ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ասել է, թե Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների` Նյու Յորքում կայացած եռակողմ հանդիպումից առանձնապես սպասելիքներ չկային։ «Առհասարակ մի քանի հանդիպումներ եղան, որեւէ կոնկրետ արդյունք, որ հիմա կարող եմ ասել` չկա, բայց վստահ եղեք, որ դրանք ամբողջի մի մասն են, շղթայի օղակները, եւ արդյունքն անպայման կլինի»,- ասել է նա: Անդրադառնալով ԱՄՆ կատարած իր այցին, Ս. Սարգսյանն ասել է. «Ամենից ջերմը եւ հուզիչը համայնքի, հատկապես` հայկական դպրոցի սաների հետ հանդիպումն էր: Սբ. Վարդան եկեղեցի եկած երեխաներին եւս ես ասացի, որ մենք պետք է հանդուրժողական եւ մրցունակ լինենք, եւ որ մեր ուժը մեր բազմազանության մեջ է: Միշտ Հայաստանից այլ կերպ է երեւում Սփյուռքը, Հայաստանում պատկերացումներն այլ են Սփյուռքի մասին, բայց տեղում, իրոք, հզորությունը զգացվում է: Ես ուղղակի հպարտ էի, որ մենք ունենք հայրենակիցներ, որոնք իրենցից ուժ ու հզորություն են ներկայացնում աշխարհի ամենահզոր երկրում»: