատությունից։