Ընտրությունները՝ «CENTRAL»-ում

01/10/2008

Կիրակի օրը Երեւանի Կենտրոն համայնքում տեղի ունեցած թաղապետի ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ընտրական համակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի: Ընտրություններում կիրառվեցին հայտնի գրեթե բոլոր անօրինականությունները` լցոնումներ, վստահված անձանց ահաբեկում, զինված խմբավորումներով հարձակումներ տեղամասերում, ընտրակաշառքի բաժանում, բաց եւ կրկնակի քվեարկություն, եւ այլն: Դրա արդյունքում, ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն, Կենտրոն համայնքում «վերընտրվել» է գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանը: ԿԸՀ-ից ետ չեն մնացել նաեւ ընտրությունների արդյունքները դիտարկող Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի դիտորդները, որոնք երեկ հանդես են եկել գրեթե ոչինչ չասող բավական «քնքուշ» գնահատականով: Սակայն դիտորդներին եւս կարելի է հասկանալ. դժվար է ընտրությունների մասին օբյեկտիվ գնահատական տալ՝ ընտրությունների ամենաթեժ ժամերին գտնվելով «Cenrtal» ռեստորան-սրճարանում (նկարում): Ի տարբերություն եվրոպացի դիտորդների, կիրակի օրն ընտրություններին լրջորեն հետեւում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները, եւ բացառված չէ, որ առաջիկա օրերին նրանք հանդես գան գնահատականով: Երեկ Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրությունների վերաբերյալ գնահատականով հանդես է եկել Հայ Ազգային կոնգրեսը, որը պաշտպանում էր ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի թեկնածությունը: