Երեկ առաջին անգամ ԱԺ էր եկել պատգամավոր, «Վեդի ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակի հարթակից նա հայտարարություն էր կարդացել, որ ԱԺ 7 պատգամավորներ` ՀՀԿ խմբակցության անդամներ Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Արմեն Մխիթարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Կարո Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը, անկախ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը եւ ինքը միանում են Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած շարժմանը: Դրանից հետո պատգամավորն այլեւս ԱԺ չի եկել եւ խուսափել է շփվել լրագրողների հետ: Այն ժամանակ նույնիսկ խոսակցություններ կային, թե հայտարարության համար իշխանությունները Մ. Ղազարյանին սպառնացել են եւ նույնիսկ ծեծի են ենթարկել: «Չէ, չէ: Ոչ մի բան չի պատահել, ամեն ինչ նորմալ էր»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց Մ. Ղազարյանը: Նրա հայտարարությունից հետո Կ. Կարապետյանը եւ Հ. Գրիգորյանը` գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, հայտարարել էին, թե իրենք չեն ստորագրել Մ. Ղազարյանի կարդացած հայտարարության տակ, եւ վերջինս իրենց անունից հայտարարություն անելու իրավունք չուներ: «Նման բան չի եղել, ես նման բան չեմ կարդացել, հետեւել եմ բոլոր թերթերին: Ոչ էլ լսել եմ, որ նման բան են ասել»,- ասաց պատգամավորը: Բոլոր դեպքերում ինչո՞ւ նա ետ կանգնեց իր հայտարարությունից ու չմիացավ շարժմանը: «Մենք չենք էլ ասել, որ որեւէ մեկին միանալու ենք, մենք հայտարարել ենք ժողովրդի հետ լինելու մասին, այդպես էլ մնացել ենք ժողովրդի հետ,- պատասխանեց Մ. Ղազարյանն ու ավելացրեց` «Մի տարի անցել է, անցեք էլի այդ բաներից»: