«Մեդիամաքս»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
– Սեպտեմբերի 29-ին Հայաստանում մեկնարկեցին ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/Lancer 08 զորավարժությունները, որոնք խոշորագույնն են Հարավային Կովկասում երբեւէ անցկացվածներից: ՆԱՏՕ-ի առաջին զորավարժությունները Հայաստանում անցկացվեցին 2003 թվականին. ի՞նչ գնահատական կտաք այս 5 տարիների համագործակցությանը:
– Կարծում եմ, ինչպես ՆԱՏՕ-ն, այնպես էլ Հայաստանը կարող են գոհ լինել վերջին հինգ տարիներին մեր համագործակցության զարգացման առումով: Մեր համագործակցությունն էականորեն ընդլայնվել է բոլոր ոլորտներում, եւ Հայաստանը արժեքավոր ներդրում է կատարում Կոսովոյում անցկացվող ՆԱՏՕ-ի գործողությունում: Վերջերս Հայաստանը կրկնապատկեց իր խաղաղապահների թիվը Կոսովոյում: ՀՀ-ը նաեւ ավելացրել է իր մասնակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումներում` ամենատարբեր ուղղություններով: Cooperative Longbow/Lancer 08 զորավարժությունները դրա կոնկրետ օրինակն են: 2005թ. ընդունելով ՆԱՏՕ-ի հետ ՀՀ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ)` մենք բարձրացրեցինք մեր քաղաքական երկխոսության եւ գործնական համագործակցության մակարդակը եւ մշակեցինք բարեփոխումների ծրագիր, որոնց նպատակն է՝ աջակցել ՀՀ-ին` Եվրաատլանտյան չափանիշներին համապատասխանելու հարցում: Այսպիսով, ես գոհ եմ մեր համագործակցության զարգացումից եւ լավատեսությամբ եմ նայում առաջիկա հինգ տարիներին:
– Ի՞նչն է ձեզ գոհացնում ՆԱՏՕ-ի հետ ՀՀ-ի ԱԳԳԾ իրագործման մեջ, եւ ի՞նչն է լրացուցիչ ջանքեր պահանջում Հայաստանից:
– ԱԳԳԾ-ի իրագործման վերջին 2,5 տարիների ընթացքում Հայաստանը լուրջ ջանքեր է գործադրել մի շարք ուղղություններով, հատկապես` պաշտպանական բարեփոխումների ոլորտում: Դրա արդյունքը հանդիսացան կոնկրետ ձեռքբերումներ, օրինակ, ՀՀ Զինված ուժերի փոխհամատեղելիության բարելավումը ՆԱՏՕ-ի անդամների հետ: Հայաստանի դերի ավելացումը Կոսովոյում այդ հաջողությունների ապացույցն է: Սակայն մենք պետք է հաշվի առնենք, որ նշված բարեփոխումներից շատերը երկարաժամկետ բնույթ են կրում: Մենք դարձել ենք խոստումնալից մեկնարկի, եւ ոչ թե բոլոր առաջադրված նպատակների իրագործման ականատեսը: Իհարկե, կան մի շարք նշանակալի մարտահրավերներ քաղաքական ոլորտում, որոնց կարգավորմամբ Հայաստանը պետք է զբաղվի անհապաղ: 2008թ. մարտին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այդ մարտահրավերների վկայությունը դարձան: Մենք մտադիր ենք օգնել ՀՀ-ին բարեփոխումների գործընթացում եւ ցանկանում ենք համատեղ աշխատել ՀՀ-ի մյուս եվրոպական եւ եվրաատլանտյան գործընկերների` ԵՄ-ի, ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ:
– 2004թ. նոյեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեր գործակալությանը տված հարցազրույցում ասել էր. «Հայաստանը վկայությունն է այն բանի, որ երկիրը կարող է սերտ հարաբերություններ պահպանել ՌԴ-ի հետ եւ միաժամանակ հանդիսանալ ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր»: Դուք մտավախություն չունե՞ք, որ նոր պայմաններում, երբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները սրված են, իսկ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը փաստորեն սառեցված է, Հայաստանը ստիպված կլինի ավելի զգուշավոր լինել ՆԱՏՕ-ի հետ իր կապերի զարգացման հարցում` ՌԴ հետ հարաբերություններին չվնասելու համար:
– Այն, ինչ գլխավոր քարտուղարն ասել է 2004թ., շարունակում է արդիական մնալ: Մեր դիրքորոշումը միշտ անփոփոխ է եղել. երկրներն ազատ են իրենց գործընկերների ընտրության եւ համապատասխան հարաբերությունների զարգացման մեջ: Վրաստանի իրադարձություններից հետո ՆԱՏՕ-ի անդամները եկան այն եզրակացության, որ մենք չենք կարող համագործակցել Ռուսաստանի հետ այնպես, ինչպես դա անում էինք նախկինում: Սակայն դա չի նշանակում, որ Դաշինքը մտադիր է վերանայել իր հարաբերությունները ՀՀ-ի հետ: Ես նաեւ համոզված եմ, որ ՀՀ-ը պետք է ազատ լինի իր որոշումներում, թե ինչպե՞ս զարգացնել իր հարաբերությունները դաշինքի հետ` առանց երրորդ կողմերի միջամտության:
– Հայաստանն իր ստորագրությունն է դրել ՀԱՊԿ վերջին գագաթաժողովում ընդունված փաստաթղթի տակ, որում բավականին կոշտ ձեւակերպումներ կան ՆԱՏՕ-ի հասցեին: Ձեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ մի կողմից՝ Հայաստանը խորացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, իսկ մյուս կողմից` անդամակցում է մի ռազմաքաղաքական կազմակերպության, որը չի թաքցնում իր ջղագրգռությունը դաշինքի քաղաքականությամբ:
– Ազդեցությունների ոլորտի դարաշրջանն ավարտվել է, եւ բոլոր երկրները, ներառյալ՝ ՀԱՊԿ երկրները, պետք է խուսափեն անցյալ ժամանակներին հատուկ հռետորությունից: Բացի այդ, չեմ կարծում, որ ՀԱՊԿ հայտարարությունները մեծ կապ ունեն ՀՀ-ի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության հետ: Դաշինքը ՀՀ-ի հետ համագործակցում է ուղղակիորեն, եւ ոչ թե ՀԱՊԿ-ի միջոցով, եւ ես չեմ տեսնում ջղագրգռության որեւէ դրսեւորում ՆԱՏՕ-ի հետ ՀՀ-ի հարաբերություններում:
– Սեպտեմբերի սկզբին Երեւան այցելեց Թուրքիայի նախագահը, եւ կողմերը պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը: Կարո՞ղ է ՀՀ-ի եւ Թուրքիայի համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում նպաստել այդ երկխոսության արդյունավետ զարգացմանը: Որքանո՞վ բարյացակամ է Թուրքիան ՀՀ-ի հետ դաշինքի հարաբերությունների խորացման հարցում:
– ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված չէ Թուրքիայի եւ ՀՀ-ի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերում: Սակայն ակնհայտ է, որ նախագահ Գյուլի վերջերս Երեւան կատարած այցը շատ դրական զարգացում հանդիսացավ ողջ տարածաշրջանի համար: Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշմանը` ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության զարգացման վերաբերյալ, պետք է հիշեցնեմ, որ դաշինքը քայլեր է ձեռնարկում միայն բոլոր անդամների կոնսենսուսի առկայության դեպքում: ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների դրական զարգացումը հիմնված է դաշինքի բոլոր անդամների միասնական դիրքորոշման վրա:
Հատուկ «168 Ժամի» համար