Հնարավոր չէ ազատվել

01/10/2008

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ով երեկ մասնակցել է Սարալանջի մայրուղու բացման արարողությանը, լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է վերաբերվում այն հայտարարություններին, թե «անհրաժեշտ է ազատվել Քոչարյանի ժառանգությունից»: «Այդ ժառանգությունից հնարավոր չէ ազատվել. դա առաջին հերթին կայացած Հայաստանի Հանրապետությունն է, բարեկարգված Երեւանն է, վերականգնվող Գյումրին է, Հյուսիսային պողոտան, այս ճանապարհը, որտեղ մենք կանգնած ենք այսօր, նաեւ քաղծառայության համակարգը, որն այս տարիներին է կայացել, եւ որը մեծ մասամբ արհեստավարժորեն կատարում է իր պարտականությունները: Այս ամենից ձերբազատվել հեշտ չէ: Եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են այդ ամենից ազատվել, պետք է քանդեն դրանք»,- ասել է Ռ. Քոչարյանը: Իր առաջիկա ծրագրերի վերաբերյալ հարցին ի պատասխան էլ՝ նա ասել է, որ թեեւ այն հիմնական բամբասանքների թեման է, բայց մեծ քաղաքականություն վերադառնալու ցանկություն կամ ձգտում ունենալու դեպքում ինքն անպայման առաջինը կհայտարարի դրա մասին: Նա միայն նշել է, որ դեռ չի ձանձրացել ազատությունից: «Անցած վեց ամսվա ընթացքում երկրորդ անգամ եմ փողկապ կապել այսօր»,- ասել է նա: