2003 թվականի աշնանը Վրաստանի «վարդերի հեղափոխությամբ» սկսվեց
Սովետական Միության երկրորդ փլուզումը, ինչը, որքան էլ պայմանավորված լինի
ամերիկյան պետական ու հասարակական հաստատությունների ձգտումներով եւ դրանք
իրականություն դարձնելու նպատակաուղղված ջանքերով, ունի նաեւ իր օբյեկտիվ
պատճառները, որոնք, թեեւ ուշացումով, բայց սկսել են նկատել Ռուսաստանի
առողջ ուժերը։
Այս վերլուծությունը կամ պարզապես ռուս հրապարակախոսների դատողությունների
համադրումը նպատակ ունի հայ ընթերցողին ներկայացնելու Ռուսաստանում տիրող
ոչ պաշտոնական մտայնությունը, որը գնալով ավելի ու ավելի է հիշեցնում
խորհրդային վերջին տասնամյակների այլախոհների վերաբերմունքը հարազատ
Ռուսիայի նկատմամբ։
Gazeta.ru էլեկտրոնային թերթի սյունյակագիր Սեմյոն Նովոպրուդսկին «Փախուստ
ԽՍՀՄ-ից» վերնագրով իր հոդվածը սկսում է հետեւյալ խոսքերով. «Եթե
Ռուսաստանն իսկապես ուզում է պահպանվել իր ներկա սահմաններում եւ դառնալ
մի տեղ, ուր մարդիկ կարող են ապրել արժանապատիվ կյանքով, պետք է վճռական
ու վերջնական փախուստ կատարի ԽՍՀՄ-ից։ Այսինքն՝ ընդմիշտ հրաժարվի այլ
պետություններին առաջնորդելու, արբանյակների ճամբար պահելու իր գաղափարից
եւ դառնա ինքնաբավ երկիր կամ ինտեգրվի արեւմտյան աշխարհին՝ այդ աշխարհի
կանոններով»։
Ռուսաստանի Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձում նախագահ Պուտինը
մի արտահայտություն էր արել, որը դարձել է բուռն քննարկումների առարկա.
«Խորհրդային Միության փլուզումը դարի ամենախոշոր աշխարհաքաղաքական աղետն
էր։ Ռուս ժողովրդի համար այն իսկական դրամա դարձավ։ Տասնյակ միլիոնավոր
մեր համաքաղաքացիներ հայտնվեցին ռուսական տարածքի սահմաններից դուրս»։
Անդրադառնալով Պուտինի այս հայտարարությանը՝ Նովոպրուդսկին գրում է. «Դարի
գլխավոր աշխարհաքաղաքական աղետը փլուզվող Ռուսական Կայսրության
վերականգնումն էր, հատկապես՝ 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջումը, որը
հանգեցրեց քաղաքացիական պատերազմի եւ ստալինիզմի, ինչպես նաեւ՝
Համաշխարհային Երկրորդ պատերազմին»։ Նրա կարծիքով՝ քաղաքացիական
պատերազմի, ստալինիզմի, Մեծ Հայրենականի զոհերի քանակը համեմատելի չէ
Խորհրդային Միության փլուզման իրողությունների հետ։ Նովոպրուդսկին Պուտինի
ափսոսանքը բացատրում է նրանով, որ Ռուսաստանը մինչեւ հիմա էլ իրեն
համարում է առանձնահատուկ երկիր, որը պատասխանատու է այլ ժողովուրդների
ճակատագրերի համար։ Եվ սա այն դեպքում, երբ ի վիճակի չէ ինքն իր խնդիրները
լուծելու։ «Ռուսաստանն արդեն վաղուց չի համարվում համաշխարհային
ճարտարապետության կրող կառուցվածք, ժամանակակից քաղաքակրթության
մարմնացում։ Սա սովորական դժբախտ մեծ երկիր է, որը կոմունիզմի պատմական
փոսից հազիվ դուրս եկած՝ մեր աչքի առաջ կրկին գլորվում է նույն փոսը»։
Նովոպրուդսկին կարծում է, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական միակ խնդիրը
պետք է լինի այն, որ բնական հսկա պաշարներ ունեցող երկրի բնակչությունը
քաղցած չապրի։ Այս իրավիճակում, ըստ հեղինակի, կա մի ելք. «Փախչել
ՍՍՀՄ-ից։ Փախչել քանի դեռ ուշ չէ։ Գնալ, ուր հայացքդ կկտրի։ Իսկ հայացքը
պետք է ուղղել դեպի ներս»։
«ԽՍՀՄ երկրորդ փլուզումը» հոդվածում Gazeta.ru էլեկտրոնային թերթի մի այլ
սյունյակագիր՝ Անդրեյ Կոլեսնիկովը, վերլուծում է ԱՊՀ տարածքում տեղի
ունեցած հեղափոխությունները. «Աղքատությունը, ձեւական
ժողովրդավարությունը, իշխանության ղեկի մոտ գտնվող խորհրդային
առաջնորդները «գունավոր հեղափոխությունների» սպառնալիքի տակ գտնվող
երկրների հիմնական բնորոշիչներն են»։ Կոլեսնիկովը գտնում է, որ այս
հեղափոխությունները պայմանավորված են նրանով, որ ԱՊՀ երկրներում արդեն
աճել է հետխորհրդային առաջին սերունդը, եւ ակնհայտ է, որ Պոլիտբյուրոյի
նախկին անդամներն ու կարմիր նոմենկլատուրայի ներկայացուցիչները սպառել են
իրենց ժամանակավոր ռեսուրսը։ Իսկ սա, ըստ հոդվածագրի, նշանակում է, որ
ձեւավորվում է սկզբունքորեն նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, ինչին
Ռուսաստանը բացարձակապես պատրաստ չէ։
Կոլեսնիկովը հեղափոխությունների եւ «կենտրոնից» հեռացման պատճառ է
համարում նաեւ այն, որ Ռուսաստանն ԱՊՀ իր գործընկերների մեջ չէր տեսնում
իրավահավասար պետություններ։ «Դրանք Ռուսաստանին արբանյակներ էին թվում,
իսկ դրանց ղեկավարները՝ երկար ժամանակով նշանակված, լավ ծանոթ,
կանխատեսելի առաջին քարտուղարներ»։
Համեմատելով ԽՍՀՄ առաջին եւ երկրորդ փլուզումները՝ հեղինակը եզրակացնում
է, որ առաջին փլուզմամբ Ռուսաստանը դարձավ աշխարհի համար առավել բաց
երկիր, երկրորդի դեպքում՝ փակվում է, բայց այդ գործընթացը չի կարող
հասցնել ավարտի, քանի որ վերջին տասնհինգ տարում իր անծայրածիր տարածքում
ստեղծվել է շուկայական տնտեսություն, իսկ շուկայական տնտեսությունն
աշխարհից մեկուսանալով կարող է ոչնչանալ։ «Երբ մահանում է շուկայական
տնտեսությունը, տնտեսությունն առհասարակ վերանում է։ Դա չափազանց մեծ գին
է աշխարհաքաղաքական վիրտուալ գերակայությունը պահպանելու եւ սահմանակից
երկրներում կատարվող գործընթացները վերահսկելու համար»,- գրում է
Կոլեսնիկովը։
Եթե նախորդ հոդվածագիրն առաջարկում էր փախչել ԽՍՀՄ-ից, Անդրեյ Կոլեսնիկովը
գտնում է, որ պետք է դադարել Խորհրդային Միությունում ապրելուց եւ
ժամանակն է շտապ անկախություն ձեռք բերելու։
«Ինչո՞ւ չեն սիրում ռուսներին» հոդվածում Gazeta.ru էլեկտրոնային թերթի
սյունյակագիր Գեորգի Բովտը գրում է. «Որքան ավելի ուժեղ ենք գզվռտվում մեր
մանր հարեւանների հետ, այնքան ավելի ցավալի ու չնչին է թվում այդ
գզվռտոցը։ Եվ որքան կատաղի ենք կրծոտվում, այնքան ավելի համարձակ են
դառնում ամեն կողմից մեզ վրա հաչացողները»։
Վերլուծելով նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ռուսների նկատմամբ առկա
բացասական վերաբերմունքը, հեղինակը գտնում է, որ «Ինչո՞ւ չեն սիրում
ռուսներին» հարցը հռետորական է, եւ այն ունի մեկ ընդհանուր պատասխան.
«Որովհետեւ մենք ինքներս մեզ չենք սիրում։ Եվ չենք հարգում ինքներս մեզ։
Պարզապես նայեք ձեր շուրջն ու տեսեք, թե ո՞նց ենք մենք ապրում, ի՞նչ են
անում մեզանից յուրաքանչյուրի եւ ամբողջ ազգի հետ մեր սեփական
չինովնիկները»։
Հեղինակը ցավով արձանագրում է ռուսական պետության անհեռանկար ու անորոշ
ապագան. «Մենք չենք կարող պատասխանել շատ հասարակ հարցերի՝ ո՞ւր ենք
գնում, ի՞նչ ենք կառուցում, ո՞ւմ հետ ենք (Եվրոպայի՞, Ասիայի՞, թե՞ ոչ
մեկի), ի՞նչն է թանկ մեզ համար այս աշխարհում, ի՞նչն ենք մենք գնահատում
եւ ի՞նչն ենք ատում։ Մենք չենք կարողանում գլուխ հանել մեր պատմությունից
ու մեր տոներից, չենք գտնում աշխարհում մեր տեղը»։
Գեորգի Բովտի կարծիքով՝ վրացիները, լատվիացիներն ու էստոնացիները,
ստրասբուրգյան համաեվրոպացիները եւ ռուսներին չսիրող բազմաթիվ այլք, ըստ
էության, Ռուսաստանի հայելին են։ Եվ որքան ավելի ուժեղ են ռուսները
գզվռտվում նրանց հետ, այնքան ավելի ու ավելի է աշխարհին պարզ դառնում, որ
լայնատարած այդ երկիրն ի վիճակի չէ ինքն իրենով զբաղվելու, իր գործերը
կարգի բերելու, ստեղծելու այն նորը, ինչով կարող է հպարտանալ այսօր՝
հայացքը չհառելով առնվազն վաթսուն տարի հետ։
Աշխարհաքաղաքական իրավիճակի բարդությունից բացի, Ռուսաստանն ապրում է նաեւ
ներքին լուրջ տագնապներ։ Միխայիլ Խոդորկովսկու դատավարությունը, որ
ժողովրդավարության նահանջ ու ավտորիտարիզմի հաղթանակ են համարում
արեւմտյան գրեթե բոլոր պարբերականներն, այս օրերին ավարտվեց։ «ՅուԿՕՍ»
ընկերության նախագահը դատապարտվեց ինը տարվա ազատազրկման։ Դատական
գործընթացի այս ելքը, որն, ըստ արեւմտյան վերլուծաբանների, պարզ էր հենց
սկզբից, բացատրվում է Միխայիլ Խոդորկովսկու անհնազանդությամբ, իսկ նրա
գործած զանցանքներն արդարացվում են միայն ռուսական օրինականության ցածր
մակարդակով։ Շվեյցարական FACTS պարբերականին տված հարցազրույցում ռուս
գրող Վիկտոր Երոֆեեւը Խոդորկովսկուն համարում է «մեր երկրի զոհ» եւ ասում.
«Հավանաբար նրա արածներից ոչ ամեն ինչ էր օրինական։ Բայց ես չգիտեմ
Ռուսաստանում մեկին, ով մշտապես պահպանում է օրենքները»։
Երոֆեեւի կարծիքով՝ այս դատավարությունը Վլադիմիր Պուտինի անձնական վրեժն
էր Խոդորկովսկու նկատմամբ։ «Պուտինի համար անտանելի էր այն միտքը, թե
իշխանության կարող է գալ Խոդորկովսկին։ Իսկ նա սխալ գործեց՝ բացեիբաց
հայտարարելով, թե ուզում է դառնալ Ռուսաստանի հաջորդ նախագահը։ Դրանով նա
կասկածի տակ առավ Պուտինի ապագան։ Նա դարձավ ապագայից եկած հակառակորդ՝
էլեգանտ, հարուստ եւ հզոր մրցակից»։
Այսուհանդերձ, Երոֆեեւը կատարյալ անմտություն է համարում 30 միլիարդ ԱՄՆ
դոլար արժեցող, հաջողությամբ աշխատող, թափանցիկ ֆիրման կործանելը։
«Այդպիսի բան կարող է լինել միայն մղձավանջային երազներում կամ
Ռուսաստանում»,- ասում է նա։
Երոֆեեւին չափազանց մռայլ է երեւում Ռուսաստանի ապագան։ Նա գտնում է, որ
եթե ոչինչ չփոխվի, ներկա սահմաններով Ռուսաստան շատ շուտով գոյություն չի
ունենա։ «Ժամանակը չի սպասում։ Երկիրը ծանր դրության մեջ է։ Մենք չորս
միլիոն հարբեցող ունենք։ Ռուսաստանն աստիճանաբար փլուզվում է, բնականաբար՝
ինքն իրեն։ Ցավալի է թույլ տալ փլուզումը մի երկրի, որտեղ այդքան փայլուն
տաղանդներ կան»։
FACTS-ի թղթակցի դիտարկմանը, թե ռուսները գնալով ավելի ու ավելի են
համախմբվում ստալինյան տիպի ղեկավարի շուրջ, Երոֆեեւը պատասխանում է.
«Ռուսը որպես անհատ լավ մարդ է, բայց հենց որ անցնում է պետական
ծառայության, դառնում է ահավոր։ Ռուսաստանում հաջողության հասնում է նա,
ով գործում է վճռականորեն»։
Թղթակցի եզրակացության առթիվ, թե ա՞յս պատճառով է վերածնունդ ապրում
ստալինիզմը, ռուս գրողը նկատում է, որ ստալինիզմը սկսել է գործել այն
պահից, երբ Պուտինն է դարձել ստալինիստ։ Այսուհանդերձ, ինչպես շատ-շատերը
Ռուսաստանում, Վիկտոր Երոֆեեւն էլ չի կորցնում հույսը. «Սա ճոճանակի նման
է։ Մի կողմում նստած է Պուտինը, մյուս կողմում՝ երիտասարդ սերունդը։ Եթե
հաղթեն երիտասարդները, մեր երկիրը փայլուն ապագա կունենա»։
Պատրաստեց ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ