ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությանը, թե Քաղաքաշինության նախարարությունը 2007թ. թույլ է տվել 240 մլն դրամի չարաշահումներ: «Գնացեք Զաքարյան Իշխանի մոտ, վերցրեք ակտերն ու գնացեք ստուգեք: Վարդան Վարդանյանը (Քաղաքաշինության նախարար` ԲՀԿ անդամ».- Ա.Ա.) այդ ակտերի տակ չի ստորագրել»,- ասել է Գ. Ծառուկյանը: ՎՊ մամուլի քարտուղար Անուշ Դաշտենցը մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարը ստորագրել է ՎՊ միջանկյալ ակտերի տակ: Գ. Ծառուկյանը երեկ նաեւ հայտարարեց, թե Քաղաքաշինության նախարարությունում «Իշխան Զաքարյանի բաջանաղը 1 տարի գործի չի գնացել, Վարդան Վարդանյանը նրան ասել է, որ պիտի գործից դուրս գա, ոչ թե վարչության պետ լինի»: «Բայց հիմա նա արդեն Վերահսկիչ պալատում է վարչության պետ ու ստուգումներ է կատարում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գ. Ծառուկյանը: Նա նաեւ հայտարարել է, որ «որեւէ մեկը չփորձի ԲՀԿ կուսակցության որեւէ անդամին անտեղի կպնել», եւ ԲՀԿ նախկին անդամ, ՎՊ նախագահ Ի. Զաքարյանի մասին ավելացրել է. «Եթե մարդը թույլ է լինում, ամեն ինչ վերածում է անձնականի: Ասացվածք կա` պաշտոնը տուր, նոր մարդու դեմքը կճանաչես»: Նախագահի Վերահսկողության ծառայությունը դեռ ստուգումներ է անցկացնում Քաղաքաշինության նախարարությունում: Ըստ Գ. Ծառուկյանի` այդ ստուգումներից հետո Վ.Վարդանյանը կներկայացնի իր պատասխանը: