6-ամյա Հասմիկը ջերմություն ունի, հիվանդ է, ու արդեն երկու օր է, ինչ միայն փսխում է: Երեխան գունատվել է ու թուլությունից նույնիսկ չի կարողանում խոսել: Մոր` Ռուզաննայի պատմած պատմությունները Հասմիկի թախծոտ, ջերմությունից կիսախուփ աչքերի մեջ կադրերի նման վերծանվում են, ու ինձ համար դառնում ցավալի սցենարով նկարահանված մի ֆիլմ:
Նրա աչքերում, մանկական հայացքում շատ բան կարելի է կարդալ: Հասմիկն այս տարի դպրոց չգնաց, որովհետեւ ոչ կոշիկ, ոչ մարդամեջ դուրս գալու համար հարմար հագուստ, ոչ էլ գրենական պիտույքներ ուներ: Դրա համար էլ դեռ մանկապարտեզ է հաճախում: Մանկապարտեզ գնալու ճանապարհին օրեր առաջ ճղված, մաշված, ամառային կոշիկների պատճառով ոտքերը սառչել, քարացել են: Մայրն ասում է` «Կոշիկ չունի, տեսե՛ք, ամբողջը պատռված ա: Գնացի, տեսա՝ ոտքերը լրիվ ցեխ ու ջուր, ջերմությունը բարձրացել, երեխան թուլացել էր: Ստիպված` չեմ տանում մանկապարտեզ: Հարեւանուհիս խղճաց, գնաց մի լիմոն առավ, լիմոնով թեյը խմեց, մի քիչ լավացավ»: 6-ամյա երեխայի կյանքում մանկապարտեզ գնալու ճանապարհին սառչելն ու ջերմությունով հիվանդ պառկելն ամենադաժան բանը չէ, որ կատարվել է, որովհետեւ Հասմիկը սարսափելի օրեր է հաղթահարել, կոփվել է դժվարությունների մեջ: Օրինակ` մոր ու եղբոր հետ օրեր շարունակ փողոցում, թթի ծառի տակ է քնել ու ցրտահարվել: Մորը խնդրել է, որ բերանի շնչառությամբ մատները տաքացնի, որովհետեւ դրսում աշուն` քամի, անձրեւ ու ցուրտ է եղել: Հասմիկն իր մանկությունն անցկացրել է հանգուցյալների, գերեզմանաքարերի միջավայրում, քանի որ չդիմանալով քաղցին` մոր հետ գերեզմանատանը շրջելով` հոգեհացի մնացորդներ է հավաքելգ Այս երեխան լավ գիտի` ինչ բան է տառապանքը, բայց այս կյանքում կա մի բան, որ Հասմիկը չգիտի: Հասմիկը չգիտի, թե ինչ բան է պապան, դրա համար էլ մանկապարտեզից տուն վերադառնալիս մորը խնդրում է բացատրել, թե ի՞նչ է պապան: «Ես Հասմիկով հղի էի, որ ամուսինս գնաց Կրասնոդար աշխատելու: Տուն չունեինք, ու էստեղ աշխատելու, տուն գնելու հնարավորություն էլ չկար: Գնաց ու կորավ: Հետո ընկերներից իմացա, որ ամուսնացել է մի 18 տարեկան աղջկա հետ, երեխա են ունեցել, իսկ մեզ մոռացավ, ընդհանրապես տեղեկություն չունենք: Մանկապարտեզում, երեւի, երեխաներն իրենց պապաներից են պատմում, ու երեխաս ուզում է իմանալ` ի՞նչ բան է պապան: Հարցնում է` մամա, էդ ի՞նչ ա պապան»,- պատմում է Ռուզաննան` վիրավորանքից կոկորդը սեղմելով ու արցունքներն ամեն կերպ զսպելով: Ռուզաննան որդու` 12-ամյա Էրիկի եւ Հասմիկի հետ այժմ ապրում է Էրեբունի 33 շենք, բնակարան 2-ում, իսկ նախկինում` 10 տարի բնակվել են Վարդաշենում գտնվող մի ավերակ խրճիթում, որը տարածքի բնակիչները «կռիսանոց» են անվանում: Ռուզաննան պատմում է. «4 փլված պատ էր, որտեղ մուկ, կռիս, բլոճ, բայց գոնե ծածկ ունեինք: Երբ անձրեւ էր գալիս` զոնտիկ էի պահում, չէի քնում, որ երեխեքը քնած տեղը չթրջվեն: Մեզ էնտեղից վտարեցին, որովհետեւ տանտերը պիտի շինարարություն աներ, նոր տուն կառուցեր: Դուրս եկանք ու օրեր շարունակ փողոցներում ապրեցինք, գնալու տեղ չունեինք»: Փողոցում հայտնված ընտանիքի մասին պատահաբար իմացել է Վարդաշեն 6-րդ փողոցում գտնվող մանկապարտեզի վարիչ Գայանե Հովհաննիսյանը. այնտեղ մինչ փողոցում հայտնվելը հաճախել է Հասմիկը: Տիկին Գայանեն շատ է ազդվել Ռուզաննայի անօթեւան ու միայնակ վիճակից եւ որոշել է նրան օգնել: «Ինձ ասաց՝ անհարմար մի զգա, ես քեզ կօգնեմ: Բարեկամի տուն կա,- ասաց,- էնտեղ կապրես որոշ ժամանակ, մինչեւ իրենք կգան: Ինձ մինչեւ նոյեմբերի 4-ը ժամանակ են տվել, որովհետեւ տանտերը պիտի Մոսկվայից գա: 4 ամիս է, ինչ էստեղ ենք, իսկ նոյեմբերին նորից կհայտնվենք փողոցում»,- ասում է Ռուզաննան, ու ապագան աչքի առաջ է գալիս, սկսում է վախենալ, լաց լինել: Նյարդային վիճակից սկսում է դողալ ու ամաչելով, կարկամելով՝ երեխաների ներկայությամբ սոսկալի գաղտնիքներ է բացահայտում: Ասում է` «Էնքան ահավոր վիճակում եմ, չեք պատկերացնում: Պահ է լինում, որ որոշում եմ գնալ, կամուրջից նետվել, մեռնել: Երեխաներս ինձ շատ են խեղճացնում, թե չէ` հաստատ ինքնասպան կլինեի: Հիմա մտածում եմ` երկու ամսից մեզ կհանեն, ու ես նորից կհայտնվեմ էդ վիճակում»: Ռուզաննան երեխաներին պահում է 20.000 դրամ ընտանեկան նպաստով, եթե պատահի` ուրիշի տներն է մաքրում, բուրդ, գորգ է լվանում, ավտոտնակ մաքրում: Չի կարողանում աշխատանքի ընդունվել միայն նրա համար, որ ժամը 16:00-ին Հասմիկին մանկապարտեզից տուն է բերում եւ երեխային խնամող չունի: «Էդ 20.000-ով մանկապարտեզի վարձ եմ տալիս, գիրք եմ առնում ու էլ հացի, հագուստի փող չի մնում: Երեխաների հացը պարտքով եմ վերցնում, մինչեւ նպաստը կստանամ, ու էնքան պարտք է կուտակվում, որ ձեռքս կոպեկ չի մնում»,- ասում է նա` վստահեցնելով, որ ներկայումս 35.000 դրամ խանութների ցուցակներում պարտքեր ունի, որովհետեւ թե՛ հացը, թե՛ Էրիկի դպրոցական վերնաշապիկը խնդրել է պարտքով տալ: «Ախր իմ ապրելն իմաստ չունի, հասկանո՞ւմ եք, ուզում եմ կյանքիս վերջ տալ, ինձ մեղավոր եմ զգում, որ երեխաներիս ունեցել եմ ու էսպես սովի մեջ եմ պահում: Գնում, գերեզմանների քարերի վրայից հացի կտորներ ենք վերցնում-ուտում: Առաջ թաքուն էի անում, որ երեխեքս չիմանան, բայց, քանի որ Հասմիկին շաբաթ-կիրակի մանկապարտեզ չեմ տանում` ստիպված իրեն էլ սկսեցի տանել: Երեխաս գերեզմանաքարի վրա հաց ա տեսնում, ասում ա` մամա, հեն ա, հաց եմ տեսել, վերցրու, կեսն ինձ, կեսն էլ Էրիկին: Ամոթից մեռնում եմ, ես ինձ ցույց եմ տալիս, թե էդ մարդը չեմ, բայց իրականում ես էդ մարդն եմ, գերեզմանոցներից հաց հավաքող մարդ եմ»,- ասում է երիտասարդ կինն ու լաց է լինում, կարծես ներքուստ կնքում է իր մահկանացուն: Հետո, երբ մի քիչ հանգստանում է, հագուստը բարձրացնելով ցույց է տալիս գնդակի պես ուռած որովայնը ու ցածրաձայն շշնջում է` «Ես ուռուցք ունեմ, կանացի ուռուցք»: Չի հետեւում առողջությանը, չի գնում բժշկի, որովհետեւ ուղեղը, միտքը ծանրաբեռնված է երեխաներին կերակրելու հոգսով: Ասում է` «Գիշերներն էլ եմ մտածում, թե վաղը երեխաներին ինչով եմ կերակրելու, մեկ-մեկ զգում եմ, որ ուղեղս էլ չի աշխատում, արդեն խելագարվում եմ»: Էրիկը շտապում է մեծանալ ու մորն օգնել, որովհետեւ շատ է տառապում մոր անօգնական վիճակի համար: Պատահում է, որ 6-րդ դասարանցի այս տղան դասերից հետո խանութներում շիշ է դատարկում, բանվորություն անում, որ օրվա հացի գումար վաստակի: «Կուրտկան մի հարեւանն է տվել, կոշիկները` մյուսը, իսկ ձմռանը… Ասում է` մամա, դասարանցիներս հաց ու նրբերշիկ են բերում-ուտում, իսկ ես սոված եմ մնում, չեմ կարում կենտրոնանամ դասերիս վրա, աչքերս շաղվում են: Ախր ասում եմ` ինչի՞ էս խեղճ երեխեքին բերեցի, մեղքի տակ ընկա…»: Հարցնում եմ` «Լինո՞ւմ է, որ երեխաները քաղցած են գիշերում»: Պատասխանում է` «Ավելի ճիշտ կլինի հարցնեք, թե լինո՞ւմ է, որ երեխաները կուշտ են գիշերում»:
Ռուզաննան շատ բան չի ուզում էս կյանքից: Ընդամենը խնդրում է, որ մեր իշխանություններն այս հոդվածը կարդալիս իր ծայրահեղ վիճակը պատկերացնեն ու հանրակացարանում մի սենյակ հատկացնեն: Առջեւում ձմեռ է, իսկ թթի ծառի տակ գիշերելն ու Հասմիկի մատները շնչառությամբ տաքացնելը սարսափեցնում է Ռուզաննային: Առջեւում ձմեռ է… ու գերեզմանաքարերին դրված հոգեհացի մնացորդները սառչելու են, ու Հասմիկը մի կտոր իր համար, մի կտոր էլ Էրիկի համար հաց գտնել չի կարողանալու: